Գլխավոր դատախազը նոր տեղակալ ունի

Գլխավոր դատախազը նոր տեղակալ ունի

ՀՀ դատախազության կոլեգիայի հետ խորհրդակցելով՝ Արթուր Դավթյանը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում նշանակել է Արմեն Աֆանդյանին

Առաջնորդվելով «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր հրավիրված ՀՀ դատախազության կոլեգիայի նիստին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում նշանակելու համար առաջարկել է ՀՀ գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Արմեն Ալբերտի Աֆանդյանի թեկնածությունը, որն ընդունվել է կոլեգիայի անդամների կողմից:  
ՀՀ գլխավոր դատախազի 13.07.2020թ. հրամանով Արմեն Աֆանդյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ:
Կոլեգիայի նիստում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից իր անձնական դիմումի հիման վրա ազատված Արմեն Հարությունյանին՝ համակարգում ունեցած ներդրման, կատարած բարեխիղճ, արդյունավետ մեծ ծավալի աշխատանքի համար: Գլխավոր դատախազը հույս է հայտնել, որ նա այլ կարգավիճակով կշարունակի իր հարուստ փորձը, գիտելիքներն ու կազմակերպչական ունակությունները ծառայեցնել դատախազական համակարգին և իր նպաստը բերել երկրում օրինականության և իրավակարգի ամրապնդման հայրենանվեր գործին: 
 
Արմեն Ալբերտի Աֆանդյանը ծնվել է 1976թ. մայիսի 5-ին, Երևան քաղաքում:
1997թ. ավարտել է ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետը:
1997 - 1998թ. պարտադիր զինվորական ծառայություն է անցել ՀՀ զինված ուժերում:
2000-2007թթ. աշխատել է ՀՀ ոստիկանության համակարգում, սկզբում` Էրեբունու քննչական բաժնում որպես քննիչ, այնուհետև Կենտրոնի քննչական բաժնում որպես ավագ քննիչ:
2007թ.-ից ՀՀ դատախազության համակարգում է՝ նախ որպես Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության քննիչ, ապա  նույն դատախազության դատախազ, այնուհետև դատախազության ավագ դատախազ:
2008-2012թ. զբաղեցրել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի տեղակալի պաշտոնը: 
2012թ. նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ, իսկ 2013թ. նշանակվել է նախ ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության ավագ դատախազ, ապա՝ Սյունիքի մարզի դատախազ:
2016-2019թթ եղել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազը:
2019թ․սեպտեմբերի 26-ին նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի  պաշտոնում:
1999-2001թթ. դասավանդել է Արտաքին տնտեսական կապերի համալսարանում:
Ըմբշամարտի ԽՍՀՄ համամիութենական մրցաշարի և Հայաստանի Հանրապետության առաջնության հաղթող է:
Ամուսնացած է, ունի երկու որդի, մեկ դուստր:

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժին