«Հրապարակ».Նոր համակարգիչներ՝ նոր խորհրդարանում

«Հրապարակ».Նոր համակարգիչներ՝ նոր խորհրդարանում

Երբ 53 հարցուպատասխանից հետո ԱԺ-ում հայտարարվեց հերթագրում ելույթների համար եւ ցուցատախտակի վրա գրվեց 42 անուն, դահլիճում «ախ» լսվեց: Մինչ այդ իրենց առջեւ դրված նոր համակարգիչներից գրեթե չօգտվող պատգամավորները ձեռքները կամաց տարան դեպի «կոմպի կնոպկան», որ մի բանով զբաղվեն։

Այս քառօրյայից նաեւ Wi-Fi է միացված` ուղիղ դահլիճում․ ՀՀԿ-ի ժամանակ չկար: Ի դեպ, նոր Հայաստանի նոր պատգամավորների առջեւ այս քառօրյայում նոր «այփադներ»` սենսորային համակարգիչներ են դրված` ավելի պստիկ ու սիրունիկ, քան ՀՀԿ-ի ժամանակ էր, բայց, ասում են, տեխնիկապես ոչ այնքան հարմար: Համակարգիչները, ինչպեսեւ կառավարությունում, «Արմթաբ» են` տեղական արտադրության:

Դեռ հուլիսին Նիկոլ Փաշինյանը որոշում էր կայացրել, որ այսուհետ ե՛ւ կառավարությունում, ե՛ւ ԱԺ-ում պետք է օգտվեն հայրենական արտադրությունից: Խորհրդարանի աշխատակազմը, քափ-քրտինք մտած, հասցրել էր այդ այփադները մինչ կառավարության ծրագրի ներկայացումը տեղադրել-գործարկել: Իսկ ի՞նչ եք արել հին համակարգիչները` հարցրինք։ «Դրանք տրվում են աշխատակազմին` ի անհրաժեշտություն»:

Ի դեպ, այդ «հին» համակարգիչները պառլամենտը նվեր էր ստացել Կորեայից, իսկ նորերը գնվել են նախկին աշխատակազմի կողմից։ «Դե, մի քիչ զեղչով` դրանք կարծես արժեն 170 հազար դրամ, գնվել են 130 հազարով` ի աջակցություն տեղական արտադրության»: Ի դեպ, «այդ այփադները ներքին շուկայում չեն վաճառվում եւ փչանալու դեպքում չեն նորոգվում, ուստի սկզբում գնվել են 130 հատ` «զապասով»։ Երբ պարզվել է, որ նոր խորհրդարանում լինելու է 132 պատգամավոր, թիվը հասցրինք 150-ի»,- ասաց աշխատակազմի մեր աղբյուրը: