Օրենքը բումերանգ է

Օրենքը բումերանգ է

Դու պետք է ողջ կյանքում օրենքին ծառայես, որ ինչ-որ պահի օրենքը քեզ ծառայի։ Եթե դու օրենքը խախտել ես ու շրջանցել, հույս չփայփայես, որ այն անհրաժեշտ պահին պաշտպանելու է քեզ, ապահովելու է քո իրավունքներն ու ազատությունները։ Ռոբերտ Քոչարյանը 1 տարուց ավելի է՝ կալանավորված է, թերեւս միայն հիմարները կպնդեն, որ նրա կալանքի մեջ քաղաքական գործոն չկա, եւ բացառապես քրեական հետապնդում է իրականացվում։ Պարզ է, որ հետապնդումը քաղաքական է, եւ էական չէ՝ Ռոբերտ Քոչարյանը մեղք ունի, թե ոչ, եւ այդ մեղքը որքանով է հնարավոր ապացուցել դատարանում։ Իշխանությունը որոշել է, որ ՀՀ երկրորդ նախագահը պետք է նստի, եւ նա նստած է։ Չնայած կորոնավիրուսի դեմ պայքարը ստիպել է, որ ողջ աշխարհում անգամ ամենավտանգավոր հանցագործներին տուն ուղարկեն, առավել եւս՝ եթե մարդը ռիսկային խմբում է, սակայն Քոչարյանի կողմնակիցներն ակնկալիքներ ունեն միայն Վենետիկի հանձնաժողովի եւ ՄԻԵԴ-ի՝ մոտ ժամանակներս սպասվելիք որոշումներից, որոնք պետք է քննվեն ՀՀ Սահմանադրական դատարանում։ Այսինքն, քոչարյանականների հույսը ՍԴ-ն է, որը, օգտվելով եվրոպական խորհրդատվությունից, ազատ է արձակելու նրան կալանքից՝ ծառայելով օրենքի տառին։ Բայց ամբողջ զավեշտն այն է, որ ՍԴ որոշմանն այսպես անհամբերությամբ սպասող Ռոբերտ Քոչարյանը ժամանակին ինքն է ոտնահարել ՍԴ որոշումը։ 2003 թվականի նախագահական ընտրություններից հետո ընտրակեղծիքների դեմ բողոքող զանգվածի կրքերը հանդարտեցնելու համար ՍԴ-ն որոշում կայացրեց մեկ տարի անց նախագահի վստահության հանրաքվե անցկացնելու մասին։ Այդ օրվանից ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հայտնվեց Քոչարյանի «սեւ ցուցակում», 2004-ին ՍԴ որոշումը չկատարվեց, իսկ փողոց ելած մարդկանց ջրցաններով ու մահակներով տուն ուղարկեցին։