«Հրապարակ». Իշխանությունը պետք է կոշտ քայլերի գնա

«Հրապարակ». Իշխանությունը պետք է կոշտ քայլերի գնա

Դուք երեկ եք վերադարձել Արցախից. Ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը՝ հարցրինք վերլուծաբան Հայկ Նահապետյանին, մտավախություն կա, որ կարող է ցնցումներ լինեն։ «Այն, ինչ կատարվում է Արցախում` հետընտրական զարգացումների «կոնտեքստում», որոշ մտահոգությունների առիթ կարող է տալ, 2 օր առաջ կազմակերպված բողոքի ակցիայի ընթացքում, ի դեպ, նոր էլեմենտներ դրսեւորվեցին, մասնավորապես՝ միտինգի մոդերատորն քանիցս կրկնեց` Աստծո զորությամբ, սատանայից զերծ մնալու մասին խոսեց, ինչը նոու-հաու էր արցախյան միտինգային շարժման պատմության մեջ։ Հաջորդն էլ այն էր, որ երթին մասնակցում էին մեծ թվով դեռահասներ, դա որոշակի ասոցիացիաներ էր առաջացնում 2018-ի հայաստանյան դեպքերի հետ»:

Բայց 2 օր է՝ լռել է բողոքի ձայնը։ «Չշտապենք, բավականին հետաքրքիր «աշտարակ» է կառուցել 2-րդ փուլի նախագահական ֆավորիտներից մեկը․ կոչ է արել իր ընտրողներին չգնալ ընտրատեղամասեր, սակայն չի հանել թեկնածությունը։ Ասել է` այլ զարգացումների սպասում դեռ կա»: Խոսքը Մասիս Մայիլյանի մասի՞ն է, ի՞նչ կլինի։ «Տեղի կունենա 2-րդ փուլը, առավել ձայներ հավաքած թեկնածուն կհաղթի։ Արցախի համար շատ կարեւոր է կայունությունը։ Հիշենք, որ 90-ականներին արցախյան հաղթանակն ուներ նաեւ ներադրբեջանական գզվռտոցն օգտագործելու սեգմենտը։ Երբեք չպետք է թույլ տալ իդենտիկ իրավիճակ, պետք է փողոցում անիմաստ տեղը կրքեր շիկացնող անձանց նկատմամբ իրավաչափ գործողություններ իրականացնել, եթե նրանք կշարունակեն անիմաստ կոչերով փողոց լցվել, եւ պետք է խստագույնս պահպանվի օրենքը, քանզի այդ երիտասարդները, օրենքը խախտելով, առանց իրազեկման են փողոցները փակում։ Ի դեպ, իշխանության թուլության զգացում կա, ես այդպես տեսա. պատերազմական երկրում պետք է առավել հետեւողական լինել»: