Հակակոռուպցիոն կոմիտեն նյութեր է նախապատրաստում․ Ալեքսանդր Կոչուբաև

Հակակոռուպցիոն կոմիտեն նյութեր է նախապատրաստում․ Ալեքսանդր Կոչուբաև

Սույն թվականի փետրվարի 6-ին «Այլընտրանք» ՀԿ ղեկավար Նարեկ Մանթաշյանի առողջական վիճակը վատացել էր։ Այս մասին, իր ֆեյսբուքյան էջով, ահազանգել էր Նարեկ Մանթաշյանի փաստաբան՝ Ալեքսանդր Կոչուբաևը։

«Հրապարակը» զրուցել  և հետաքրքրվել է փաստաբան՝ Ալեքսանդր Կոչուբաևից վերջինիս պաշտպանյալի առողջական վիճակի և հետագա գործողությունների մասին։

«Ինսուլինային կախվածություն ունեցող հիվանդին, ՔԿՀ-ն ինսուլին չի տրամադրել։ Դա էլ պատճառ է հանդիսացել, որ պաշտպանյալիս շաքարը բարձրացել էր 27 նիշի։ Անմիջապես տարել ենք Էրեբունի ԲԿ, որտեղ բժշկական միջամտության արդյունքում շաքարը մաքսիմալով իջել է։ Այս պահին շաքարը մոտ 10-11 նիշի է հասել։ Սակայն այդ թվերի դեպքում էլ, նորմալ պայմաններում մարդիկ դիմում են  նոր բուժման»,- «Հրապարակի» հետ հեռախոսազրույցում ասաց Մանթաշյանի փաստաբանը։  

Փաստաբանի խոսքով,  ՔԿՀ-ն Մանթաշյանին դանդաղ մահվան է տանում։

 «Պաշտպանյալս նորից վերադարձել է ՔԿՀ, և քանի որ խոշտանգման տարրեր է պարունակում, հաղորդում էլ ենք ներկայացրել։ Այս պահին Խոշտանգման տեսանկյունից նյութեր են  նախապատրաստվում  Հակակոռուպցիոն կոմիտեում։ Սպասում ենք հաջորդ նիստին, որտեղ  պետք է ներկայացնենք գրավի միջնորդություն, քանի որ գնալով պաշտպանյալիս առողջական վիճակը վատթարանում է»,- «Հրապարակին» ասաց, փասատաբան Ալեքսանդր Կոչուբաևը։

Հիշեցնենք. «Այլընտրանք» ՀԿ ղեկավար Նարեկ Մանթաշյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը գտնում է, որ իր պաշտպանյալի  դեմ հարուցված  քրգործերը քաղաքական բնույթ են կրում ։