Սևրի պայմանագիր․ Հայաստանի պատմության մեծագույն ծաղրը

Սևրի պայմանագիր․ Հայաստանի պատմության մեծագույն ծաղրը

Եթե փորձենք համեմատել Բաթումի և Սևրի պայմանագրերը, ապա կգանք այն եզրակացությանը, որ առաջինը շատ ավելի իրական ու արդյունավետ  փաստաթուղթ էր, քան՝ երկրորդը։ Նմանատիպ համամետությամբ ժամանակին հանդես է եկել նաև Սիվիլնեթի լրագրող Թաթուլ Հակոբյանը՝ հիմնավորելով որ, Սևրի պայմանագիրը Հայաստանի համար շատ ավելի նվաստացուցիչ էր՝ քան Բաթումինը: Ամբողջությամբ համաձայն եմ Հակոբյանի այս պնդման հետ, քանի որ դրա հիմքում ընկած է տվյալ ժամանակաշրջանի քաղաքական խորքային ընկալումը։ 

Շատերը կհարցնեն այդ ինչպե՞ս, չէ՞ որ Սևրի պայմանագրով Հայաստանը ստանում էր 90 հազար քառ. կմ տարածք, իսկ Բաթումի պայմանագրով թուրքերը հայերին Սևանում լողանալու հնարավորություն տվեցին, բայց չորանալու տեղ չտվեցին, այսինքն՝ ընդամենը 12 հազար քառ. կմ տարածք: Փաստացի Բաթումի պայմանագիրը հողի վրա գոյություն ունեցող, քաղաքական, իրավական ակտ էր, որը ազդարարեց Հայկական պետության ստեղծման գործընթացը: Այսինքն Հանրապետությունը ստեղծվեց այդ առաջին հայացքից նվաստացուցիչ պայմանագրի հիմքի վրա և եթե քաղաքական ղեկավարությունը անհեռատես գտնվեր և հրաժարվեր այդ փշրանքից, ապա շատ հնարավոր է, որ անկախ պետության գաղափարն այդպես էլ մնար օդից առկախված։ Բարեբախտաբար Դաշնակցական ղեկավարությունը չշարժվեց իռացիոնալ ծավալապաշտության ճանապարհով, ինչը մեծագույն արկածախնդրություն կլիներ։ 

Իսկ Սևրի պայմանագրի Հայաստանին վերաբերող մի քանի հոդվածները ընդամենը թղթի կտոր էին, որպես քաղաքական իրողություն գոյություն չունեցող մի պատրանք, ուտոպիա, որը բթացրեց պետության զգոնությունը, կազմաքանդեց քաղաքական համակարգի կենսունակությունն ու անէացրեց առանց այն էլ արգելակված գաղափարական միջավայրը:

Այն դատապարտված էր, Հայաստանին վերաբերող հոդվածները չէին կարող կյանքի կոչվել և ճակատագրի հեգնանքով Վուդրո Վիլսոնը քարտեզի գծման աշխատանքներն ավարտեց հենց Հանրապետության անկման նախօրեին, երբ քեմալա-բոլշևիկյան ուժերը երկու կողմից ակցանների մեջ վերցրած դանդաղորեն կուլ էին տալիս «իմպերիալիզմի փոքրիկ որջը»՝ Հայաստանի Հանրապետությունը:

Դաշնակցական կառավարությունը պետք է կանխատեսեր, պետք է գլխի ընկներ և ժամանակին հրաժարվեր Սևրի պայմանագրի պատրանքից և Անտանտի օգնությունից: Այս մասին հետագայում խոստովանեցին նաև Հանրապետության ղեկավարները, առաջին հերթին հենց Հովհաննես Քաջազնունին: Եթե իշխանությունը ժամանակին հրաժարվեր այդ պայմանագրից, միգուցե խորհրդայնացված Հայաստանի կազմում լինեին Կարսը, Սուրմալուն, Նախիջևանը և վերջապես Անին՝ Հայկական երբեմնի պետականության գերեզմանը:

Այսինքն պետք չի զոհ գնալ քաղաքավարությանը և այնհրաժեշտ է խոստովանել, որ Սևրի պայմանագիրը Հայոց պատմության մեծագույն ծաղրն է, այն շատ ավելի ամոթալի է քան Ալեքսանդրապոլի պայմանագիրը: Պայմանագիրն այդ իր ցինիզմով գերազանցում է նաև Հայաստանի հետ ոչ այնքան շատ առնչվող Բրեստ-Լիտովսկի պայմանագրին:

Լավ: Թողնենք պատմությունը հանգիստ: Վերադառնանք արդի Հայաստան, որտեղ ճակատագրի կողմից հեծեծված, բայց դասեր չքաղած բախտախնդիրները նորից խոսում են Սևրի պայմանագրի պահանջատիրության մասին: Ես այս թեմայի մասին երբեք չէի խոսի, որովհետև այն կապ չունի իրական քաղաքականության հետ, իսկ թեման արծարծողները պարզապես մարգինալ զանգված են և այդպես էլ կմնան: Պարզապես այդ մարգինալները թունավորում են հանրության մի զգալի հատվածին և դրանից ելնելով խոսելու տրամաբանական անհրաժեշտություն է առաջանում:

Ներկայումս Սևրի պայմանագրի իրագործման մասին լուրջ դեմքով խոսելը իսկապես անլրջություն է: Դա 100 տարի առաջ արձանագրված մեծագույն ծաղրի վերաարտադրությունն է, որը արդի ժամանակաշրջանում ծաղրից փոխակերպվել է կրկեսի:

Միջազգային Հարաբերությունների առաջին կուրսում սովորող ուսանողը գիտի.

1. Սևրի պայմանագիրը Վերսալ-Վաշինգտոնյան համակարգի բաղկացուցիչ մասնիկն է, համակարգ, որը արդեն վաղուց գոյություն չունի, դրան հաջորդել է Երկրորդ աշխարհամարտը և Պոտսդամի կոնֆերանսով դրվել են նոր աշխարհակարգի հիմքերը: Այսինքն էս պարզունակ ճշմարտությունը բա՞րդ է հասկանալ: Նույնն է, երբ Վիեննայի վեհաժողովում թելադրող դիրքերից հանդես եկող Ռուսաստանը ներկայումս Լեհաստանին տարածքային պահանջներ ներկայացնի:

2. Կապ չունի, թե Վուդրո Վիլսոնը ինչ է ստորագրել, ԱՄՆ-ն հրաժարվել է նախագահի առաջ քաշած մոտեցումներից և Վիլսոնը պարտված կարգավիճակով հեռացել է քաղաքականությունից:

3. Միջազգային իրավունքը նախատեսված չէ հակամարտություններ կարգավորելու համար, ոչ թե այն պատճառով, որ այն արժեք չունի, ինչպես շատերը անհիմն կարող են պնդել, այլ պարզապես այն բոլորովին այլ առաքելություն ունի և առանց դրա մարդկությունը մեկ օր անգամ չի կարող ապրել: Այսինքն, Սևրի ջատագովները պետք է հասկանան, որ Հայաստանը չի կարող միջազգային իրավունքի ինչ-ինչ կետերով պայմանագիրը վերակենդանացնել: Ընդհանրապես պետք է նաև հաշվի առնել, որ հակամարտությունները իրավական լուծում չեն ստանում, այլ՝  քաղաքական (իրավունքի վրա խարսխված):

Էս ամենը իհարկե կապ չունի մեր պետության արտաքին քաղաքականության հետ, նորից եմ կրկնում՝ պարզապես մարդկանց վերստին մոլորեցնում են՝ թույլ չտալով ըստ էության ընկալել Հայաստանի իրական մարտահրավերն ու խնդիրները: