Քայլարած չբարեփոխում

Քայլարած չբարեփոխում

Փաշինյան Նիկոլի իշխանությունն արագընթաց տեմպերով գնում է բուհական համակարգի «բարեփոխման»: Ինչու չակերտով՝ որովհետեւ այս իշխանության չորսուկես տարվա գործունեությունը վկայում է, որ չունի բարեփոխում իրականացնելու որեւէ եւ հատկապես՝ մասնագիտական ռեսուրս: Այսինքն՝ զրկված է լուրջ ռազմավարական պլաններ մշակելու եւ իրականացնելու հնարավորությունից: Իսկ չորս տարի առաջ, երբ նոր էր վարչապետ կարգվել «ժողովրդի փրկիչը», երկրում առկա էր հսկայական ոգեւորություն: Եվ, որ ամենակարեւորն է՝ մասնագիտական խմբեր, որոնք առաջարկում էին իրենց օժանդակությունը՝ մասնակցելու այդ ծրագրերի մշակման աշխատանքներին: Հանուն արդարության պետք է ասել, որ նման խմբեր առկա են նաեւ այսօր. դրանցից մեկը, օրինակ, համակարգվում է կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանի կողմից: Բայց այդ խմբերը քաղաքացիական ինքնագործունեության մակարդակում են եւ, բնականաբար, չեն համակարգվում Փաշինյանի իշխանության կողմից:

Վերադառնանք բուհական համակարգի «բարեփոխմանը»: Նպատակը խիստ հայրենասիրական է եւ չափազանց ամբիցիոզ՝ 2030 թվականին համաշխարհային 500 լավագույն բուհերի ցանկում ունենալ 4 հայաստանյան բուհ: Բայց այն ենթակա է տապալման՝ ճիշտ այնպես, ինչպես մեկ օրվա մեջ 10 միլիոն ծառ տնկելու նիկոլական գաղափարը: Որի մասին ինքը, բնականաբար, հիշել չի ցանկանում: Ասեմ, որ նման գաղափար կյանքի է կոչվել բազմաթիվ երկրներում, բայց այդ գործով զբաղվողները ոչ թե քայլարած նիկոլանման էին, այլ ավելի լուրջ մարդիկ: Ինչեւէ, կրթական բարեփոխումը ոչ թե նշանակում է բուհերի մեխանիկական միացում եւ տեղակայում մայրաքաղաքից դուրս՝ եղած շենքերը վաճառելու մտադրությամբ, այլ ողջ կրթական համակարգի արմատական վերափոխում՝ մանկապարտեզից սկսած: Այդ վերափոխումը ենթադրում է ռազմավարական նպատակի (եւ կամ նպատակների), ինչպես նաեւ դրա (եւ կամ դրանց) իրականացման միջոցառումների երկարատեւ հանրային քննարկումներ: Հանրային համաձայնության հասնելու դեպքում՝ ճանապարհային քարտեզի մշակում եւ իրականացում: Ինչը, բնականաբար, փաշինյանական իշխանության, որի միակ կարողությունը քայլարած լինելն է, խելքի բանը չէ:  

Գործող իշխանության կողմից կրթական լուրջ բարեփոխում իրականացնելու անկարողության հանգամանքը հաստատվում է նաեւ Արարատյան բակալավրիատի պետական ծրագրի պատմությամբ: Իշխանության գալով՝ քայլարածները վերացրին այն՝ հիմնավորելով, թե պետական միջոցների վատնում է տեղի ունեցել եւ շարունակում է ունենալ: Եվ սկսեցին նյութեր նախապատրաստել՝ փորձելով քրեական գործ հարուցել այդ ծրագրի հիմնական դերակատար՝ «Այբ» կրթահամալիրի ղեկավարության նկատմամբ: Արդեն անցել է չորս տարի, բայց ոնց որ թե քրեական գործի մասին արդեն չեն խոսում՝ երեւի կասեցվել է դրա հարուցումը: Ի դեպ, այդ ծրագրի շնորհիվ, որ արդեն դրվել էր գործողության մեջ, 10 տարի անց հայաստանյան միջնակարգ կրթությունը բարձրանալու էր «Այբ»-ի մակարդակին: Իսկ ես գիտեմ, թե ինչ մակարդակ ուներ (համենայնդեպս, մինչեւ Նիկոլի՝ վարչապետ կարգվելը) այդ կրթահամալիրը: Եվ երեխաների համար ինչպիսի բարդություն էր ներկայացնում այդ կրթահամալիրն ընդունվելը: Ու ինչ քանակի հայտեր են տրվել ամեն տարի՝ չնայած կրթության մասնավոր լինելուն:

Ինչ վերաբերում է հանրային համաձայնությանը, ապա Նիկոլի իշխանության շնորհիվ «սեւերի ու սպիտակների», «նորերի ու նախկինների» բաժանումների ենթարկված հասարակությունում դա տեսականորեն անգամ հասանելի նպատակ չէ: Դրա փոխարեն Նիկոլը շարունակում է քրեական գործեր հարուցել նախկինների (Արմեն Աշոտյանը՝ մեզ օրինակ) նկատմամբ, որոնք չորսուկես տարում ապացուցեցին, որ իրենց մեջ մեռած չէ հայրենիքի զգացողությունը: Այն երեւույթը, առանց որի հայրենիք չի կառուցվում, եւ ինչը, դժբախտաբար, առկա չէ քայլարածների շրջանում: Դժբախտաբար, քանի որ այսօր իրենք են իշխանության մեջ եւ իրենք են արտերկրում ներկայացնում Հայաստանը: Իսկ կրթական լուրջ բարեփոխում անելն առանց հայրենիքի ամուր զգացողության ուղղակի հնարավոր չէ: Դա է, որ չի ընկալվում ո՛չ Փաշինյան Նիկոլի եւ ո՛չ էլ նրա շրջապատի կողմից: