ԱԺԲ-ն հումանիզմ ու կարեկցանք է հայցում՝ ինքը երբեւէ նման վերաբերմունք չդրսեւորելով

ԱԺԲ-ն հումանիզմ ու կարեկցանք է հայցում՝ ինքը երբեւէ նման վերաբերմունք չդրսեւորելով

Կան մարդիկ, ովքեր հումանիզմի եւ կարեկցանքի մասին հիշում են, երբ դրա կարիքն ունեն, բայց մոռանում են դրա մասին, երբ խոսքն այլոց մասին է: Նրանք համարում են, որ հասարակությունը զուրկ է հիշողությունից, եւ իրենք որեւէ պատասխանատվություն չունեն նախկինում իրենց ասածների եւ արածների համար: Շատ դեպքերում նման հատկանիշները փոխանցվում են մարդկային առանձին խմբերի ու կուսակցությունների: Ազգային ժողովրդավարական բեւեռը հայտարարություն է տարածել՝ Հայաստանի կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին եւ իրավապաշտպան կազմակերպություններին կոչ անելով «Իրենց ձայնը բարձրացնեն եւ դիրքորոշումն արտահայտեն ՀՀ քաղաքացի Վարուժան Ավետիսյանի կյանքին սպառնացող վտանգը կանխարգելելու համար»:

Ըստ ԱԺԲ-ի հայտարարության՝ Վարուժան Ավետիսյանը տառապում է ծանր հիվանդությամբ, որի ախտորոշումը եւ բուժումը Հայաստանում հնարավոր չեն: Հնարավոր է, որ ինչ-որ կուսակցություններ կամ անհատներ միանան ԱԺԲ-ի հայտարարությանը, բայց դա կլինի կեղծ ու սարքովի համերաշխություն: Համերաշխություն լինում է այն անհատի կամ կուսակցության հետ, որը նախկինում ինքն է կանգնել ճնշվածի, հիվանդի, հետապնդվողի, հալածյալի կողքին, ոչ թե սատարել ու ոգեշնչել է հալածողին ու բռնարարին: 

Ի՞նչ դիրքորոշում է հայտնել ԱԺԲ-ն կամ նրա անդամները, երբ 2018 թվականի հունիսին այդպես էլ չապացուցված մեղադրանքով կալանավորվեց առողջական խնդիրներ ունեցող Արցախի հերոս, գեներալ Մանվել Գրիգորյանը, ով բանտային պայմաններում ենթարկվեց հոգեկան եւ ֆիզիկական տառապանքի ու հալածանքի ու մահացավ 2020 թվականի նոյեմբերին Փաշինյանի կողմից կապիտուլյացիան ստորագրելուց 10 օր հետո՝ չդիմանալով Արցախի ու Հայաստանի պարտությանն ու նվաստացմանը: Ի՞նչ քաղաքական դիրքորոշում հայտնեց ԱԺԲ-ն կամ «Սասնա ծռերը», երբ Փաշինյանի հրահանգով կալանավորում էին առողջական լուրջ խնդիրներ ունեցող Մանվել Գրիգորյանին: Սեֆիլյանը եւ նրա կողմնակիցները ոչ միայն չդատապարտեցին այդ հակամարդկային ու հակազգային քայլը, այլեւ, ընդհակառակը՝ հրապարակայնորեն սատարում էին Փաշինյանին:

2021 թվականի հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններից երեք օր հետո կալանավորվեց բժիշկ Արմեն Չարչյանը: Նրա մեղքն այն էր, որ նա իր կոլեկտիվին կոչ էր արել՝ ընտրություններում մերժել Արցախն ու Հայաստանի զգալի տարածքները հանձնած, երկիրը պարտության տարած Նիկոլ Փաշինյանին: Արմեն Չարչյանը, ով իր կյանքում հազարավոր մարդկանց կյանքեր է փրկել, եւս առողջական խնդիրներ ուներ, բազմաթիվ մարդիկ, կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ դատապարտում էին իշխանության կողմից իրականացվող վայրագությունն ու խոշտանգումը: ԱԺԲ-ից՝ ոչ մի ձայն:

Այս տարվա մայիսի 17-ին ինչ-որ անհեթեթ մեղադրանքով կալանավորվեց եւ դատարանի դահլիճում անհասկանալի պայմաններում մահացավ պրոդյուսեր, Դիմադրության շարժման ակտիվ մասնակից Արմեն Գրիգորյանը, ում առողջական խնդիրների մասին բարձրաձայնում էր նրա փաստաբանը: Որեւէ անգամ ԱԺԲ-ն դատապարտե՞ց մտավորականի եւ իշխանության քննադատի կալանավորումն ու նրա նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը, որն ի վերջո պատճառ դարձավ նրա մահվան: Իհարկե՝ ոչ: ԱԺԲ-ն արձագանքեց ու Գրիգորյանի մահը քաղաքական սպանություն որակեց, երբ Արմեն Գրիգորյանին փրկել այլեւս անհնար էր:

Այս տարվա օգոստոսին «Սասնա ծռեր» ջոկատի հրամանատար Պավել Մանուկյանի կինն ահազանգեց, որ Մանուկյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, որ նրան վիրահատել են ու տեղափոխել կալանավայր, որտեղ պայմաններն անհամատեղելի են նրա հիվանդության հետ: «Ինչո՞ւ է այս իշխանությունը երազում սպանել մարդուն: Այս հարցի պատասխանը հնարավոր է՝ փնտրում են շատերը: Իմ կարծիքով՝ այս իշխանությունը տառապում է մարդ սպանելու մոլուցքով»,- բաց նամակում գրել էր Մանուկյանի կինը: ԱԺԲ-ն որեւէ կերպ չարձագանքեց իր հրամանատարի կյանքին սպառնացող վտանգի մասին ահազանգին: Չարձագանքեց ոչ միայն այն պատճառով, որ Մանուկյանը «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին ու հատկապես ղեկավարներին մեղադրում էր երեսպաշտության եւ անարդարության հովանավորման մեջ, այլեւ առաջին հերթին այն պատճառով, որ Մանուկյանն ակտիվորեն պայքարում էր իրենց հովանավորյալ Նիկոլ Փաշինյանի դեմ: Բոլոր նշված մարդիկ Նիկոլ Փաշինյանի քաղաքական հակառակորդներն էին եւ հետապնդվում, հալածվում ու խոշտանգվում էին բացառապես Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարի համար:
Կարող են ասել, որ ԱԺԲ-ն եւս քննադատում է Փաշինյանին եւ նրա ընդդիմախոսն է արդեն:

Իրականությունն այն է, որ ԱԺԲ-ն եւ նրա անդամները Փաշինյանին հիշում են, երբ նրա իշխանությանը վտանգ է սպառնում, եւ պետք է լինում կեղծ ընդդիմադիր գործունեություն ծավալել՝ հասարակության ուշադրությունը շեղելու համար: ԱԺԲ-ն եւ նրա առաջնորդները Փաշինյանի ամենաջերմ ու բացահայտ կողմնակիցներն են: Մի՞թե այդ Ժիրայր Սեֆիլյանը եւ Գարեգին Չուգասզյանը չէին գնում կառավարություն եւ հանդիպում Փաշինյանի հետ: «Քանի դեռ նախկին իշխանությունները փորձում են գլուխ բարձրացնել եւ ռեւանշի մասին երազել, մենք Նիկոլ Փաշինյանի թիկունքին ենք կանգնելու եւ թույլ չենք տա նախկին իշխանություններին՝ որեւէ հաջողության հասնել»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարում էր Ժիրայր Սեֆիլյանը՝ մոռանալով, որ նույն Գարեգին Չուգասզյանը Ռոբերտ Քոչարյանի իշխանության ներկայացուցիչ է՝ նրա նախագահության օրոք կառավարությունում զբաղեցրել է նախարարի պաշտոն, նախկին իշխանության դասական օրինակ է:

Նախկին իշխանությունները շարունակում են մնալ Փաշինյանի հիմնական ընդդիմախոսը, եւ իր խոստմանը հավատարիմ՝ Սեֆիլյանն ու կողմնակիցները կանգնած են Փաշինյանի թիկունքին: Արդ, ավելի արդար չի՞ լինի, որ ի պաշտպանություն Վարուժան Ավետիսյանի դիմեն իրենց պաշտպանյալ Նիկոլ Փաշինյանին եւ ոչ թե կուսակցություններին, ՀԿ-ներին կամ իրավապաշտպաններին: Գուցե այս դիմումն ուղղված է իրենց նման՝ Փաշինյանի թիկունքին կանգնած կուսակցություններին, ՀԿ-ներին ու իրավապաշտպան կազմակերպություններին, որովհետեւ միայն նրանք կարող են արձագանքել այդ կոչին: Որովհետեւ չի կարելի հումանիզմ ու կարեկցանք պահանջել մի մարդուց, կուսակցությունից կամ կազմակերպությունից, որի դեմ դու թաքուն ու բացահայտ պայքարել ես՝ սատարելով բռնարարին ու անարդարություն գործադրողին:

Ավետիս Բաբաջանյան