Հայհոյանքի, անհավասարակշիռ բառապաշարի դեմ պետք է պայքարել առաջին հերթին սեփական վարքագծով

Հայհոյանքի, անհավասարակշիռ բառապաշարի դեմ պետք է պայքարել առաջին հերթին սեփական վարքագծով

«Զրպարտություն» եւ «Վիրավորանք» հոդվածները 2010 թվականին Հայաստանում ապաքրեականացվեցին: Իսկ 2021 թվականին «Քաղպայմանագիր» իշխող ուժը որոշեց կրկին քրեականացնել այս եզրույթը եւ զրպարտության ու վիրավորանքի համար պատիժ սահմանել ՀՀ քրեական օրենսգրքում: Քրեականացվեց անձի հանրային գործունեությամբ պայմանավորված ծանր վիրավորանք հասցնելը։ ՀՀ արդեն նախկին քրեական օրենսգրքի 137.1 հոդվածի 3 մասերն էին պատիժ նախատեսում այդ արարքների համար, համարվում էին ոչ մեծ ծանրության հանցանքներ` 1-ին և 2-րդ մասերով որպես պատիժ էր նախատեսված միայն տուգանք, իսկ երրորդ մասով՝ տուգանքից բացի, նախատեսված էր նաև կալանք՝ մեկից երեք ամիս ժամկետով։ Սակայն հազիվ 10-11 ամիս գործեց այս հոդվածը, 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ նոր քրեական օրենսգրքով այն, որպես քրեորեն պատժելի արարք, այլևս նախատեսված չէ, այսինքն` կրկին ապաքրեականացվել է։ Սա տեղի ունեցավ հիմնականում միջազգային հանրության պահանջով: Սակայն այս մեկ տարում քննչական մարմինները հասցրեցին հարյուրավոր քրեական գործեր հարուցել` ծանր վիրավորանքի հոդվածով: Այդ գործերի մի մասն անգամ դատարան է մտել, մյուսների գծով նախաքննություն էր իրականացվում: Եվ հիմա, ինչպես ասում են, ոտքերը տուժում են հիմար գլխի պատճառով` քննիչ, դատախազ, դատավորները ստիպված են իշխանությունների մտցրած այս աբսուրդ հոդվածով իրենց հարուցած գործերը կարճել, մեղադրանքները վերացնել: Այդ գործընթացի մասին զրուցել ենք նախկին դատախազ, այժմ փաստաբան Րաֆֆի Ասլանյանի հետ:

- Ձեր կարծիքով, ինչու՞ 2021 թվականին ՀՀ քրեական օրենսգրքում նման հոդված մտցրեցին, որն արդեն 2022-ի հուլիսի 1-ից ուժը կորցրած է ճանաչվել: Այսինքն, եթե օրենսդրության զարգացմանն ուղղված փոփոխությունների ընթացքում այդպիսի անհրաժեշտություն չէր նկատվել, նման հոդված ներմուծելու իմաստը ո՞րն էր։

- Կարծում եմ, որ նմանաբնույթ արարքների քրեականացումը, այսինքն, ՀՀ քրեական օրենսգրքում նախատեսելը, չէր բխում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններից և այն կոնվենցիաների պահանջներից, որոնց մեր երկիրն անդամակցում է։ Այդպիսի արարքի քրեականացումը որևէ իրավական նպատակ չէր հետապնդում, այլ այն ուներ բացառապես քաղաքական բովանդակություն։ ՀՀ իշխանությունն այդ քայլով ընդամենը ցանկացավ լռեցնել հայրենիքի համար օրհասական պահին գուցե մի փոքր կոշտ կամ կոպիտ հնչող ընդդիմադիր խոսքը։ Իհարկե, ինքս նույնպես դեմ եմ հայհոյանքին, անհավասարակշիռ բառապաշարին, բայց դրա դեմ պետք էր առաջին հերթին պայքարել սեփական վարքագծով դրա առիթը չտալու եղանակով, իսկ ծայրահեղ դեպքում՝ քաղաքացիաիրավական պատասխանատվության առավել խիստ և գործուն միջոցներ նախատեսելով։ Ընդհանրապես, անընդունելի է քաղաքական նպատակներով քրեական հետապնդման մարմինների աշխատանքը ծանրաբեռնելը, դրանով, փաստորեն, այդ նպատակների համար հանրային միջոցներն անհարկի վատնելը։

- Այս հոդվածով սկսել են կարճել դատական գործերը, խնդրում եմ կարճման հիմքերի մասին խոսեք, որովհետեւ մենք տեղեկացանք, որ այս հարցում վեճ կա:

-ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 137.1 հոդվածի հատկանիշներով (անձի հանրային գործունեությամբ պայմանավորված՝ նրան ծանր վիրավորանք հասցնելը) հարուցված քրեական գործերը պետք է կարճվեն արդարացնող, այսինքն, հանցակազմի բացակայության հիմքով, քանի որ ս.թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքով նման արարքը նախատեսված չէ, այսինքն, այն ապաքրեականացվել է։ Արարքի ապաքրեականացման դեպքում 12.01.1999 թվականին ուժի մեջ մտած և մինչև 01.07.2022 թվականը գործած ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը նախատեսում էր միայն հանցակազմի բացակայության, այսինքն` արդարացնող հիմքով անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հնարավորություն։ Թեև 01.07.2022 թվականից ուժի մեջ մտած ՀՀ նոր Քրեական դատավարության օրենսգրքում արարքի ապաքրեականացումն ամրագրվել է որպես քրեական հետապնդումը բացառող ինքնուրույն հիմք, սակայն այն նախատեսվել է ոչ արդարացնող հիմքերի շարքում, ուստի մեղադրյալի վիճակը վատթարացնող լինելու պատճառով չի կարող հետադարձ ուժ ունենալ։ Ավելին, այդ հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու համար, ըստ նոր օրենսգրքի, անձը պետք է փաստացի ընդունի մեղքը, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է այդ նորմի անբարենպաստ լինելը և ընդունմանը նախորդող ժամանակահատվածում ծագած իրավահարաբերությունների նկատմամբ կիրառելի չինելը։

-Այսինքն, նոր օրենսգրքով անձի արարքը չի արդարացվում, և նրա նկատմամբ կարող է կիրառվել պատի՞ժ: 

-Ոչ, ի վերջո, պատիժ չի կարող նշանակվել, սակայն անձի նկատմամբ քրեական հետապնդումը կարող է դադարեցվել միայն ոչ արդարացնող հիմքով և նրա կողմից արարքն ընդունելու պարագայում, հակառակ դեպքում՝ վերջնարդյունքում դատարանը պետք է մեղավոր ճանաչի հանրորեն վտանգավոր արարք կատարած անձին, սակայն նրա նկատմամբ պատիժ չնշանակի արարքն ապաքրեականացված լինելու պատճառաբանությամբ։ Դարձյալ կրկնեմ, որ նոր օրենսգրքի այդ դրույթը կիրառելի է միայն 2022 թվականի հուլիսի 1-ից հետո կատարված և հետագայում ապաքրեականացված արարքների նկատմամբ, այն չի կարող կիրառվել օրենսգրքի գործողությանը նախորդած ժամանակահատվածում կատարված, ապա ցանկացած պահի ապաքրեականացված հանրորեն վտանգավոր արարքի հեղինակ անձի նկատմամբ, որքան էլ ՀՀ նոր քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները դրա գործողության մասով հակասական ձևակերպումներ պարունակեն։ Այսպիսի դատողությունը բխում է այն հանրահայտ սահմանադրական իրավակարգավորումից, որ անձի վիճակը վատթարացնող օրենքը չի կարող հետադարձ ուժ ունենալ։ Դա վերաբերելի է ոչ միայն նյութական օրենքին։