Ինչու են ամռանը սրվում մաշկային հիվանդությունները, ինչպես պայքարել դրանց դեմ

Ինչու են ամռանը սրվում մաշկային հիվանդությունները, ինչպես պայքարել դրանց դեմ

Մաշկային հիվանդությունները հանդիպում են շատերի մոտ` դառնալով տհաճ զգացողությունների պատճառ: Հիվանդությունների առաջացման, տարածման, բուժման եղանակների շուրջ զրուցել ենք Հրազդանի բժշկական կենտրոնի մաշկաբան Գոհար Չարչյանի հետ:

- Ամռանը մաշկային խնդիրներն էլ ավելի արտահայտիչ են դառնում։ Որո՞նք են դրանց առաջացման պատճառները, եւ ի՞նչ միջոցներով պայքարել դրանց դեմ։

- Մաշկային հիվանդությունների առաջացման պատճառ կարող են լինել օրգանիզմում առկա տարաբնույթ փոփոխությունները՝ նյութափոխանակության խանգարում, նյարդային համակարգի դիսֆունկցիա, մարսողական համակարգի հիվանդություններ, արյան շրջանառության խանգարում, նաեւ՝ իմունային համակարգի անկում: Գոյություն ունեն մաշկային մի շարք հիվանդություններ՝ սնկայինից մինչեւ թարախաբշտիկային հիվանդություններ, նաեւ դերմատիտ, պսորիազ, քոս եւ այլն: Սեզոնայնությունը բնորոշ է շատ մաշկային հիվանդությունների: Հաճախ հանդիպող խնդիր է նաեւ կորյակային ցանը: Հատկապես ամռանը մաշկային հիվանդությունների սրումը պայմանավորված է արեւի ճառագայթների ներթափանցելիության բարձրացմամբ, որի արդյունքում տեղի է ունենում գերքրտնարտադրություն: Մաշկը չորանում է, այդպիսով հարմար պայմաններ ստեղծում մաշկային այս կամ այն հիվանդության զարգացման համար: Մաշկի սնկային ախտահարումներն ամենատարածված հիվանդություններն են: Մեր մոլորակի յուրաքանչյուր հինգերորդ մարդ տառապում է այս հիվանդությամբ: Սնկային հիվանդությունները բազմազան են, եւ դրանք տարբերակելը բավականին դժվար է: Հիվանդությունը հաճախ դասակարգվում է ըստ տեղակայման, դրանք լինում են հարթ մաշկի, գլխի մազածածկ հատվածի, ծալքերի եւ դաստակների վրա: Կախված տեղակայումից՝ կլինիկական պատկերը տարբեր ձեւով է արտահայտվում՝ մաշկի կարմրությամբ, թեփոտվածությամբ, մազաթափությամբ, իսկ եղունգների ախտահարման դեպքում լինում է եղունգների գույնի եւ ձեւի փոփոխություն:
Ըստ վիճակագրական տվյալների՝ եղունգների եւ ոտնաթաթի մաշկի սնկային ախտահարումներ դիտվում են մարդկանց 25%-ի մոտ, որը զգալի անհարմարություն է պատճառում հիվանդներին: Ոտնաթաթերի սնկային հիվանդությունները հիմնականում առաջանում են տաք եղանակներին, երբ ոտքը քրտնում է, այտուցվում, առաջանում են կոշտուկներ եւ քերծվածքներ: Ամռանը զարգացող կամ սրվող մաշկային հիվանդություններից հնարավորինս խուսափելու համար նախ պետք է հասկանալ՝ արեւից երբ եւ ինչպես ենք օգտվում: Մաշկն արեւից պաշտպանելու համար անհրաժեշտ է օգտագործել արեւապաշտպան քսուկներ: Եթե մարդն օգտագործում է արեւապաշտպան քսուկ, բայց էլի մաշկը վնասվում է, նշանակում է՝ ընտրված միջոցը սխալ է: Իսկ սնկային հիվանդությունները կանխարգելելու առաջին պայմանը հիգիենան է:

- Սննդակարգն ի՞նչ նշանակություն ունի մաշկային հիվանդությունների համար:

- Սննդակարգի պահպանումը մեզ ընդմիշտ չի ազատի ալերգիկ ռեակցիաներից, բայց, այնուամենայնիվ, կնվազեցնի սրացումների ռիսկը եւ ախտանիշների զարգացման տեւողության աճը: Սննդակարգը բավականին հաճախ շահարկվող գործոն է, բայց ապացուցված է, որ բժշկության մեջ այն գործում է սննդային ալերգիաների դեպքում։ Մաշկի որոշ հիվանդությունների դեպքում առաջարկում են ստանդարտ դիետա, օրինակ՝ չծխել, չխմել, կծու, թթու, աղի, քաղցր կամ գունավոր սնունդ չօգտագործել, սակայն սննդային ալերգիաների դեպքում կան ապացուցող թեստեր, որոնք հնարավորություն են ստեղծում հստակ ալերգենի պարզում, եւ որոշվում է տվյալ սննդամթերքի կիրառման մաքսիմալ սահմանափակումը։ Իհարկե, կան խնդիրներ, որոնք սննդից կախյալ են, բայց այն ծավալը, ինչ ծավալով որ շահարկվում է, շատ հաճախ արդարացված չէ։ Մաշկային խնդիրները բազմազան են, որոնց մեջ սննդային ալերգիաները բավականին փոքր տոկոս են կազմում։ Կան նաեւ վարակիչ բնույթի մաշկային խնդիրներ, որոնց դեպքում սննդակարգն այդքան էլ կապ չունի:

- Մաշկային խնդիրներից ամենատարածվածը՝ ակնեները, թարախային բշտիկներ են, որոնք նկատվում են դեռահասների մոտ: Ինչպե՞ս պայքարել այդ տհաճ երեւույթի դեմ:

- Դեռահասներին բնորոշ մաշկային խնդիրն ակնեն է, որն ի հայտ է գալիս ճարպագեղձերի գերաշխատանքի, արտատար ծորանների խցանման, բակտերիալ ֆլորայի փոփոխության հետեւանքով։ Մինչեւ 20-21 տարեկանն այն դիտարկվում է ֆիզիոլոգիական, այսինքն՝ բնորոշ է դեռահասների ճնշող մեծամասնությանը։ Այս դեպքում հիմնականում ձեռնպահ ենք մնում շատ խիստ բուժական միջոցառումներից, եթե, իհարկե, դա միջին ծանրության կամ ծանր ակնե չէ: Ակնեն անվանել են նաեւ պատանեկան կորյակներ կամ երիտասարդական պզուկներ, սակայն ակնեն այդ տերմիններին չի համապատասխանում, կորյակային հիվանդություն կամ ակնե կարող է զարգանալ ավելի ուշ տարիքում կամ սկսվելով սեռական հասունացման տարիքում՝ պահպանվել մինչեւ խոր ծերություն։ Կա ակնեի հստակ դասակարգում՝ թեթեւ արտահայտություն, միջին ծանրության, ծանր ակնեներ։ Տվյալ դասակարգումից ելնելով՝ տարբեր են բուժական մոտեցումները։ Շատ հաճախ մենք ունենում ենք երիտասարդ աղջիկների մոտ ակնեի խնդիր՝ հորմոնալ տեղաշարժերի ֆոնով։ Կորյակային հիվանդության դեպքում մեծ է հորմոնների դերը, մենք կարիք ենք ունենում տվյալ հիվանդի հետ աշխատել գինեկոլոգի կամ էնդոկրինոլոգի հետ համատեղ։ Բուժման միջոցառումներին շատ հաճախ ներգրավում ենք նաեւ բանիմաց կոսմետոլոգների, որոնք կարողանում են բուժական որոշակի միջոցառումներ իրականացնել։ Եթե ակնեի հիմքում կան հորմոնալ տեղաշարժեր, առանց դրա շտկման մաշկաբանները ոչինչ չեն կարող անել։ Առանց պատճառը վերացնելու մենք արդյունք չենք ունենա, եթե փորձենք վերացնել հետեւանքը։

- Մաշկային հիվանդությունները հաճախ կրկնվելու հակում ունեն: Ո՞րն է դրա պատճառը:

- Որոշ ժամանակ բուժում ստանալուց հետո հիվանդին թվում է, թե խնդիրը վերջնականապես լուծված է, սակայն բուժվելուց հետո մարդը պետք է շարունակի օգտագործել հաբեր, քսուկներ: Դա ավելի շատ կապված է հիվանդի հոգեբանական վիճակի, նրա տրամադրվածության հետ: Դա ո՛չ բժշկի, ո՛չ հիվանդի սխալն է. պարզապես մեր հիվանդությունների հատկությունն է, որ կարող են ժամանակ առ ժամանակ կրկնվել: