Երբ հրամանատարը լքում է մարտադաշտը, չի կարելի զինվորին մեղադրել գերի հանձնվելու եւ իր կյանքը փրկելու համար

Երբ հրամանատարը լքում է մարտադաշտը, չի կարելի զինվորին մեղադրել գերի հանձնվելու եւ իր կյանքը փրկելու համար

Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ պայքարող անհատները շատ ծանր են տարել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի պահվածքը: Նա ոչ միայն դիմավորել է Նիկոլ Փաշինյանին, ձեռքսեղմումով ողջունել նրան, այլեւ հարցազրույց տվել եւ փորձել արդարացնել իր պահվածքը՝ ֆիզիկական հաշվեհարդարով սպառնալով բոլոր նրանց, ովքեր քննադատում են իրեն: Բայց արդյո՞ք Առուշ Առուշանյանն ինչ-որ բանում մեղավոր է, կամ, ինչպես կասեր դասականը, ինքը միա՞կ մեղավորն է: 

Յուրաքանչյուր մարդ իր քայլերի կամ գործողությունների համար հիմնավորումներ է գտնում, եւ դա միանգամայն բնական է: Նախկինում Առուշանյանը պայքարում էր Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ եւ դրա համար ուներ իր հիմնավորումները`պայքարում է հանուն Արցախի՝ համարելով, որ Փաշինյանի իշխանությունը սխալների կամ դավաճանության պատճառով տանուլ է տվել պատերազմը եւ հանձնել Արցախը: Ճիշտ է` հիմա Փաշինյանը հայտարարում է, որ Արցախն Ադրբեջան է, բայց դա այլեւս Առուշանյանին չի հետաքրքրում, որովհետեւ մարդ երբ ուզում է արդարացնել իր պահվածքը, կամ պահվածքի փոփոխությունն անտեսում է այն փաստերը, որոնք հակասում են դրան, եւ հակառակը` կարեւոր են նրանք, որոնք, ըստ իր տրամաբանության, կարող են արդարացնել իրեն:
Եթե նախկինում Առուշ Առուշանյանը պայքարում էր հանուն Արցախի, հիմա նա պայքարում է հանուն Գորիսի:

Առուշանյանը հարցազրույցում ասում է, որ այս պահին Գորիսում 6 միլիարդ դրամի կապիտալ շինարարություն է իրականացվում, որից 3 միլիարդը հատկացրել է կառավարությունը: Ասում է, որ կառավարությունը կուզի՝ կհատկացնի, կուզի` չի հատկացնի, իսկ քանի որ այդ ուզել-չուզելը կախված է իր վարքագծից, թե ինչպես Գորիսի քաղաքապետը կվերաբերվի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինքը հանուն այդ երեք միլիարդի, հանուն իր ղեկավարած քաղաքում շինարարության իրականացման հրաժարվել է նրա դեմ պայքարից, ընդհակառակը` դիմավորում է նրան ու ձեռքը սեղմում: Առուշանյանը գնացել է ինքնազոհաբերման, որպեսզի Փաշինյանը չկանգնեցնի Գորիսում շինարարության իրականացումը եւ չպատժի ամբողջ քաղաքին: Մարդիկ փոխանակ գնահատեն իր ինքնազոհաբերումը, քննադատում են իրեն:

Առուշանյանի մյուս արդարացումն այն է, որ ընտրողների մեծ մասը վստահության քվե է տվել Նիկոլ Փաշինյանին, եւ քանի որ քաղաքացիներն են որոշում, թե ով լինի երկրի ղեկավար, ինքն ընդունում է քաղաքացիների որոշումը: Առուշանյանի ասածն այն է, որ եթե Փաշինյանը վարչապետ չլիներ, ինքը չէր դիմավորի նրան եւ ձեռք չէր մեկնի, բայց քանի որ ընտրել են, ու նա էլ զբաղեցնում է վարչապետի պաշտոնը, ինքը դա ընդունում է ի գիտություն: 
Մյուս ասածն էլ այն է, որ իրեն քննադատողները, մեղադրողներն անարժան մարդիկ են, մարդիկ, ովքեր բարոյական իրավունք չունեն որոշելու՝ իր պահվածքը ճիշտ է, թե սխալ։ «Ո՞վ են իրենք, որ որոշեն, թե ես ինչ պետք է անեմ կամ ինչ չպետք է անեմ, ո՛չ իրենց ապրած կյանքը, ո՛չ իրենց փողոցում ապրած կյանքը, ո՛չ էլ, առհասարակ, իրենց էսօրվա կարգավիճակը չի կարա թույլ տա, որ իրենք իմ անունը քննարկեն»,- ասում է նա: Ստացվում է, որ Առուշանյանը ոչ թե դեմ է այդ մարդկանց ասածներին, այլ վիճարկում է նրանց իրավունքը՝ քննարկելու կամ գնահատելու իր պահվածքը. ուրիշ բան, եթե դա անեին մարդիկ, որոնք ունեն փողոցում ապրած կյանք կամ կարգավիճակ: Կարգավիճակ ասվածի տակ կարելի է շատ բան հասկանալ՝ սկսած իշխանության մեջ ունեցած դիրքից եւ պաշտոնից, մինչեւ քրեական աշխարհում ունեցած կարգավիճակ:

Առուշանյանը, այսքանն ասելով հանդերձ, չի ասում այն, ինչ իրականում մտածում է, չի ասում, թե ինչու է նախկինում հանդես եկել Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ, իսկ հիմա դարձել այդ իշխանության մասնիկը, կամ ինչի արդյունքում է տեղի ունեցել այդ փոփոխությունը: Ոչ միայն Գորիսի քաղաքապետը, այլեւ Սյունիքի բոլոր քաղաքապետերը 2021 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ հանդես եկան Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ: Այդ ժամանակ նրանք հայտնվեցին Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ հանդես եկող Ռոբերտ Քոչարյանի թիմում, ով խոստանում էր հաղթել Փաշինյանին: Սյունիքի քաղաքապետերը հավատացին, որ Քոչարյանն ընդունակ է պաշտոնանկ անել Փաշինյանին, եւ մտածում էին, որ գործող իշխանության դեմ հանդես գալով` իրենք չեն վտանգում իրենց, իրենց բարեկեցիկ ու ապահով կյանքը եւ ունեցվածքը: Իրենք մտածում էին, որ պետք է մեկ-երկու ամիս դիմանալ, դիմանալ մինչեւ խորհրդարանական ընտրություններ, որից հետո կլինի նոր իշխանություն, եւ իրենք կլինեն այդ իշխանության շահառուները, կկարողանան ասել, որ իրենց շնորհիվ է եղել այդ հաղթանակը, իրենք են այդ հաղթանակի հերոսները:

Բայց Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքը ոչ միայն պարտվեց խորհրդարանական ընտրություններում, այլեւ Քոչարյանը միանգամից ընդունեց իր պարտությունը, հրաժարվեց Փաշինյանի իշխանության դեմ պայքարը շարունակելուց: Եթե քաղաքական թիմի առաջնորդն է դադարեցնում պայքարը, համակերպվում եւ, ոմանց կարծիքով, երբեմն էլ համագործակցում Փաշինյանի հետ, ինչո՞ւ նույնը չպետք է անեն թիմի անդամները: Ճիշտ է` Քոչարյանը տեսախցիկների առաջ չի դիմավորել Փաշինյանին եւ չի սեղմել նրա ձեռքը, բայց դա արել է Փաշինյանի հաղթանակն ընդունելով եւ նրա իշխանության դեմ պայքարից հրաժարվելով: Երբ զորքի հրամանատարը լքում է մարտադաշտը եւ հրաժարվում իր զորքին հրամաններ տալուց, որեւէ մեկը բարոյական իրավունք չունի զինվորին մեղադրելու թշնամուն գերի հանձնվելու եւ իր կյանքը փրկելու համար: Առուշանյանի հարցազրույցը պետք է ընկալել որպես Փաշինյանի գերության մեջ հայտնված մարդու հայտարարություններ: Իհարկե, կա նաեւ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի օրինակը, ով արդեն երկու տարի ապօրինի եւ առանց դատի գտնվում է անազատության մեջ եւ հարցազրույց չի տալիս, բայց գերիները եւս տարբեր են լինում:

Ավետիս Բաբաջանյան