Տխուր անակնկալներ՝ մեկնարկում

Տխուր անակնկալներ՝ մեկնարկում

Ֆուտբոլի Եվրո-2020-ը, որ համաճարակի պատճառով հետաձգվել էր մեկ տարով, ուշացած մեկնարկում էլ անկանխատեսելի ու տխուր միջադեպի հանդիպեց, եւ այդ մասին ժամանակին արձագանքեց «Սպորտ-էքսպրես» թերթի թղթակից Վլադիմիր Զիմագուլովը։ Նախապես ասենք, որ այս անգամ առաջնության վճռական փուլի խաղերը որոշվել է անցկացնել ոչ թե, ինչպես ընդունված էր, մեկ երկրում, այլ՝ տարբեր երկրների 11 քաղաքներում, որոնցից մեկն էլ Բաքուն է։ Եվ ահա՝ վերոհիշյալ թերթն անդրադարձավ Ադրբեջանի մայրաքաղաքում նշանակված Ուելս-Շվեյցարիա հանդիպմանը՝ տպագրած նյութը վերնագրելով՝ «Բաքուն ամենատարօրինակ քաղաքն է Եվրոյի համար»։

Մեջբերենք հոդվածի սկզբնամասը. «Եվրո-2020-ի՝ Հռոմում կայացած վառ բացումից հետո մրցաշարի երկրորդ խաղը, որը կայացավ Բաքվում, Եվրոպայի առաջնության իսկական հակագովազդն էր․ այն անցկացվեց արտակարգ շոգ պայմաններում եւ գրեթե դատարկ ստադիոնում։ Պաշտոնական տվյալներով՝ խաղին ներկա էր 8 հազար 782 մարդ։ Դժվար է Եվրոպայի առաջնության մակարդակով որեւէ խաղ մտաբերել, որին հանդիսականների ներկայությունն ավելի վատ լիներ, քան սա էր, ընդ որում՝ մարզասերների մեծ մասը հիմնականում Ուելսն ու Շվեյցարիան էին ներկայացնում»։

Չի կարելի չանդրադառնալ եւ այն խնդիրներին, որ Ադրբեջանի «նախաձեռնությամբ» առաջացան մարզական մեկնաբաններ Նոբել Առուստամյանի եւ Կոնստանտին Գենիչի հավատարմագրումների հետ կապված։ Որոշում էր կայացվել նրանց զրկել այդ իրավունքից։ Ճիշտ է, Ռուսաստանի արտգործնախարարության միջամտությունից հետո Առուստամյանի իրավունքները վերականգնվեցին։ Իսկ ահա Միխայիլ Մոսակովսկուն, ով Բաքու էր ժամանել Ուելս- Շվեյցարիա խաղի անմիջական ռեպորտաժը վարելու համար, թույլ չտվեցին օդանավակայանից դուրս գալ՝ պատճառ բերելով, թե ժամանակին նա այցելել էր Ղարաբաղ։ Եվ ի՞նչ։ Հարկ եղավ նույն ինքնաթիռով վերադառնալ Մոսկվա եւ... այստեղից վարել խաղի ռեպորտաժը։

Սարսափելի դեպք գրանցվեց Կոպենհագենում, որտեղ ասպարեզ էին մտել Դանիայի եւ Ֆինլանդիայի հավաքականները։ Առաջին խաղակեսի վերջին րոպեներին, բոլորի համար անսպասելի, վայր ընկավ դանիացի Քրիստիան Էրիքսենը, ընկավ՝ կորցնելով գիտակցությունը։ Շտապ օգնության հասած բժիշկներն արձանագրեցին, որ դա սրտի նոպայի հետեւանք է, եւ որոշեցին անհապաղ նրան տեղափոխել մոտակա հիվանդանոց։ Փառք Աստծո, ամեն ինչ կարգավորվեց, եւ հիմա Էրիքսենն իրեն լավ է զգում։

Տարօրինակ էր նաեւ, որ բելգիացի Լուկակուն այդ նույն օրն իր խփած երկու գոլերը պարգեւեց Էրիքսենին։ Իսկ այդ գոլերը, անկարելի է դա չնշել, նա գրանցեց Ռուսաստանի հավաքականի հետ մրցման ժամանակ։ Բելգիացիները, հանդես գալով Սանկտ Պետերբուրգում, մեկնարկային խաղում, վստահորեն, 3-0 հաշվով պարտության մատնեցին, կարելի է ասել, դաշտի տերերին։
Եվրո-2020-ը կշարունակվի մինչեւ հուլիսի 11-ը։

 Միսակ Նազարյան