Բա գիտե՞ս, Լոսի Քիսոյին․․․

Բա գիտե՞ս, Լոսի Քիսոյին․․․

Հայաստանի ներքաղաքական կյանքն այնքան սերիալային է դարձել, որ մարդկանց թվում է, թե այն, ինչ կատարվում է իրենց հետ, իրենց չի վերաբերվում։ Պատերազմը, զոհերը, տարածքների հանձնումը շատերն իրական չեն համարում և նրանց թվում է, թե դրանք  բեմադրություն են։ Գոռ Վարդանյանի «Կոռուպցիա» սերիալից հետո մարդիկ ոչ թե իշխանությունից, այլ Գոռ Վարդանյանից են սպասում բեմականացման հանգուցալուծմանը։ Բոլոր սերիալային կերպարներին իրականության մեջ ճանաչում են և անհամբեր սպասում են, թե ասենք նրանց վերջը ինչ պիտի լինի։ Հատկապես քաղաքական առումով քունը փախցրածների համար սերիալը մի իսկական փրկություն է։

Շենքը, որտեղ ես ապրում եմ բազմահարկ է, բաց պատշգամբներով և սերիալից հետո բալկոններից իրար հետ խոսում են։ Մի քանի օր առաջ պատշգամբում մի տատիկ պատմում էր․

-էս գիշեր հանգիստ կքնեմ, Լոսի Քիսոյին սպանել են։

Զրուցակիցը ոգևորվում է,

-Ախչի, բա մաղարիչ ուզեի՞ր, շոգ էր բալկոնում հովանում էի, չտեսա։ Մի պատմի էլի, ո՞նց սպանեցին։ Պատմիր, որ սիրտս հովանա։

Ու այսպես յուրաքանչյուր օր։ Իրական քաղաքական կյանքը մոռացած, սերիալում հատուցման են սպասում, որ հանգստանան․․․