Իրական աշխատանքի փոխարեն՝ իմիտացիա. փող կպցնելը՝ որպես կյանքի միակ նպատակ

Իրական աշխատանքի փոխարեն՝ իմիտացիա. փող կպցնելը՝ որպես կյանքի միակ նպատակ

Տրամաբանորեն, Հայաստանի կառավարությանը մաս կազմող էկոնոմիկայի նախարարությունը պետք է զբաղվեր Հայաստանի տնտեսության զարգացման քաղաքականության մշակմամբ եւ իրականացմամբ: Իսկ ինչո՞վ է իրականում զբաղվում Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը, շատ պարզ կարելի է բացահայտել մի օրինակով: Այս նախարարությունը, ինչպես մի շարքային հասարակական կազմակերպություն, զբաղված է միջազգային կառույցներից փող կպցնելով: Տնտեսություն զարգացնելը բարդ եւ լուրջ հմտություններ պահանջող աշխատանք է, որը նաեւ ժամանակ է պահանջում,  իսկ փող կպցնել կարելի է մի քանի էջանոց ծրագիր կազմելով ու միջազգային կառույցներին ներկայացնելով:  

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքից՝ e-draft.am, տեղեկանում ենք, որ էկոնոմիկայի նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Զբոսաշրջության ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության ծրագիրը եւ 2022-2026 թվականների միջոցառումների ցանկը» անվանումով մի փաստաթուղթ: Էկոնոմիկայի նախարարության տրամաբանությամբ, քանի որ կլիման փոփոխվում է, տնտեսության տարբեր ճյուղեր պետք է հարմարվեն կլիմայական փոփոխություններին: Իրենք էլ՝ որպես նախարարություն, որոշել են կազմել մի ծրագիր, որը կօժանդակի Հայաստանի զբոսաշրջության ոլորտին՝ հարմարվել կլիմայական փոփոխություններին: Առաջին հայացքից ամեն ինչ շատ նորմալ է ու համոզիչ:
Նախ նշենք, որ այս ծրագիրը կազմվել է Կանաչ կլիմայի հիմնադրամի ֆինանսավորմամբ եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի օժանդակությամբ: Եթե այս ծրագիրն ինչ-որ կիրառական արժեք ունենար, կարող էինք ասել, որ միջազգային փողերի հաշվին Հայաստանի տնտեսությանն օժանդակող ծրագիր է կազմվել: Սակայն փաստաթղթի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Հայաստանի կառավարության այնպիսի հիմնարար նախարարություն, ինչպիսին էկոնոմիկայինն է, զբաղված է միջազգային կազմակերպությունների հետ փող աշխատելով, փոխանակ զբաղվի իր բուն առաքելության իրականացմամբ:

Ծրագրի հեղինակներն իրենց կազմած փաստաթղթում գրել են․ «Ջերմաստիճանի բարձրացումը զբոսաշրջության ոլորտի առջեւ ծառացող առանցքային հիմնախնդիրներից է», դրանով ցանկանալով ցույց տալ, թե որքան անհրաժեշտ է իրենց կազմած ծրագիրը։ Ըստ նրանց՝ 1929-2016 թվականների ընթացքում ջերմաստիճանը Հայաստանում տաքացել է 1,23 աստիճանով, եւ կանխատեսվում է, որ 2040 թվականին այն կբարձրանա 1,6, 2070թ.՝ 3,3, իսկ 2100-ին՝ 4,7 աստիճանով։ Ծրագրի հեղինակները, ավելի խտացնելով գույները, գրել են․ «Զբոսաշրջության վրա էական ազդեցություն են ունենում նաեւ հիդրոօդերեւութաբանական վտանգավոր երեւույթները, ինչպիսիք են՝ ուժեղ քամիները, հորդառատ տեղումները, վարարումները, երաշտը եւ ջերմային ալիքները»:

Նրանք նշում են, որ կլիմայի փոփոխության արդյունքում Հայաստանում ավելացել են տաք եւ սառը ալիքները, երաշտային երեւույթները, ձնաբքերը, հեղեղումներն ու սելավները, անտառային հրդեհները, քարաթափումները, սողանքներն ու ուժեղ քամիները։ Այս բոլոր երեւույթները բացասաբար են ազդում զբոսաշրջության վրա, որովհետեւ, օրինակ, «ձնաբուքն իր ազդեցությունն է ունենում լեռնադահուկային սպորտի (քամին կարող է ձյունը սրբել-տանել որոշակի տարածքից՝ այն կուտակելով մեկ այլ տարածքում եւ առաջացնելով անհարմարություն ձմեռային սպորտով զբաղվողների համար) օբյեկտների եւ, առհասարակ, զբոսաշրջության վրա»։ Ծրագրի հեղինակները նշում են, որ կլիմայի փոփոխության բացասական դրսեւորումները բացասական ազդեցություն են ունենում ողջ զբոսաշրջային ոլորտի վրա, որն ապահովում է մարդկանց աշխատանքով, բյուջեին՝ ֆինանսական մուտքերով:

Բայց ինչպե՞ս կարող է կառավարությունը կամ էկոնոմիկայի նախարարության կազմած ծրագիրը կանխել կլիմայի փոփոխությունը կամ դրա հետեւանքով առաջացող բացասական  երեւույթները: Ծրագրի հեղինակները դրա մասին ոչինչ չեն ասում, նրանց ասածն այլ բան է՝ կառավարության եւ միջազգային հիմնադրամների միջոցով բարձրացնել զբոսաշրջության ոլորտի հարմարվողականությունն այս բացասական դրսեւորումների նկատմամբ: Դարձյալ նպատակը փող կպցնելն է, միջազգային կառույցների հետ փող աշխատելը: Որովհետեւ եթե ձնաբուքը քշում-տանում է ձյունը, եւ տարածքը լեռնադահուկային սպորտի համար դառնում է անպիտան, ոչ մի ծրագրով չես կանխի ձնաբուքը եւ ձյան շերտը չես վերադարձնի սահուղի: Եթե սողանքների հետեւանքով քանդվում կամ փակվում են զբոսաշրջային ճանապարհները, հարմարվողականության ոչ մի ծրագրով այն չես բացի: Հնարավոր չէ հարմարվել քարաթափումներին, եթե դրա հետեւանքով փակվել են զբոսաշրջային հայտնի վայրեր տանող ճանապարհները։ Դրանք կարելի է բացել միայն տեխնիկայի միջոցով:

Այս ծրագիրը զբոսաշրջային բիզնեսին ոչինչ չի տա, բայց այն ֆինանսական լավ արդյունք կապահովի էկոնոմիկայի նախարարության ղեկավարության համար: Ի բարեբախտություն նախարարության ղեկավարի, միայն  զբոսաշրջային բիզնեսը չէ, որ պետք է հարմարվի կլիմայի փոփոխություններին: Այս նախարարությունը, ասենք, Պարենի համաշխարհային կազմակերպության ֆինանսավորմամբ կարող է մշակել գյուղատնտեսության ոլորտի հարմարվողականության ծրագիր, առողջապահության, տրանսպորտի եւ բազմաթիվ այլ ոլորտների հարմարվողականության ծրագրեր: Միայն թե փող տվող լինի, իրենք մեծ սիրով կգրեն:

Աշխարհի բազմաթիվ երկրներ պայքարում են կլիմայի փոփոխության դեմ եւ դա անում են գիտակցված ու միլիարդավոր դոլարներ ներդնելով այդ նպատակով իրականացվող ծրագրերի մեջ: Կլիմայի դեմ պայքարի մինչ այժմ առավել արդյունավետ միջոցը կանաչ տարածքների ավելացումն է՝ ծառեր եւ թփեր տնկելու ու աճեցնելու միջոցով: Չինաստանը, Հնդկաստանը, Ավստրալիան, Մեծ Բրիտանիան, Հարավային Կորեան, Ֆիլիպինները եւ աշխարհի բազմաթիվ այլ երկրներ տարեկան միլիոնավոր ծառեր են տնկում՝ անտառվերականգնումը հռչակելով համազգային եւ համամարդկային ծրագիր, այդ նպատակով ներգրավելով դպրոցականներին, ուսանողությանը եւ հասարակության այլ շերտերի: Բայց դա արվում է ոչ թե իմիտացիայի կամ փող կպցնելու համար, այլ խնդիրը գիտակցելով եւ այդ խնդրի լուծման նպատակադրմամբ:

2019 թվականին վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մինչեւ 2020թ. հոկտեմբերի 10-ը կտնկվի 10 միլիոն ծառ, որը կխորհրդանշի աշխարհի 10 միլիոն հայության միասնությունը: 10 միլիոն չէ, դրա 1 տոկոսը` 100 հազար ծառ էլ չտնկվեց: Գուցե տնկվեց 20-30 ծառ, որը ոչ թե հայության, այլ Փաշինյանի ու իր նեղ շրջապատի՝ ամեն ինչից փող աշխատելու գաղափարի շուրջ միասնական լինելու խորհրդանիշն է:

Ավետիս Բաբաջանյան