Դուք ուրիշ անելիք չունե՞ք

Դուք ուրիշ անելիք չունե՞ք

Իշխող «Քաղաքացիական պայմանագիրն» Ազգային ժողովում քննարկում է խմբակցության պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանի եւ Լիլիթ Մինասյանի հեղինակած «Զանգվածային լրատվության մասին» օրենքում հերթական լրացումը կատարելու մասին նախագիծը։ Այսինքն` գործող իշխանությունները հերթական անգամ փորձ են կատարում սահմանափակել լրատվամիջոցների գործունեությունը։ Այս անգամ որոշել են օրենքում փոփոխություններ կատարել, որ լրագրողին տվյալ կառույցում աշխատելու հավատարմագրից զրկելու հնարավորություն ստանա հավատարմագրողը։ Մինչ այս այդ իրավունքն ուներ լրատվամիջոցը՝ փոխելով որեւէ կառույցում հավատարմագրված լրագրողին մեկ այլ անձով։

«Բոլոր իշխանություններն էլ այս կամ այն չափով փորձել են խոչընդոտել լրագրողական աշխատանքը, սակայն նախկինում հաշվի են առնվել համայնքի ներկայացուցիչների կարծիքները, աղմուկ է բարձրացվել, տրվել է սպառիչ պատասխան, կամ քննարկում է եղել, հարցը լուծվել է։ Այսպես երբեք չի եղել, որ ում գլխում ինչ միտք ծագի, կյանքի կոչվի»,- նշում է ՀԺՄ նախագահը: «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ չինովնիկներն առհասարակ երբեք չպետք է խառնվեն այսօրինակ հարցերին, քանի որ այդ ամենն ուղղակիորեն օբյեկտիվ լինել չի կարող: «Ես բացասաբար եմ վերաբերվում այն նախագծին, որը քննարկվում է: Կարծում եմ, որ չինովնիկները չպետք է նման որոշումներ ընդունեն, հավատարմագրումից զրկել կամ չզրկելու որոշում կարող է ընդունել տվյալ խմբագրությունը կամ էլ ինչ-որ լրագրողական հասարակական կազմակերպություններ։ Ցավոք, մենք չունենք շատ հեղինակավոր նման կազմակերպություն, որին բոլորն իրապես հեղինակություն կհամարեին, սակայն իդեալական կլիներ, եթե չինովնիկները նման հարցերում որոշումներ չընդունեին, քանի որ այստեղ սուբյեկտիվիզմի գործոնը շատ մեծ է: Իրականում կա խնդիր. որոշ գործընկերներ իրենց այնպես են պահում, որ, օրինակ, իմ սրտով չէ՝ ագրեսիվ են եւ այլն, բայց հիմա այս ամենն արվում է զուտ նրա համար, որ Ազգային ժողովի հավատարմագրումից զրկեն այն լրագրողներին, որոնք անհարմար հարցեր են տալիս իշխանական պատգամավորներին»,- նշում է Արամ Աբրահամյանը: