«Հրապարակ». Երեք բուհ միավորվելու են․ կոչվելու է Հայաստանի տեխնոլոգիական համալսարան

«Հրապարակ». Երեք բուհ միավորվելու են․ կոչվելու է Հայաստանի տեխնոլոգիական համալսարան

Մի շարք բուհերում կրկին անհանգիստ են` լուրեր են շրջանառվում, թե շուտով միավորվելու են Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանը եւ Ճարտարապետության եւ շինարարության ազգային համալսարանը։ Միավորված բուհը կոչվելու է Հայաստանի տեխնոլոգիական համալսարան։
Ագրարային համալսարանը 2023-ի դեկտեմբերի 25-ից ռեկտոր չունի` նախկին ռեկտոր Վարդան Ուռուտյանի պաշտոնավարման ժամկետի լրանալուց հետո ռեկտորի պարտականությունները կատարում է պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանը, եւ ռեկտորի պաշտոնի համար մրցույթ չի հայտարարվել։ Մոտ օրերս բուհի հոգաբարձուների խորհուրդը պետք է նիստ անցկացնի՝ քննարկի եւ հաստատի համալսարանի 2024-2025 թթ․ բյուջեն, հաստիքացուցակները, քննարկի ռեկտորի թափուր պաշտոնի համար մրցույթ հայտարարելու հարցը։ Սակայն կարծում ենք, որ դա չեն անի, քանի որ բուհը գնում է միավորման:

Մեր տեղեկություններով, ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանը հրաժարվել է իր թեկնածությունն առաջադրել ռեկտորի պաշտոնում: Ավելին` հիմա բուհում դասախոսների կրճատում է կատարվում։ Այս եղանակով, ըստ էության, միավորումն են նախապատրաստում` տեղ են բացում մյուս բուհերի դասախոսների եւ միացյալ բուհի ռեկտորի համար։ Համալսարանում խոսում են, որ անգամ տարեկան բյուջեն չի հաստատվելու, այլ հաստատվելու են մինչեւ ուսումնական տարվա ավարտը նախատեսված անհրաժեշտ ծախսերը, իսկ սեպտեմբերից կգործի միավորված համալսարանը, եւ նոր կքննարկվեն բյուջեն ու հաստիքացուցակները։ 

Փորձեցինք այս լուրը ճշտել Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի հանրային կապերի եւ տեղեկատվության բաժնից։ Բաժնի ղեկավար Աստղիկ Մելիք-Քարամյանին հարցրինք. «Կա՞ այս պահին ՀԱԱՀ-ն, ՀԱՊՀ-ն, ՃՇԱՀ-ն միավորելու ծրագիր»։

- Մենք բուհերին ուղղել ենք միավորման առաջարկներ, որպեսզի նայեն եւ իրենց հայեցակարգը ներկայացնեն կոմիտեին։ Այս պահին գործընթացը բուհերի տիրույթում է։ Առաջարկները բուհերին ուղղվել է 2023-ի հուլիսի 17-ին՝ գիտական բուհերին եւ գիտահետազոտական կազմակերպություններին ուղղված խոշորացման հայեցակարգի վերաբերյալ։ Բուհերից հայեցակարգային առաջարկներ ներկայացնելու վերջնական ժամկետը փետրվարի 15-ն է։ Այս պահին երկու բուհից է ստացվել առաջարկ։ ՀԱԱՀ, ՀԱՊՀ, ՃՇԱՀ-ն դեռ չեն ներկայացրել իրենց առաջարկները։ Խոշորացումն իրականացվելու է նախարարության կողմից, երբ լինեն հայեցակարգերը: Իրարից տարբեր բովանդակությամբ բուհերը չեն միավորվելու։ 

- Կոմիտեի առաջարկով Հայաստանի պոլիտեխնիկական, Հայաստանի ագրարային  եւ Ճարտարապետության եւ շինարարության համալսարանները պետք է միավորվե՞ն։

- Տեխնոլոգիական կլաստերի շրջանակում գուցե դիտարկվեն, բայց այս պահին դեռ այդ նախագիծը չի քննարկվում։ Գուցե խոսակցություններ կան, բայց դեռ սպասում ենք առաջարկներին, որը պետք է ստանանք, քննարկենք։ Մենք 10 օրից կարող ենք ամփոփել՝ արդեն բուհերի կողմից վերջնական առաջարկները ստանալուց հետո։ Այս պահին կոնկրետ նախագիծ չկա, բայց խոշորացման հայեցակարգը միանշանակ նախարարության օրակարգում է, եւ այդ ուղղությամբ քայլեր են արվում, որն իրականացվելու է օրենսդրությամբ սահմանված կարգով։