Տոնի բուն խորհուրդն է՝ ելնել ընդառաջ Հիսուս Քրիստոսին. Տեր Մատաթիա քահանա Գասպարյան

Տոնի բուն խորհուրդն է՝ ելնել ընդառաջ Հիսուս Քրիստոսին. Տեր Մատաթիա քահանա Գասպարյան

Հայ Առաքելական Եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին՝ նշում է  Տյառնընդառաջը։ Տրնդեզ, Տեառնընդառաջ, Տանդառեջ, Տնդալեշ, Տառինջ-տառինջ, Դառդառանջ, Դոռոնջ, Մելետ և բազմաթիվ այլ անուններով հայտնի տոնը հայ ժողովուրդը նշում է հազարամյակներ շարունակ։ Տոնի քրիստոնեական խորհրդի և կազմակերպվող միջոցառումների մասին «Հրապարակը» զրուցել է Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Մատաթիա քահանա Գասպարյանի հետ:

«Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո, Հայ Առաքելական Մայր Եկեղեցին փետրվարի 14-ին նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տյառնընդառաջը կամ ժողովրդի մեջ լայն տարածում գտած` Տրնդեզը։ Տյառնընդառաջի տոնը Տիրոջն ընդառաջ գնալու հրավեր է բոլորին։ Մենք ամենքս պիտի անսանք Տիրոջ խոստմանն ու կանչին: Այն նոր սկիզբ է արժևորելու մեր քրիստոնեական ընթացքը և կենսակերպը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ  Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ, արդեն մի քանի տարի է, ինչ Տյառնընդառաջի Պատարագից հետո Հայոց եկեղեցիներում տեղի է ունենում նորապսակների օրհնության կարգ, որից հետո նորապակները եկեղեցու բակի կրակից տանում են միջոցառումն արդեն իրենց բակերում և տանը շարունակելու համար»,- ասաց Տեր Մատաթիան:

Եկեղեցու հոգևոր սպասավոր՝ Տեր Մատաթիան, ավելացրեց նաև, որ տոնի բուն հոգևոր խորհրդից բացի այն համեմվել է ազգային ավանդական ընթացքով, երգ ու պարով միմյանց հանդեպ շնորհավորհանքներով, մաղթանքներ հղելով:

«Ես կարծում եմ, որ այս պահին, որ կարող ենք հայերս տոնի մեջ իրար մաղթանք հղել, ճիշտ է, որ մաղթենք խաղաղ ընթացք միմյանց, առողջություն և ամենակարևորը ելնենք ընդառաջ տիրոջը՝ Հիսուս Քրիստոսին, որը հենց տոնի բուն խուրհուրդն է: Լինենք այն Սիմեոն ծերունին, որը փափագում էր տեսնել տիրոջը, շոշափեր, և տեսավ ու շոշափեց: Մենք էլ փափագենք տեսնել տիրոջը և մասնակցելով պատարագին՝ հաղորդվենք այդ խորհրդի հետ, Քրիստոսի մարմինն ու արյունը ընդունելով մեր մեջ»,- զրույցի վերջում ասաց Տեր Մատաթիա քահանան: