Արցախում սորոսականները փորձում են տապալել բողոքի ակցիաները

Արցախում սորոսականները փորձում են տապալել բողոքի ակցիաները

«Արցախում սորոսականները փորձում են տապալել բողոքի ակցիաները», -  «Հրապարակի» հետ զրույցում ասաց Արցախի «Արդարություն» կուսակցության երիտասարդական թևի ղեկավար, «Հանուն Արցախի պաշտպանության» շարժման համակարգող, Արցախի «Վերնատուն» վերլուծական կենտրոնի ղեկավար Արշակ Աբրահամյանը:

Նրա խոսքով, երբ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը հայտարարեց փաստաթղթի ստորագրման իր պատրաստակամության մասին, այդ օրը հրապարակում ինքնաբուխ կերպով ոտքի կանգնած արցախցիներին միացավ նաև «Հանուն Արցախի Պաշտպանության» շարժումը։

«Քանի որ մինչ այդ օրը նստացույց հայտարարած սորոսական Տիգրան Պետրոսյանը, որն իշխանամետ «Վաղվա Արցախ» կուսակցության նախագահն է և պարբերաբար հանդես է եկել Արցախի ընդդիմության, ավելի կոնկրետ` Վիտալի Բալասանյանի դեմ հայտաարություններով, իր թիմով հանդերձ արդեն գտնվում էր հրապարակում, մենք չնայած այն հանգամանքին, որ բացարձակ չունեինք միանման քաղաքական հայացքներ, հրապարակային հայտարարեցինք, որ մի կողմ ենք թողնում ամեն ինչ և միանում պայքարին, սակայն այն, ինչ տեղի ունեցավ երեկ, շարժեց ցուցարարներից շատերի զայրույթը: Տիգրանն, ով ոչ վաղ 2018 թվականին` մերժում էր Սերժ Սարգսյանին, այսօր որոշել է իբրև պայքար մղել թրքացման դեմ, սակայն սա ընդամենը Արցախում բողոքի ակցիաները տապալելու փորձ է: Սորոսական թևը փորձում է Արցախում ձևավորվող ցասումի շերտը փոշիացնել»- ասում է մեր զրուցակիցը:

Նրա պնդմամբ` սորոսական Տիգրան Պետրոսյանն ամեն կերպ փորձում է ծածուկ պաշտպանել և արդարացնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ցուցարարներից ով Նիկոլ Փաշինյանին դավաճան, կամ կապիտուլյանտ է համարում, այս երիտասարդի թիրախն է դառնում: «Ասեմ ավելին` նա ունի սարսափելի գռեհիկ հռետորաբանություն և Նիկոլ Փաշինյանի քննադատներին սպառնում է բեմահարթակից շպրտել, եթե շարունակեն Փաշինյանի դեմ ուղղված քննադատությունները: Նա օգտվում է մարդկանց հուսահատությունից և հավաքվածներին փորձում է իր կեղծ օրակարգերով շեղել իրականությունից: Ցուցարարներից շատ շատերը տարեց մարդիկ են, 88-ի բովով անցած: Շատերն անգամ ինքնաբուխ ակցիային մասնակցում են ձեռնափայտով` երիտասարդներին խրախուսելու նպատակով»-, նշում է Արշակ Աբրահամյանը: «Ես կոչ եմ անում արցախահայությանը սթափ դատել և զատել իրական ընդդիմությանը սորոսականներին»,- ասում է մեր զրուցակիցը: