Եվ հետո, ինչ էլ պատահի, գարունդ հայերեն է գալու․․․

Եվ հետո, ինչ էլ պատահի, գարունդ հայերեն է գալու․․․

Համո Սահյանը պատմում է․ 

«Հայրս իր հայրենիքը միշտ համեմատել է մոր հետ: Իր երկրի ճակատագրով մտահոգված է եղել միշտ: Նա այն համոզման էր, որ մենք եղել ենք, կանք ու կլինենք, չնայած գիտեր, որ դժվարին ճանապարհ է սպասվում: Նա ասում էր, որ եթե ժողովուրդը իր հոգով բարձր է, ուրեմն կա»: Իսկ ե՞րբ է ժողովուրդը հոգով բարձր։ Երբ իր ազգային արժեքները, մշակույթը թշնամու ոտքի տակ չի տալիս, գարնան պես սիրում ու փայփայում է։ Երբ հայրենիքը սիրում է մոր պես։ Հայաստանը մոր կաթի պես է, նա մեզ ապրեցնում է, իզուր չէր Սահյանն ասում․ «Մորս ծաղիկ ծոցի մեջ կար մի ծիվ-ծիվ Հայաստան»։

Գիտե՞ք ինչ բան է, երբ հայրենիքդ ծոցումդ ես պահում։  Հայրենիքիդ երբ  ցավ են պատճառում, ծոցիդ տակ ցավից թպրտում է սիրտդ։ 2018- ից հայրենիքը մեր ծոցից ստիպում են հանել։ Գարնան առաջին օրն է, ու մարդիկ գրում են, որ այս տարի վերջապես մի լավ բան եղավ։ Գարուն եկավ, որ գուցե արթնացնի քնած սրտերը, և փորձեն գարունը տեսնել  ուրիշ աչքերով։ Արթնանան ու հասկանան, որ գարունը հայերեն է գալիս, որ թռչունները հայերեն են երգում։  Համո Սահյանը գարնան, բնության զարթոնքի մասին շատ բանաստեղծություններ է գրել, բոլորը գլուխ գործոցներ են, բայց այս օրերի շնչով ու ոգով հնչում է հատկապես նրա «Գարունդ հայերեն է գալիս» բանաստեղծությունը․
Գարունդ հայերեն է գալիս,
Ձյուներդ հայերեն են լալիս,
Հայերեն են հորդում ջրերդ:
Հավքերդ երգում են հայերեն,
Խոփերդ հերկում են հայերեն,
Հայերեն են տոկում գրերդ:

Սա մի յուրահատուկ երգ է, որն ուղղված է այն մարդկանց, որոնք մոռացել են, որ հայրենիք ունեն, մոռացել են, որ պատմություն ունեն։ Մոռացել են մեր հայերեն խոսող բնությունն ու ասում են, որ մեր հայկական չքնաղ գյուղերը ադրբեջանական են։ Իրենք առանց սրտի ցավի հայրենիք են հանձնում ու ծիծաղում հայրենիք բառի վրա․ 
Ձորերդ հայերեն են շնչում,
Զոհերդ հայերեն են ննջում,
Հայերեն են տանջում ցավերդ:
Իսկ եթե, Աստված չանի, ինչ- որ բան պատահի, բանաստեղծն ասում է․ 
Թող Աստված եղածը պահի,
Եվ հետո ինչ էլ պատահի,
Ձյուներդ հայերեն են լալու,
Գարունդ հայերեն է գալու,
Հայերեն են գալու դարերդ: