Իրանը վարում է հայամետ քաղաքականություն և ավելի լավ կարող է պաշտպանել Հայաստանի շահերը․ Իրանցի վերլուծաբան

Իրանը վարում է հայամետ քաղաքականություն և ավելի լավ կարող է պաշտպանել Հայաստանի շահերը․ Իրանցի վերլուծաբան

Հոկտեմբերի 17-ին Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ Եվրախորհրարանում, որտեղ ոչ միայն անդրադարձավ Արցախից բռնի տեղահանված արցախցիների խնդիրներին, օգնություն խնդրեց, այլև քննադատեց ՀԱՊԿ-ին և Ռուսաստանի Դաշնությանը։ Նա հույս էր հայտնել, որ Եվրամիության հետ հարաբերությունների խորացումը նպաստավոր կլինի Հայաստանի համար։ Իրանցի քաղաքական վերլուծաբան Փույա Հոսսեյնին «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ Իրանում ուշի ուշով հետևում են Հայաստանի իշխանությունների և քաղաքական ուժերի ելույթներին, հայտարարություններին։
«Իրանը միշտ իր խոսքը հստակ ասել է, որ ցանկալի է, որ Անդրկովկասի երկրները մեր տարածաշրջանի երկրների հետ կարողանան իրենց հարցերն ու խնդիրները լուծել, քանի որ մեր տարածաշրջանի երկրներն ավելի շահագրգռված են անվտանգության ու խաղաղություն հաստատելու հարցում։ Իրանը կասկածում է այս տարածաշրջանից դուրս գտնվող երկրների մասնակցության ու միջամտության իրական նպատակներին ու անկեղծությանը այդ գործընթացներում»,-ասաց Հոսսեյնին։

Իրանցի քաղաքական վերլուծաբանը մանրամասնում է, երբ Իրանն ասում է, որ տարածաշրջանի երկրների հետ պետք է հարցերը լուծել, ամենևին նկատի չունի Թուրքիային ու Ադրբեջանին, որոնք ուղիղ հակառակ շահեր ունեն տարածաշրջանում։ Իրանը նկատի ունի հենց իրեն՝ այսինքն իր միջամտությամբ ու միջնորդությամբ այդ հարցերն ու խնդիրները լուծելուն, ինչը համահունչ է Հայաստանի անվտանգային խնդիրներին ու շահերին։

Իրանի հստակ քաղաքականությունն ու խոսույթն այն է, որ ոչ մի գեոպոլիտիկ փոփոխություն տարածաշրջանում տեղի չունենա, և հայերի իրավունքներն ու անվտանգությունը տարածաշրջանում պետք է պահպանվեն։

«Դա հայամետ դիրքորոշում է Իրանի կողմից և եթե բանակցություններ լինեն Իրանի միջնորդությամբ, ավելի հստակ և ավելի ուժեղ կարող է պաշտպանել Հայաստանի շահերը։ Վերջին տարիներին ականատես ենք եղել, թե ինչպես Իրանը իր վարած քաղաքականությամբ թույլ չի տվել, որ կյանքի կոչվի, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքը, գեոպոլիտիկ որևէ փոփոխություն տեղի ունենա և օրինական չի համարում Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք ադրբեջանական զորքերի ներխուժումը: Միշտ հայտարարել է, որ դրանք անօրինական գործողություններ են և պետք է բացառվեն»,-ասաց իրանցի քաղաքական վերլուծաբանը։