Արցախցիներից ներողություն խնդրելով՝ անդրադառնում եմ այս թեմային

Արցախցիներից ներողություն խնդրելով՝ անդրադառնում եմ այս թեմային

Տարիներ շարունակ մենք ականատես ենք եղել, թե ինչպես շատ ընտանիքներ ծայրահեղ ծանր վիճակում ապրում, շատ հաճախ այն պատճառով, որ ընտանիքի հայրը կամ մայրը դա օգտագործել է բոլորից օգնություն ստանալու համար։

Երեխաների սոված պահելով, տանն ահավոր պայմաններ ունենալով նրանք փորձում էին խղճահարություն առաջացնել ու հնարավորինս շատ օգնություն ստանալ։

Հիմնականում չէին աշխատում ու չէին էլ փորձում աշխատել, և միայն սպասում էին, որ բոլորն իրենց օգնեն։ Օգնողներից  շատերի համար էլ դա հաճախ ուղղակի իրենց տված մի չոփը գերան ներկայացնելու հնարավորություն էր ու գնում և նկարում էին այդ անմարդկային պայմաններում ապրող մարդկանց, կեղտի մեջ խաղացող երեխաներին ու իրենց օրինակ բուլկի տալիս, որը երեխան կեղտոտ ձեռքերով ուտում էր ու իրենք էլ իրենցից գոհ նկարում էին։ Սովորել ենք, որ անգամ օգտագործած ու անպիտան հագուստի տրամադրումը որպես բարեգործություն էր մատուցվում ու ներկայացվում։ Ոմանք մաքրում էին իրենց զգեստապահարանները և ձեռքի հետ «բարեգործ» դառնում։ Մինչդեռ բարեգործությունը հագած հագուստը տալը չի, ցույց տալու համար օգնելը չի  բարեգործությունը շատ ավելի լայն ու կարևոր նշանակություն ունի։
Հիմա, երբ մենք ունենք 120000֊ից ավելի բռնի տեղահանված հայրենակից, իրավիճակը լրիվ այլ է։

Այս բոլոր մարդիկ Արցախում աշխատել ու արարել են, իրենք ապահովել իրենց ապրուստը, ունեցել տուն, աշխատանք, բիզնեսներ և այդ ամենից զրկվել են դավաճանաբար Արցախը հանձնելու պատճառով, ինչը եղել է 2020-ին, ոչ թե այս տարվա սեպտեմբերին։ Ու դա պետք է հստակ հասկանալ ու երբեք, ԵՐԲԵՔ նույն մոտեցումը չցուցաբերել, ինչը վերը նշված օրինակներում ընտանիքներին օգնելիս էր արվում։
Սա գրում եմ, որովհետև հաճախ եմ հանդիպում գրառումների, մեկնաբանությունների կամ լսում խոսակցություններ, երբ որոշ «բարեգործներ» բարկանում են, որ իրենց տված հագուստը մեկը «համարձակվել է» չհավանել և չվերցնել, կամ վերցնելուց հետո 492 անգամ շնորհակալություն չի հայտնել, կամ գնացել ու խանութից իր երեխայի համար նոր ներքնազգեստ է գնել, ոչ թե ուրիշի տրամադրած օգտագործածը հագցրել։ Պատմություն են սարքում, որ հանկարծ արցախցիների են տեսնում ասենք պիցցերիայում ճաշելիս, որ ամբողջ օրը միայն բրինձ ու մակարոն չեն ուտում, ինչը ցավոք, մի շարք այլ մթերքների հետ, այն փաթեթների մեջ է, որոնք կարողանում ենք տրամադրել ամեն ինչ կորցրած մեր հայրենակիցներին։

Ամեն օր տասնյակ զանգեր ու նամակներ եմ ստանում, ինչպես և ձեզանից շատերը, և փորձում ենք հնարավորն ու անհնարինն անել այն մարդկանց համար, ով մեզ պես Արցախը կորցնելուց բացի, կորցրել է նաև տունը, աշխատանքը, եկամտի աղբյուրն ու ցավոք նաև հույսն ու հավատը, և փորձում օգնել գտնել առաջիններն ու վերականգնել վերջինները։ Բայց միևնույն ժամանակ մեզ վատ ենք զգում, որ այդ մարդիկ ստիպված են մեզ դիմել, քանզի իրենք սովոր չեն դրան  ու չպետք է այս վիճակին հասներ։

Հիմա, արցախցիներից ներողություն խնդրելով այս թեմային անդրադառնալու համար, խնդրում եմ բոլորին, որ հաշվի առնեն այս կարևոր փաստերը և չփորձեն ամեն օրինակ կամ դեպք օգտագործել արցախցիների վրա ինքնահաստատվելու համար, ինչպես ոմանց դեպքում արդեն նկատել եմ։ Ես անձամբ դա երբեք չեմ ներելու ու այդ մարդկանց հետո շատ վատ ձևով հիշեցնելու եմ։ 

Մինչև հերթական գրառումը և մունաթը ձեզ պատկերացրեք այն մարդկանց տեղը, ով հիմա ստիպված է սպասել մեր օգնությանը։ 

Հ.Գ. Մի կարևոր բան էլ, մենք պարտավոր ենք հիմա անել հնարավորն ու անհնարինը մեր հայրենակիցների համար, ինչպես 1988-ին երկրաշարժից հետո կամ ասենք Սուրմալուի պայթունից հետո։ Երբ ընտանիքում դժբախտություն է լինում կամ ընտանիքի անդամներից մեկը հիվանդանում է, մյուսները պարտավոր են գործել ինչպես ընտանիքի անդամներ, որովհետև մի ընտանիք են։

Արման Հայրապետյան