Երնեկ գժերին,որ էլ չեն գժվի...

Երնեկ գժերին,որ էլ չեն գժվի...

Այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Ստեփանավանից Ագարակ գնացող ճանապարհի կամուրջը մի պահ երեւում է, հետո անցնում ծառերի հետևը, ծառերը պետք է կտրել և այլ տեղում տնկել․ 

« ․․․սա էն դեպքն է, որ պետք է չխնայել եւ ծառերը կտրել եւ այլ տեղում կրկնակի, եռակի չափով ծառեր տնկել, այդ կամուրջը մի քիչ կարգի բերել, լուսավորություն իրականացնել, որովհետեւ այդ ճարտարապետական հուշարձան է»։ 

Սիրտս ծառս եղավ․  Նիկոլ, քանի՞ ճարտարապետական հուշարձան , քանի՞ գյուղ, քանի՞ քաղաք, քանի՞ մայրուղի, քանի՞ դիրք ես թշնամուն հանձնել։ Ախր ինչքա՜ն կարելի է հավի տեղ դնել ժողովրդին ու ցույց տալ, որ սիրտդ ցավում է, որ ճարտարապետական հուշարձանը չի երևում։ Հիմա ի՞նչ ես որոշել, որ ժամանակից առաջ ես ընկնում ու կառավարության անդամներիդ, որոնց արմատից վաղուց ես կտրել, ներկայացնում ես ծառեր կտրելու անհրաժեշտությունը։ Ի՜նչ ես ուզում Ստեփանավանից, ի՜նչ․․․ Կամուրջը դժբախտ ու դժգու՞յն է․․․ լուսավորություն չկա՞․․․

Ծառերը պիտի կտրել, որ հետո տնկե՞ն․․․  Լեզուս չի գալիս հարցնեմ՝ քանի՞ հազար կենդանի ծառ կտրեցիր, որ կարող էին չկտրվել․․․ Տնկեցի՞ր։ Տասնյակ հազարավոր կենդանի ծառեր կտրելուց, հաշմելուց  հետո էս ի՞նչ դերասանություն է, որ քննարկում ես։ Մեր հողը ներխուժած ու մեզ պտղից զրկած թշնամու արմատը  կտրիր,  երկրի անվտանգությունը հոշոտող գիշատիչների իզն ու թոզը կտրիր։ Դու այդ ինչի՞ վրա ես։ 

Ավելին չասելու համար ուղղակի սահմանափակվեմ այս նախադասությամբ՝ երնեկ գժերին,որ էլ չեն գժվի...