70 տարի առաջ մոտոցիկլով հարս տարավ. տեսանյութ

70 տարի առաջ մոտոցիկլով հարս տարավ. տեսանյութ

94-ամյա Ցոլակ Չինարյանն ու 92-ամյա Ֆրիդա Չինարյանը շրջանցեցին համատեղ կյանքի 70 տարին: Նրանք վաղուց տոնել են Երկաթե հարսանիքը, որը ամուսնական  կյանքի 65 տարին է, եւ 70-ը բոլորելուց հետո պատրաստվում են Բարեբեր հարսանիքին: 70 տարի անց՝ ձմռան մի  օր,  երիտասարդ Ցոլակը Գյումրիից Հարթագյուղ հարս տարավ գեղեցկադեմ Ֆրիդային: Այն տարիների համար արտասովոր,սակայն  յուրօրինակ ձևով  հարս տարավ. համարձակ տղան ապագա կնոջը մոտոցիկլ նստեցրեց ու գյուղ տարավ, քանի որ այլ փոխադրամիջոց չկար:

Ավանդական օրհնանքը կատարվեց. 7 որդով սեղան նստեցին՝ 4 տղա, 3 աղջիկ ունեցան: Դուստրերից միայն մեկն է վաղամեռիկ, մյուսները ողջ եւ առողջ են՝ ծնողների կողքին: Որդիներից՝ Վաղինակը, որ արդեն թոռնատեր է, հպարտանում է՝ մայրն ու հայրը օրինակելի զույգ են, զարմանալի կապվածություն ունեն, իսկ նրանց վեճերը երբեք կենցաղայինից այն կողմ չեն անցել:

«Հայրս արհեստավոր է, եւ հաճախ էին տանը մարդիկ լինում, անընդհատ գնում ու գալիս էին, հայրս բոլորի առաջ սեղան էր գցում: Մորս ու հորս վեճերն էլ դրա շուրջ էին լինում: Մայրս դեռ չէր հասցնում սեղանը հավաքել, նորը պիտի փռեր»,-պատմում է որդին:                   Նշենք, որ Չինարյանների տանը կրկնակի տոն է. Ցոլակ պապի եւ Ֆրիդա տատի ամուսնության 70-ամյակը նշանավորվեց նրանց թոռան ամուսնությամբ: Տատն ու պապն ավելին չեն մաղթում. թոռանն ու նրա ընտրյալին միասին նույնքան եւ ավելի տարիների համատեղ կյանք: