Փաշինյանն ու Քոչարյանը որոշակի ընդհանրություններ ունեն

Փաշինյանն ու Քոչարյանը որոշակի ընդհանրություններ ունեն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը արժեքային ու քաղաքակրթական տեսանկյունից իհարկե հակոտնյա բևեռներում են: Իսկապես նրանք տարբեր աշխարհայացքներ ու արժեհամակարգեր ունեցող քաղաքական գործիչներ են: Բայց նույնիսկ տարբերությունների ու մարդկային հակադիր բնությունների պարագայում, համեմատության որոշ եզրեր, այնուամենայնիվ նշմարվում են:  

Համեմատության էության մասին ավելի խորքային պատկերացում կազմելու համար առաջին հերթին արժե խոսել առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և վարչապետ Փաշինյանի տարբերությունների մասին: Իհարկե հաճախ են նշում, թե Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսյանի ժառանգորդն է և նույնիսկ հոգեզավակը: Շեշտադրում են նաև այն փաստը, իբրև թե վարչապետը Տեր-Պետրոսյանի քաղաքական գծի շարունակողն ու մարմնավորողն է: Սրանք իհարկե դատարկ խոսակցություններ են ու չեն համապատասխանում իրականությանը: Քաղաքականությունից քիչ թե շատ գլուխ հանող յուրաքանչյուր ոք կարող էր հասկանալ, որ քաղաքական տեսանկյունից Փաշինյանն ու Լևոն-Պետրոսյանը որևէ կերպ չեն նույնականացվում ու նույնիսկ նման էլ չեն: Տարբերություններն իսկապես շոշափելի են: 

Հռետորաբանության տեսանկյունից Տեր-Պետրոսյանը չափազանց զսպված է, սառնասիրտ ու ծանրակշիռ: Նա քիչ է խոսում, իսկ խոսելու դեպքում էլ ամեն մի բառը հստակ հաշվարկված է ու թիրախավորված: Առաջին նախագահի խոսքում երբեք ավելորդ արտահայտություններ ու ձևակերպումներ չենք կարող գտնել, ամեն մի ստորակետը հարմարեցված է քաղաքականության չոր խաղի կանոններին: 

Ի տարբերություն առաջին նախագահի վարչապետ Փաշինյանը շատ է խոսում և, ինչու չէ նաև, չափազանց շատ է սիրում խոսել: Միգուցե սա էլ մասնագիտական առանձնահատկություն է: Բայց շատ խոսելուց զատ, Փաշինյանը հաճախ չհաշվարկված, անհեռատես և նույնիսկ հակասական արտահայտություններ ու ձևակերպումներ է իրեն թույլ տալիս: Սա էլ երևի խառնվածքի հարց է: Տաքարյուն խառնվածքի: Բայց խնդիրը միայն խառնվածքի մեջ չէ, այլ նաև վատ կրթության: Թող ինձ ներեն վարչապետի բոլոր համակիրներն ու երկրպագուները, բայց Փաշինյանն իսկապես թույլ կրթություն ունի և քաղաքական պայքարի երկար ու ձիգ տարիները չեն լրացրել այդ բացը: Արդյունքում նա հաճախ հանդես է գալիս իսկապես անբովանդակ ու անհիմն հայտարարություններով, որոնք քաղաքական տեսանկյունից փակուղային են, իսկ փիլիսոփայական իմաստով՝ պարզապես տաֆտալոգիա: 

Վերադառնանք Քոչարյան-Փաշինյան տարբերություններին ու նմանություններին: Եվ այսպես քաղաքական հռետորաբանության տեսանկյունից վարչապետը ավելի շատ նման է երկրորդ նախագահին: Ժամանակին վերջինս ասում էր, թե ժողովուրդն իր կուսակցությունն է, իսկ Փաշինյանը կրկնում է գրեթե նույն միտքը՝ Հայաստանը համարելով իր օջախը, իսկ ժողովրդին՝ ընտանիքը։ Երկուսն էլ ունեն գրեթե նույն կոմպլեքսը, որն է՝ ատելությունը Տեր-Պետրոսյանի նկատմամբ, քանի որ երկուսի քաղաքական կարիերայում էլ վերջինս վճռական նշանակություն է ունեցել։ Փաշինյանի պես Քոչարյանն էլ էր շատ խոսում, նույնիսկ չափից շատ: Խոսում էր հեգնանքով ու ցինիզմով՝ առանց ծանր ու թեթև անելու: Հակված եմ կարծելու, որ եթե Քոչարյանն իր քաղաքական կարիերայի ընթացքում մի փոքր ավելի քիչ խոսեր, ապա նրա նկատմամբ բացասական վերաբերմունքն էլ շատ ավելի մեղմ կլիներ: Նա իր անհեռատես տեքստերով, կարծես թե, միտումնավոր կերպով գրգռում էր մարդկանց ցասումն ու զարյութը: Եվ Քոչարյանը և Փաշինյանը չափից դուրս և երբեմն էլ չհիմնավորված ինքնվաստահություն ունեն, ինչպես նաև տառապում են երբեք չպարտվելու և մշտապես, հաղթելու առաջինը լինելու, հերոսանալու բարդույթներով: 

Ինչևիցե, եթե վարչապետ Փաշինյանը չի ուզում պարտվել ու ժամանակից շուտ թոշակի գնալ, ապա պետք է լուրջ հետևություններ անի։ Չի՛ կարելի այդքան ջրիկանալ: Ջրիկությունն ու թեթևությունը չպետք է շփոթել ժողովրդավարության ու անմիջականության հետ: Դրանք տարբեր բաներ են: Իմ համոզմամբ վարչապետի ամենամեծ խնդիրը պոպուլիզմն է, զանգվածներին դուր գալու մոլուցքը, ամբոխի լյումպեններին գոհացնելու ու կշտացնելու անհրաժեշտության վախը, բնական վախը: 

Չեմ վարանի պնդել նաև, որ Փաշինյանը երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից էլ ընդօրինակելու շատ բաներ ունի: Մասնավորապես՝ խորամանկությունն ու հանդարտությունը, սպասելու նուրբ կարողությունն ու ճիշտ ժամանակին անհետանալու արվեստը: Իսկ ինչո՞ւ ոչ, նույնիսկ ամենաոխերիմ հակառակորդներից էլ կարելի է ու պետք է սովորել: Ի դեպ այս համատեքստում իրար շատ ավելի նման են Տեր-Պետրոսյանն ու Սարգսյանը։