Արցախից բռնի տեղահանված քանի ուսուցիչ է աշխատանք գտել  

Արցախից բռնի տեղահանված քանի ուսուցիչ է աշխատանք գտել  

Արցախից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա արդեն իսկ տեղավորվել է ՀՀ հանրակրթական դպրոցներում։ «Նաեւ մասնագիտական ուսումնական հաստատություններում մենք բավականին մեծ թվով սովորողներ ունենք։ Դա՝ թե՛ բուհերում եւ թե՛ նախնական միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում, երկուսում էլ հազարից ավել ուսանողներ ունենք, ովքեր արդեն սովորում են»,- մեզ հետ զրույցում նկատում է ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն ու անդրադառնում նաեւ Արցախից բռնի տեղահանված ուսուցիչներին.

«Ինչ վերաբերում է ուսուցիչներին, ապա նրանց համար հատուկ ծրագիր է գործում մարզերում, եւ ի սկզբանե արտամրցութային կարգով հնարավորություն է տրվում աշխատանքի տեղավորվել։ Մարզերի մեջ էլ մենք ունենք տարբերություն, ընդհանուր առմամբ՝ ծրագրով նախատեսվում է, որ ուսուցիչն աշխատանքի անցնելու պարագայում կունենա 30 տոկոս հավելավճար, իսկ որոշ մարզերում՝ Սյունիքում, Վայոց Ձորում, Տավուշում, Իջեւանում, Նոյեմբերյանում, Բերդում, Գեղարքունիքում, Վարդենիսում, Ճամբարակում աշխատանքի անցնելու դեպքում կունենա 30 տոկոս հավելավճար՝ գումարած 50 հազար դրամ։ Այսինքն՝ բոլոր այն մարզերում, որտեղ մենք ուսուցիչների ավելի մեծ կարիք ունենք, փորձել ենք ավելի բարձր հավելավճար դնել։ Այս ցանկում չկան Երեւանում աշխատող դպրոցները, քանի որ ծրագիրը Երեւանում չի գործում։ Երեւանում իրենք ազատ են եւ մրցութային պայմաններով կարող են անցնել աշխատանքի, իսկ արտամրցութայինի հնարավորություն չի տրվում»։   

Թե մոտավորապես ինչքան արցախահայ ուսուցիչ է տեղավորվել մարզային դպրոցներում, ԿԳՄՍ փոխնախարարն ասաց․ «Երեկվա տվյալներով՝ մենք 140 ուսուցիչ ունենք, որոնք դիմել էին այս ծրագրով աշխատելու համար, որոնցից 90-ն արդեն ուղեգրված էին ու աշխատում էին դպրոցներում։ Ամենամեծ թվով ուսուցիչները, ովքեր տեղավորվել են աշխատանքի, Կոտայքի մարզում են, 2-րդ տեղում Լոռու մարզն է, որից ես մի փոքր զարմացել էի, որովհետեւ երեխաների թվաքանակով առաջին տեղում Կոտայքն է, 2-րդը՝ Արարատը, 3-րդը՝ Արմավիրը, բայց ուսուցիչների տեղավորման մասով Լոռին 2-րդ տեղում էր, հետո նոր գալիս էին Արարատն ու Արմավիրը»։ Ա․ Սվաջյանը հույս հայտնեց, որ ուսուցիչները դեռ կշարունակեն դիմել, երբ կոնկրետ հաստատվեն որեւէ բնակավայրում։