Մարզպետն ինձ ասաց՝ վրայիցդ վատ հոտ ա գալիս

Մարզպետն ինձ ասաց՝ վրայիցդ վատ հոտ ա գալիս

«Հրապարակ» օրաթերթի խմբագրություն էր դիմել Արմավիրի մարզի բնակիչ Կարեն Պապիկյանը իր 14 ամյա դստեր հետ։ Նա եկել էր նախ օգնություն խնդրելու, ապա, ինչպես ինքն ասաց, Արմավիրի մարզպետից բողոքելու։ Պապիկյանի պնդմամաբ՝ ինքը օգնության խնդրանքով դիմել է Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանին, սակայն վերջինս անհարգալից տոնով է խոսել իր հետ՝ ասելով, որ իր վրայից վատ հոտ է գալիս ու որ «բոմժի» նման են ապրում․

«Մեր տունը լրիվ քանդվել ու ավերվել է, համարյա գոյություն չունի։ Վաղուց է քանդված, քամուց է քանդվել։ Մենք շատ ծանր վիճակում ենք , խնդրում ենք  մեզ հնարավորության չափով օգնել։ Դիմեցինք մարզպետարանի քարտուղարության պետին, որ մարզպետի մոտ մտնեինք, մեզ չթողեցին։ Մենք զուգարան, բաղնիք, ոչ մի բան չունենք։ Իմ աղջիկն էլ դպրոց չէր գնում, հետո մարդիկ եկան, անհատական օգնություն ցուցաբերեցին, հիմա դպրոց է գնում ։ Կինս հիվանդ կին է, հոգեկան խնդիրներ ունի։ Մյուս երեխաներս՝ 2 աղջիկս և տղաս, ամուսնացած են, մեզնից առանձին են ապրում, իրենք մեզ հետ կապ չունեն։ Շշեր ենք հավաքում ես ու կինս, ուրիշ գործեր էլ ենք անում, միայն գողություն չենք անում, տարբեր՝ ալյումին, պղինձ։ Ես գյուղապետի դեմ որևէ բողոք չունեմ, մարզպետի դեմ բողոք ունեմ։ Մենք լողանալու հնարավորություն չունենք, ու որ չենք լողանում, պարզ է արդեն վիճակներս ոնց կլինի։ Մի 20 հազար դրամով օգնեց մի քանի օր առաջ, հետո անպատվեց, որ վրեքիցս, ճիշտն ասած, հոտ էր գալիս, անպատվեց ու ճամփու դրեց։ Ես գյուղապետից շնորհակալ եմ, իր դեմ ոչ մի բողոք չունեմ, մարզպետի դեմ էլ էնքանով բողոք ունեմ, որ խնդրանքով դիմում ենք իրեն, հանում 20 հազար դրամ «թուլափայ» է տալիս ու անպատվում, ասում է ՝ բոմժի նման եք ապրում»,- ասաց Պապիկյանը։

Պապիկյանը զրույցի ընթացքում նշեց, որ բացի դուստրը, ով իր հետ եկել էր, ևս 3 երեխա ունի՝ 2 աղջիկ և մեկ որդի, երեքն էլ ամուսնացած են։ Որդին և մեկ դուստրը բնակվում են Ալավերդի քաղաքում, իսկ մյուս դուստրը Երևանում ՝ Հարավարևմտյան թաղամասում։ Երեխաները հրաժարվել են ծնողներից և չեն շփվում նաև փոքր քրոջ հետ, քանի որ, ինչպես Կարեն Պապիկյանն ասաց, մայրը, որը հոգեկան խնդիրներ ունի, մուրացկանություն է արել, և երեխաները ամաչում են իրենց ծնողների համար։ 

Բաղրամյան համայնքի ղեկավար Արա Սահարյանից փորձեցինք ճշտել, թե ինչո՞վ է զբաղվում ընտանիքը, ի՞նչ բնութագիր կտա նա․

«Տղա ունի, որքան գիտեմ, չի աշխատում, այդ մարդիկ մի օր էստեղ են, մի օր էստեղ չեն, մի տարի կարող է անհետանան, մի օր գան։ Հիմա եկել են, դեկտեմբերից այստեղ են, ինչքան հնարավոր է, օգտակար ենք եղել, չեն աշխատում։ Ես չգիտեմ՝ դրանից առաջ որտեղ են ապրել, բայց 2 տարի է, որ ես համայնքի ղեկավար եմ, ես իրենց 3 անգամ եմ տեսել, 3 անգամն էլ դիմել են, օգնել եմ, միշտ աշխատել եմ աջակցել։ Ես իրենց ընտանիքի անդամներից միայն տղային եմ ճանաչում և փոքր աղջկան, դպրոց է հաճախում»,-ասաց համայնքապետը։

Թեմայի առնչությամբ կապվեցինք Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի հետ։ «Հրապարակի» հետ զրույցում նա չմտաբերեց քաղաքացուն, սակայն նշեց, որ բացառվում է, որ ինքը որևէ մեկի հետ այդ ձևով խոսի․

« Որևիցե մեկը որևէ ժամանակում, անկախ նրանից՝ ես մարզպետ կլինեմ, թե չէ, չի եղել դեպք, որ ես որևէ մեկին ասեմ, որ իր վայից վատ հոտ է գալիս կամ այլ անձնական վիրավորանք տամ։ Դա իմ բարոյականությունից դուրս արտահայտություններ են, ու դա հասարակ զրպարտանք է։ Չի եղել քաղաքացի, որ ինձ մոտ գա, ու ես իրեն չընդունեմ։ Ես մնացել եմ մինչև ժամը 1-ը, ամեն օր ես շատ ուշ ժամի եմ գնում, քանի որ քաղաքացիների հոսքը մարզպետարան քառապատկվել է՝ հատկապես հետհեղափոխական շրջանում։ Բոլոր քաղաքացիների դիմում- բողոքներին պատասխանվել է, չպատասխանվածները ժամկետի մեջ են, և մենք աշխատում ենք այդ ուղղությամբ։ Սա հասարակ զրպարտանք է, ես պարզապես բացառում եմ, որ որևէ մեկի հասցեին նման բան ասած լինեմ։ Չի կարելի, երբ մարդը գալիս է քեզ մոտ, դու իրեն օգնում ես, իրավաբաններին ես հանձարարում, որ իր հարցերով զբաղվեն, խորհրդատվությամբ օգնեն, տարբեր ՀԿ-ների հեռախոսահամարներ տան, անձնական կապերի միջոցով օգնեն, չի կարելի հետո նման բաներ ասել։ Անկեղծ ասած՝ ես այնքանով եմ զարմացած, որ այսքան ժամանակ իմ սենյակից դժգոհ քաղաքացի դուրս չի եկել, որ ես էլ ասեմ՝ գիտեք ի՞նչ՝ ինքը ինձնից ակնկալում էր 1 մլն դրամ, ես 20 հազար դրամ տվեցի, ինքը գնաց ու նեղացավ իմ որոշումից»,- ասաց Արմավիրի մարզպետը։