Եթե վերցնեին մանդատները, կմնային կալանքի տակ

Եթե վերցնեին մանդատները, կմնային կալանքի տակ

Երեկ տեղեկացանք, որ Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը դատարանի որոշմամբ փոխարինվել է գրավով: Մանուչարյանը շուրջ 11 ամիս անազատության մեջ գտնվելուց հետո այժմ ազատության մեջ է: Ազատության մեջ հայտնվելուց ժամեր անց Մանուչարյանը նշեց, որ հրաժարվում է իր մանդատից: Ստացվում է, որ Բերդը կունենա նոր համայնքապետ: Թե ինչու է Հարություն Մանուչարյանը հրաժարվել իր մանդատից, ո՞վ է փոխարինելու նրան և վերջապես համաքաղաքացիների կողմից այդքան սիրված համայնքապետն ինչո՞ւ է նման որոշում կայացրել, այս հարցերի պատասխանները փորձեցինք ստանալ Հարություն Մանուչարյանի որդուց` Անուշավան Մանուչարյանից: 

- Ձեր հայրը հրաժարվում է իր մանդատից: Ինչո՞ւ որոշեց այդպես վարվել:

- Սա մի քիչ այլ հարց է: Խնդիրն այն է, որ ի սկզբանե եղել է 21 մանդատ, որից 11-ը վերցրել է «Զորավոր համայնքը»: Քանի որ «Զորավոր համայնքի» առաջին և երկրորդ համարները զբաղեցնող անձինք եղել են կալանավայրում, փաստացի եթե այնպես ստացվեր, որ իրենց վերցնեին մանդատները, կմնային կալանքի տակ, այսպիսով մանդատների թիվը 11-ից կդառնար 9-ը և քվորում իրականացնելու հնարավորություն չէր լինի, հետագայում էլ` վարչապետի որոշմամբ այլ մարդ կնշանակվեր որպես համայնքապետ: Որպեսզի մեր հաղթանակը մնա թիմին, նրանք որոշեցին հրաժարվել մանդատներից, մնացյալը վերցրել են իրենց մանդատները: Այժմ իրենք կորոշեն, թե ով կլինի համայնքապետը: Երեկ է հայրս դուրս եկել կալանավայրից, իսկ մանդատները վերցնելու վերջնաժամկետը եղել է հոկտեմբերի 6-ը ներառյալ: Մենք ի՞նչ իմանայինք կթողնեի՞ն վերցնել այդ մանդատները, թե՞ չեն թողնի: Եթե իմանայինք, որ դատարանը նման որոշում է կայացնելու, նման որոշում չէր կայացվի, սակայն իրավիճակն այլ է: Մեզ համար կարևոր չէ, թե ով կլինի համայնքապետ, կարևորը թիմը համախմբված է:

- Իսկ Մանուչարյանին քվե տված քաղաքացիների շրջանում չկա՞ հիասթափության ալիք այս որոշումից հետո:

- Չկան առանձնապես: Իհարկե այնպես չէ, որ մարդիկ շատ ուրախ են, բոլորն էլ Մանուչարյանին էին ուզում, սակայն այսպես ստացվեց, հիասթափվելու բան չկա: Ունենք էն, ինչ ունենք:

- Տեղեկություններ կան, որ իշխանությունները Ձեզ հետ ընդհանուր հայտարարի են եկել…

- Նման բան չկա: Ես որպես տղամարդ կարող եմ երդվել, որ մենք ոչ մեկի հետ պայմանավորվածություն ձեռք չենք բերել, իմ հայրն անգամ կալանավայրից է արգելել, որ եթե նման առաջարկներ լինեն, մենք միանշանակ մերժենք: Բացարձակ ոչ մի հանդիպում անգամ չի եղել իշխանությունների հետ:

- Իսկ ո՞վ է համայնքապետի Ձեր թեկնածուն:

- Ես այդ մասին չգիտեմ, ես չեմ որոշողը: Հայրս ազատության մեջ է և իրենք կորոշեն: