Անտեղյակ ու էյֆորիկ

Անտեղյակ ու էյֆորիկ

Չկա մի իրավիճակ, երբ տեղեկացված լինելն ավելի վնասակար է, քան անտեղյակությունը։ Կեղծ լոզունգներով, հորինված փաստարկներով այս էլ երկրորդ անգամ այս տարվա մեջ Նիկոլ Փաշինյանը՝ նախկին գլխավոր խմբագիրը, սահմանափակում է տեղեկատվություն փոխանցելու եւ ստանալու մեր իրավունքը։ Առաջինը արտակարգ դրության սկզբում էր՝ քովիդի դեմ պայքարի շրջանակներում։ Իբրեւ թե խուճապ չտարածելու եւ այլ մտացածին հիմքերով սահմանափակեցին լրագրողների ազատությունը եւ սկսեցին գրաքննություն իրականացնել մամուլում, անգամ տուգանել անմեղ լուրերի համար։ Եվ մենք ստիպված էինք վարակի տարածման առաջին փուլում ոչինչ չգրել վիրուսի, դրա տարածման մասշտաբների, բուժման հետ կապված։ Եվ բոլորս տեսանք, թե ինչ բացասական դեր խաղացին այդ սահմանափակումները, եւ ինչքան անզգույշ դարձավ հասարակությունը։

Արդյունքում մենք ունեցանք կորոնավիրուսի թվերի աննախադեպ աճ ու առաջին տեղը «զբաղեցրինք» Եվրոպայում՝ վարակման տեմպերով, նաեւ ունեցանք հազարից ավելի մահ։ Հետո պարզվեց՝ մամուլին սահմանափակելը շատ է դուր եկել մեր իշխանություններին, եւ նրանք նույն արգելանքը կիրառեցին նաեւ Արցախում ռազմական գործողությունները սկսվելուց հետո․ ռազմական դրություն հայտարարելու կարեւոր կետերից մեկը մամուլի սահմանափակումներն էին, որոնք արդեն մոտ մեկ շաբաթ է՝ գործում են։ Արդյունքում՝ մենք այսօր չենք կարողանում ներկայացնել, թե ինչ իրավիճակ է տիրում Արցախում։ Չենք գրում զոհերի քանակի, զորքի տեղաշարժերի, մեր կորուստների մասին։ Գրում ենք միայն ձեռքբերումների մասին, այն էլ՝ հենվելով պաշտոնական հաղորդագրությունների վրա։ Եվ այս իրավիճակում անզեն աչքով անգամ նկատելի է, թե ինչպես են լավ լուրերով կերակրում հանրությանը, եւ ինչպես են մարդիկ կտրվում իրականությունից։