Խառը հեռագիր

Խառը հեռագիր

Տիզբոնից, ներողություն, Մոսկվայից խառը հեռագիր էր եկել: Դառագոյ Նիկոլ Փաշինյան, վսյո ռեշենո, դեկտեմբերի 25-ին Ձեզ սպասում ենք Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովին: Հեռագիրը գյուղում պանիկա էր բարձրացրել: Նախ՝ չէին հասկանում, թե ինչ է նշանակում՝ «վսյո ռեշենո», եւ ապա՝ Նիկոլին հրավիրում են, որ ի՞նչ անեն: Մի խոսքով, Արուսը չոքերին էր տալիս… Մարդ է ուղարկում, որ Մուրադին, Սերոբին, ներողություն, Աբազյան Արմենին, Պապիկյան Սուրենին, Սիմոնյան Ալենին, Ղազարյան Վահեին, ինչու ոչ՝ Քոչարյան Անդոյին եւ Միրզոյան Արոյին կանչեն, նստեն, մի խորհուրդ անեն, հասկանան, թե Մոսկվան ինչ է ուզում Նիկոլից: Սրանք, գործները թողած, հասնում են Արուսի հավարին.

- Տեսա՞ք ինչ եղավ, իմ սիրտը վկայում էր, որ էս կինը մի փորձանք է բերելու մեր Նիկոլի գլխին,- հառաչեց Արուսը եւ սեղանին դրեց հեռագիրը՝ Մարիա Զախարովայի նկարով:
Առաջինը հեռագիրը վերցրեց Վահե Ղազարյանը, հոտոտեց, ապա որոշեց կարդալ.
- Другой Никол Воваевич…
- Ո՞նց թե Другой…. Է՛, պարոն Ղազարյան, տվեք, թող Ալենը կարդա, նա ռուսերենից լավ է,- միջամտեց Աբազյան Արմենը:
Հեռագիրը տվեցին Ալենին: Ալենը շուռումուռ տվեց թուղթը, մի քանի անգամ մտքում կարդաց ու մյուսներին հանգստացնելու համար ասաց.
- Չեմ հասկանում, ի՞նչ կա անհանգստանալու, ահավասիկ՝ պարզ գրել են մարդիկ՝ Дорогой Никол Воваевич, все решено…
- Հենց էդ ա, է,- ողբաց Արուսը,- վսյո ռեշենո… բանը բանից անցելա՛ա՛ա՛…
- Ոչ մի բան էլ բանից չի անցել, տիկին Արուս, մենք թույլ չենք տա, որ Նիկոլը գնա Սանկտ Պետերբուրգ,- ձեռքը թրի կոթին՝ առաջ եկավ Պապիկյան Սուրենը…
- Բայց ի՜նչ լեզու ունի էդ շան աղջիկը,- Մարիա Զախարովային նկատի ունենալով՝ խոսեց Ալենը,-  հլա լսեք. «Մենք հավատում ենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կօգտվի ՌԴ նախագահի հրավերից եւ դեկտեմբերի 25-26-ին կժամանի Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին եւ ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների ավանդական նախատոնական հանդիպմանը։ Այնտեղ էլ հնարավոր կլինի քննարկել բոլոր հետաքրքրող հարցերը։ Մոսկվայում առաջնորդվում են Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններով եւ մշտապես պատրաստ են բոլոր առաջացող թեմաները քննարկել հանգիստ, պրոֆեսիոնալ եւ գործընկերային մթնոլորտում»:
- Ի՞նչ աղջիկ, պարոն Սիմոնյան, դա հաստատ Պուտինն է գրել, ես զգում եմ, իմ ներքին ձայնը հուշում է, որ Պուտինն ուզում է Նիկոլին Ալիեւի հետ հանդիպեցնի,- կարծիք հայտնեց Քոչարյան Անդոն եւ շարունակեց։- Պապիկյանը ճիշտ է ասում` Նիկոլին չի կարելի հանձնել:

«Հանձնել» բառի վրա Արուսն սկսեց ավելի բարձր ողբալ.
- Վախ, Նիկոլ ջա՛ա՛ա՛ն…
- Տիկին Արուս, վերջ տվեք, խնդրում եմ,- խոսեց Ղազարյան Վահեն,- փառք Աստծո, Նիկոլը դեռ ողջ-առողջ է, գտնվում է Հայաստանում: Վերջի վարյանտ՝ «Զվարթնոցը» կփակենք, կհայտարարենք, որ «տեռակտի» ահազանգ կա… Էնքան կարմիր բերետավոր լցնեմ «Զվարթնոց», որ Մոսկվայում կզարմանան:
- Բայց ինչո՞ւ եք միանգամից վատը մտածում,- խոսեց Ալենը,- այստեղ գրված է, որ ԱՊՀ գագաթնաժողովը նախատոնական է, այսինքն՝ սեղաններ են լինելու, շամպայն, գինի… Մենք մեր մեծարգո վարչապետին հո դատարկ ձեռքով չե՞նք ուղարկի՝ կոնյակ, խորոված, քյաբաբ, կարմիր բիբար կդնենք հետը…
- Մոսկվա գնացող էիր՝ դու գնայիր, Ալեն, ինչո՞ւ հրաժարվեցիր,- առարկեց Աբազյանը,- գագաթնաժողովը նախատոնական է, նախատոնական չէ՝ ի՞նչ նշանակություն ունի: Սա ազգային անվտանգության հարց է: Կձերբակալեն Նիկոլին՝ ազգովի խայտառակ կլինենք:
- Վա՛ա՛ա՛խ, կձերբակալե՛ն… Իմ մինուճարին չթողնեք գնա՛ա՛ա՛…
Ներկաները նայում են անկյունում լուռ կծկված Միրզոյան Արոյի երեսին՝ բա ի՞նչ անենք:
- Պարոնայք, Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա գնալ-չգնալու հարցը քաղաքական լուրջ հարց է, որ պետք է բխի խաղաղության մեր օրակարգից: Իրավիճակն այնպիսին է, սակայն, որ թե՛ գնալու եւ թե՛ չգնալու դեպքում Նիկոլ Փաշինյանը կարող է լրջագույնս վտանգել այդ օրակարգը: Ես իմ փորձից գիտեմ: Մի երկու բաժակ որ խմեց՝ Ալիեւին թարս է չափելու, սկսելու է Պուտինի հետ «դու»-ով խոսել, ուսին թփթփացնել… Բայց չգնալն էլ ճիշտ չէ, ոչ պաշտոնական գագաթնաժողով է, մարդիկ սեղան են գցել, պատրաստություն են տեսել…
- Լավ, ի՞նչ եք առաջարկում, պարոն Միրզոյան, հիմա գնա՞, թե՞ չգնա,- հարցրեց Քոչարյան Անդոն:
- Առաջարկում եմ՝ իրեն հարցնենք: Մարդ ես, գուցե արդեն քաղաքական որոշում է կայացրել՝ դեմքով դեպի Ռուսաստա՞ն շրջվել…
Վա՛ա՛ա՛խ, Նիկոլ ջան, քեզ ով շրջե՛ե՛ց…