Մանկապարտեզի տնօրենին սպառնացե՞լ են

Մանկապարտեզի տնօրենին սպառնացե՞լ են

«Հրապարակ» օրաթերթի խմբագրության ձեռքի տակ է հայտնվել մի դիմում-նամակ, որում Արմավիրի մարզի թիվ 6 մանկապարտեզի արդեն նախկին տնօրեն Աննա Սողոմանյանը խնդրում է, որպեսզի հանրայնացվի իր խնդիրը։ 

Աննա Սողոմանյանը նշում է, որ իր աշխատանքային իրավունքները ոտնահարվել են Արմավիր համայնքի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Խուդաթյանի և քաղաքապետարանի կրթության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Անահիտ Դավթյանի կողմից :

Նախկին տնօրենը նշում է, որ 13.07.2018թ․-ին քաղաքապետի խորհրդական Սարգիս Սարգսյանն ու քաղաքապետարանի կրթության բաժնի պետ Անահիտ Դավթյանը այցելել են վորոնշյալ մանկապարտեզ․ « Երբ երեխաները ճաշում էին , անակնկալ այցով թիվ 6 մանկապարտեզ ժամանեցին նորանշանակ քաղաքապետի խորհրդական Սարգիս Սարգսյանն ու կրթության բաժնի պետի պաշտոնակատար Անահիտ Դավթյանը : Իբրև թե Սարգսի հետ ծանոթանալու նպատակով ցանկություն հայտնեցին դահլիճ հրավիրել մանկապարտեզի մանկավարժական անձնակազմին և երեխաներին: Այդ անակնկալ այցից հետո պարզ դարձավ , որ նրանց այցի նպատակը այլ էր , որովհետև ուրիշ որևէ խնդրի չանդրադարձան, ուրիշ ոչինչ իրենց չհետաքրքրեց: Ա. Դավթյանը թվերն ուռճացնելով հայտնեց Դ. Խուդաթյանին, որ թիվ 6 մանկապարտեզում 8 երեխա տեղում չեն։ Նշեմ, որ 4 երեխա օրվա կեսից հետո իրենց ծնողների ստորագրությամբ մանկապարտեզից դուրս էին եկել, 2 երեխա իսկապես տեղում չէին: Իմ այն հարցին, թե ինչպես 6-ը , (որից 4-ը հարգելի) դարձավ 8, չտվեցին ոչ մի պարզաբանում, երբ իրենք անձամբ զանգահարել էին ծնողներին և համոզվել, որ այո` երեխաներին մանկապարտեզից իրապես տարել են ծնողները: Հենց նույն օրը ընտանիքում տեղի ունեցած անսպասելի դեպքի պատճառով ներողություն խնդրելով ես շտապեցի տուն: Ինձանից հետո բացակա երկու երեխաների թիվը սխալ տալու պատճառաբանությամբ ( որը դիտվեց որպես կառուպցիա) կազմել էին արձանագրություն առանց իմ ստորագրության , որտեղ նշվել էր 8 բացակա երեխա: Նույն օրը թիվ 9 և թիվ 11 մանկապարտեզներում գրանցվել էր նույն խախտումները , բայց «հմուտ» և « արեստավարժ» տնօրենները չպատժվեցին, քանի որ ունեյին լավ հովանավորներ»: 

Թիվ 6 մանկապարտեզի նախկին տնօրենը նշում է նաև, որ կրթության բաժնի պետ Անահիտ Դավթյանը պարբերաբար զանգերով իրեն սպառնացել է․ «Ա. Դավթյանը իր պարբերական զանգերով սպառնում էր ինձ գալ քաղաքապետարան և քաղաքապետի հրահանգով ազատման դիմում գրել : Ես էլ պատասխանել եմ, որ չեմ գրի դիմում, որովհետև հիմնարար հիմքեր չկան:» 

«Հրապարակի» հետ զրույցում այդ ժամանակ կրթության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Անահիտ Դավթյանը նշեց, որ ինքը բացակայող երեխաների ծնողների հետ զրուցել է, և ծնողներն իրեն ասել են, որ իրենք իրենց երեխաներին մանկապարտեզ չեն ուղարկել։

Անահիտ Դավթյանը նշում է, որ որևէ սպառնալիք չի եղել․ «Սպառնալիք չի եղել, պարզապես քաղաքապետը երեք տնօրեններին էլ հրավիրել է իր մոտ․ երեքն էլ առանձնին զրուցել են քաղաքապետի հետ։ Քաղաքապետը փորձել է հետաքրքրվել՝ ինչու է էդպիսի վիճակ։ Հանդիպումից հետո Աննա Սողոմոնյանը հեռանալու դիմում է գրել»։

Անահիտ Դավթյանի խոսքով ստացվել է այնպես, որ երեխաները իրականում բացակայել են, սակայն նրանց ներկա են դրել․ «Երեխաները մանկապարտեզում չեն եղել։ Այդ ժամանակ ես միայնակ չեմ եղել, մանկապարտեզ գնացել ենք թիմով և մեր աշխատանքն ենք կատարել։ Կրթության բաժինը իրավունք ունի վերահսկել այդ ամենը։ Ես այդ ժամանակ ժամանակավոր պաշտոնակատարն եմ եղել, հետևաբար պարտավոր էի հետևել, վերահսկել այդ ամենը, որպեսզի կոռուպցիա չլիներ»։

Կրթության բաժնի պետի նախկին ժամանակավոր պաշտոնակատարը նշում է, որ իրենք քաղաքապետին թվեր են ներկայացրել, որից հետո քաղաքապետը ասել է, որ դրանք իրականությանը համապատասխանել չեն կարող․ «Իրոք այդ թվերը իրականության հետ ոչ մի կապ չեն ունեցել։ Ես չգիտեմ՝ Աննա Սողոմոնյանը քաղաքապետի հետ իրականում ինչ է զրուցել, ես այնտեղ չեմ եղել»։

Փորձեցինք կապ հաստատել նաև այդ ժամանակ  Արմավիր համայնքի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Խուդաթյանի հետ, սակայն չստացվեց։