Դատախազը դետալ առ դետալ մեր բոլոր փաստարկներին փորձում է անդրադառնալ․ Քոչարյանի պաշտպան
«Դատախազը դետալ առ դետալ մեր բոլոր փաստարկներին փորձում է անդրադառնալ։ Ես չէի ասի, որ համոզիչ են նրա հակափաստարկները, համենայնդեպս, մանրակրկիտ աշխատել է: Գլխավոր դատախազի ասածի տրամաբանությունը, եթե փորձեմ կարճ ներկայացնել, ինքը գտնում է, որ անձեռնմխելիությունը անհամատեղելի է օրենքի խախտման հետ, այսինքն, եթե որևէ մեկին վերագրում է օրենքի խախտում, տվյալ դեպքում հանրապետության նախագահին, և եթե այդ օրենքի խախտումը իր լիազորությունների մեջ չի մտնում, ինքն անձեռնմխելի չէ»,- ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը։
Պաշտպանի խոսքով, դատարանի կողմից որոշվել է, որ կլսվեն դատախազների ելույթները, և դրանից հետո իրենք միջնորդություններ կներկայացնեն:
Նշենք, որ Վերաքննիչ դատարանը շարունակում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը, և այս պահին հայտարարված է ընդմիջում։ Քննությունը կշարունակվի 17։10-ին։
Կարծիքներ