Արցախից թող արձագանքեին այն ժամանակ, երբ Քոչարյանի թեթեւ ձեռքով Արցախը հանվեց բանակցությունների սեղանից

Արցախից թող արձագանքեին այն ժամանակ, երբ Քոչարյանի թեթեւ ձեռքով Արցախը հանվեց բանակցությունների սեղանից

Մեր հարցերին պատասխանում է Պապանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը։

- Դուք տարիներ շարունակ աջակցել եք  Նիկոլ Փաշինյանին, նրա հետ պայքարել Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ոչ լեգիտիմ, բռնապետական վարչակարգերի դեմ։ Ինչո՞ւ Դուք տեղ չգտաք «Իմ քայլը» դաշինքում, չի՞ եղել առաջարկ Նիկոլ Փաշինյանի կողմից։

- Վարչապետի հետ որևէ կարգի շփում չի եղել: «Իմ քայլը» Վարչապետի քայլն է, որին միայն աջակցել կարող ենք:

-Սկսվել է նախընտրական քարոզարշավը։ Ըստ Ձեզ՝ ինչո՞վ է այն տարբերվում նախորդ ընտրությունների քարոզարշավներից, եղե՞լ է Ձեզ համար որեւէ անակնկալ։
 

- Այս քարոզարշավը նախորդներից առավել ազնիվ է ու բաց. ցավոք, երբեմն նաև մի կողմից՝ առավել թատերական, մյուս կողմից՝  մշակութային ազգին անվայել: Առայժմ որևէ անակնկալ չի եղել:

-Ինչո՞վ են տարբերվում ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցությունների ծրագրերն ու գաղափարախոսությունները։

- Մի՞թե կարելի է այնքան թանկ ժամանակը ծախսել այդ ծրագրերին ծանոթանալու համար՝ այդ ծրագրերը կազմողներին և կրողներին եթերում գոնե մեկ անգամ տեսնելուց հետո: Իսկ գաղափարախոսություն ասվածն իսպառ բացակայում է:

-Որքանո՞վ էին  ճիշտ արցախյան հիմնախնդրի արծարծումը նախընտրական քարոզարշվում, այդ հարցի շահարկումը, արձագանքներն  Արցախից։ Ի՞նչ հետեւանքների կարող է դա հասցնել։

- Նախ՝ քարոզարշավում Արցախի խնդրի արծարծումը ոչ մի կերպ չի կարելի շահարկել: Հակառակը. արծարծումը բացառապես գովելի է: Արցախի հարցը մեր համապետական և համազգային գերակա խնդիրներից է արդեն 30 տարի: Ջայլամի նման այն քողարկելը միայն մեզ է վնասում, խորացնում հիվանդությունը: Բուժման մասին պետք է խոսել բաց և շատ, շիտակ և իմաստնորեն, ծավալել վեճեր, առաջարկել լուծման ուղիներ: Դա արվում է հիմա, ինչը, կրկնեմ, միանգամայն գովելի է. դրա համար շնորհակալություն պարոն Փաշինյանին: Իսկ Արցախից եղած արձագանքները ոչ մի բարոյական հիմք չունեն. այնտեղից պարտավոր էին արձագանքել այն ժամանակ, երբ պարոն Քոչարյանի թեթև ձեռքով Արցախը հանվեց բանակցությունների սեղանից: Եթե այն ժամանակ ծպտուն չեն հանել, ապա առավել ևս հիմա հանելու որևէ կարգի իրավունք չունեն: Արցախի խնդիրը արցախցիների հարցը չէ միայն, այլև առաջին հերթին Հայաստանի պետականության լինելության հարցն է, այսինքն՝ Հայաստանի հարցն է: Արցախում թող զբաղվեն արցախցուն Արցախում պահելով և դադարեցնեն այն դատարկելը, թող զբաղվեն Արցախը շենացնելով և ոչ թե չհասկացված մատերիաների մասին գավառական հոխորտանքներով: Իսկ Ձեր ասած հետևանքը կարող է լինել բացառապես դրական՝ ոմանք վերջապես կճանաչեն իրենց տեղը և կզբաղվեն իրենց բուն առաքելությամբ:

-Ի՞նչ բացթողումներ է թույլ տվել Նիկոլ Փաշինյանի գլխավորած  կառավարությունն  անցած ամիսների ընթացքում։

-Գուցե և կան մանր-մունր տասնյակ բացթողումներ, բայց դրանք ուշադրության առնելու բարոյական իրավունք չունենք՝ հաշվի առնելով, որ կառավարությունը ժամանակավոր է: Հուսանք՝ Վարչապետը ժամանակավոր չի լինի. այն ժամանակ էլ կարելի կլինի խոսել թե՛ բացթողումներից, թե՛ նվաճումներից: