Փաշինյանը Հրազդանում չարտասանեց, Սասուն Միքայելյանն էլ նախընտրեց լռել

Փաշինյանը Հրազդանում չարտասանեց, Սասուն Միքայելյանն էլ նախընտրեց լռել

Քարոզարշավի հինգերորդ օրը «Իմ քայլը» դաշինքը Նիկոլ Փաշինյանի գխավորությամբ Կոտայքի մարզում է: Առաջին հանդիպումը Հրազդան քաղաքի բնակիչների հետ էր: Հրազդանի Սահմանադրության հրապարակում Նիկոլ Փաշինյանը խոսեց վեց ամսվա ընթացքում կառավարության կողմից կատարված աշխատանքների մասին:

Նա նշեց, որ 10-20 դրամով էժանացել է լույսի և գազի սակագինը սոցիալապես անապահով խավի համար, խմելու ջուրը Հայաստանում չի թանկացել և մինչև 2024թ-ը չի թանկանա, այնինչ դեկտեմբերին պիտի թանկանար, 200 000 մարդու աշխատավարձ բարձրանալու է, 85 000 թոշակառու անձանց թոշակները ևս բարձրանալու են:

Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով «Իմ Քայլը» դաշինքից Կոտայքի մարզում առաջադրված 8 թեկնածուներին և դիմելով հրազդանցիներին, կոչ արեց դեկտեմբերի 9-ին քվեարկել «Իմ քայլը» դաշինքի օգտին.

«Մենք այսօր եկել, կանգնել ենք ձեր առաջ և խնդրում ենք, որ առաջիկա ընտրության ընթացքում անեք մեր դատը: Մենք մեզ հանձնում ենք ձեր դատին, և դուք եք որոշում, թե ում ընտրեք: Ո՛չ վարչապետն է որոշելու, ո՛չ մարզպետը, ո՛չ քաղաքապետը և ո՛չ էլ գողերն ու բ…….ը: Դուք եք որոշում՝ ուզում ե՞ք, որ մենք ղեկավարենք ձեր կողմից ստացված լիազորագրով»,-նշեց Փաշինյանը:

Անձրևային եղանակով պայմանավորված՝ Հրազդանում հանդիպումը այնքան էլ բազմամարդ չէր և ի տարբերություն մյուս քաղաքների, Փաշինյանը Հրազդանում չարտասանեց, իսկ Սսաուն Միքայելյանը ելույթ չունեցավ: Փոխարենը Փաշինյանը հրազդանցիներին խորհուրդ տվեց տուն գնալ և թեյ խմել ու պատրաստվել առաջիկա ընտրություններին: