Վարչապետի սխալը չի նկատել, որ նկատի՝ կուղղի

Վարչապետի սխալը չի նկատել, որ նկատի՝ կուղղի

Վարչապետի՝ տնտեսական հարցերով, բայց հասարակական հիմունքներով խորհրդական Մեսրոպ Առաքելյանը, ով նաեւ «Իմ քայլը» դաշինքի մաս կազմող «Առաքելություն» կուսակցությունից է, երեկ հեռակա բանավեճի էր բռնվել ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանի հետ։ Վերջինս երեկ «լայվ» էր մտել ու հանրությանը տեղեկացրել կառավարության տնտեսական մանիպուլյացիաների մասին աշխատավարձի բարձրացման մասով, որը պետք է տեղի ունենա եկամտահարկի նվազեցման միջոցով։ Նրա խոսքով՝ վարչապետի հայտարարած աշխատավարձերի բարձրացումն իրականում միֆ է, որից հնարավոր է շահեն բացառապես բարձր աշխատավարձեր ստացողները: Առաքելյանն էլ հակադարձել էր Հովհաննիսյանին՝ նրա խոսքում լեզվական սխալ գտնելով, թե Արփինեն ասել է՝ «եկամտահարկ», բայց պետք է լինի «եկամտային հարկ»։

Արփինե Հովհաննիսյանն էլ իր հերթին է հակադարձել՝ նշելով, որ այդ սխալը՝ «եկամտահարկ» տերմինը, թույլ է տվել նաեւ վարչապետը, եւ կասկածել՝ արդյոք Առաքելյանը կհանդգնի՞ վարչապետին ուղղել։ Այս բանավեճն առիթ դարձնելով՝ երեկ զրուցեցինք Մեսրոպ Առաքելյանի հետ։ Նախ հարցրինք՝ ինչպե՞ս է ստացվել, որ «Առաքելություն»-ից ինքը եւ Մանուկ Սուքիասյանը, ում ամենաշատն են ճանաչում իրենց կուսակցությունից, «Իմ քայլի» նախընտրական ցուցակում չեն։ «Համաձայն եմ, այո, որ հրապարակային գործունեության մասով ավելի մեծ ակտիվություն կար մեր կողմից, բայց, ինչպես ամբողջ դաշինքը, այնպես էլ մենք նաեւ ավելի ընդլայնման, նաեւ նոր մարդկանց ներգրավման մասով առաջ ենք շարժվում, եւ պետք է ներգրավվեն նոր մարդիկ, ովքեր պատրաստ են ստանձնել ե՛ւ օրենսդրական, ե՛ւ գործադիր մասով պատասխանատվություն»,- ասաց նա։

- Դուք վարչապետի խորհրդականն եք՝ տնտեսական գծով, հաճա՞խ եք հանդիպում նրան եւ ի՞նչ խորհուրդներ եք տալիս։

- Ըստ անհրաժեշտության ու նաեւ տեղի ունեցող քննարկումների շրջանակներում։ Այս ընթացքում, երբ հանրությանն էլ ներկայացվեց Հարկային օրենսգրքի բարեփոխումների առաջին փուլը, ակտիվ ներգրավվածություն եմ ունեցել այդ գործընթացում, ու նաեւ տնտեսության հետ կապված այլ խնդիրներ, որոնք արդեն ընտրություններից հետո ավելի լայն թափով կընթանան։

- Պարզապես ասում են՝ այդքան էլ հաճախ չեք հանդիպում վարչապետի հետ, ժամանակ չի ունենում շփվել իր խորհրդականների հետ։

- Նման բան չկա, չգիտեմ՝ Ձեզ որտեղից է այդ տեղեկությունը, վարչապետը պարբերաբար հանդիպում է բոլոր խորհրդականների հետ, եւ բավականին մեծ մասնակցություն ունեն խորհրդականները ոչ միայն վարչապետի որոշումների վրա, այլեւ ընդհանուր թիմի։

- Կասե՞ք, թե վերջին անգամ երբ եք հանդիպել վարչապետին։

- Անցած շաբաթ։

- Վարչապետի վարած տնտեսական քաղաքականությունը, որն այս օրերին շատ է քննադատվում, Ձեզ գոհացնո՞ւմ է։

- Վարչապետի ներկայացրածը կառավարության այն ծրագրերն են, որոնք միտված են շատ արագ եւ որակով փոփոխություններ իրականացնել, իսկ ինչ վերաբերում է քննադատություններին նախկին իշխանությունների կողմից, կարծում եմ՝ մեկնաբանության կարիք չկա, կարծում եմ՝ դրանք որեւէ մասնագիտական եւ փաստարկված հիմք չունեն, ընդամենը մանիպուլյացիաների դաշտից են։

- Հատկապես ո՞րն է մանիպուլյացիա։ Օրինակ՝ Ֆեյսբուքում Ձեր եւ ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանի միջեւ հեռակա բանավեճ է ծավալվել, Հովհաննիսյանը սկզբում քննադատում էր «խոպանչիներին հարկելու» կառավարության մտահղացումը, հիմա էլ աշխատավարձերի բարձրացման «բլեֆն» է բացահայտել։

- Ես Արփինե Հովհաննիսյանին հրավիրել եմ բանավեճի, որ ֆեյսբուքյան ստատուսների միջոցով հեռակա չբանավիճենք, այլ այն մտահոգությունները, որ նա ունի մասնավորապես հարկային համակարգի, եկամուտների հայտարարագրման կամ նպաստների համակարգի շուրջ, սիրով հրավիրել եմ բանավեճի, կքննարկենք, կներկայացնենք կառավարության տեսակետը։

- Ի դեպ, եկամտահարկի նվազման մասով նա ասում էր, որ իրենց կառավարությունը դեռ վաղուց էր առաջարկում նվազեցնել եկամտահարկը՝ մինչեւ 500 հազար դրամ ստացողներինն իջեցնել մինչեւ 20 տոկոս, դրանից բարձրերինը՝ 25 տոկոս։ Հիմա ո՞րն է ավելի խելամիտ մոտեցում, դա՞, թե՞ ձերը, որ առաջարկում եք 150 հազար ստացողներինը 28-ից դարձնել 23 տոկոս։

- Նրանք ամբողջական չեն ներկայացնում, մեր առաջարկով՝ այդ 23 տոկոսն աստիճանաբար, չորս տարվա ընթացքում դառնալու է 20 տոկոս, որն ավելի ցածր է, քան ներկայացրած 20-25 տոկոսը։ Հետեւաբար, խնդիրը միայն դրույքաչափերի մեջ չէ, կառավարությունը գնում է եկամտային հարկի համար դրույքաչափի ներդրմանը, որը յուրաքանչյուր տարի նվազելու արդյունքում չորս տարի հետո կսահմանվի արդեն ամբողջական 20 տոկոս, որը միանշանակ ցածր է երբեւէ գործող բոլոր դրույքաչափերից։

- Ի դեպ, Դուք գրել էիք, որ «եկամտահարկ» տերմինը սխալ է, պետք է լինի «եկամտային հարկ», բայց, ըստ Արփինեի, «եկամտահարկ» սխալ տարբերակն օգտագործել է նաեւ վարչապետը։ Նա հարցնում է՝ Դուք կհանդգնե՞ք ուղղել նաեւ վարչապետին։

- Քանի որ գործող իշխանությունն էականորեն տարբերվում է նախկին իշխանություններից, ոչ թե վարչապետի խորհրդականները, այլ ցանկացած պաշտոնյա ոչ թե հանդգնում է, այլ իրավունք ունի քննարկումների ժամանակ ներկայացնել իր տեսակետը, եւ եթե լինում են որոշակի թերացումներ, մենք չենք խուսափում այդ թերացումները բարձրաձայնելուց։

- Թերացման մասին չէ խոսքը, զուտ խոսքի սխալի, Դուք կարո՞ղ եք Ձեզ թույլ տալ վարչապետի լեզվական սխալն ուղղել։

- Եթե կան սխալներ, որոնք կրում են մասնագիտական բնույթ, իհարկե, միշտ ներկայացնում եմ առանց որեւէ խոչընդոտի։

- Հիմա Դուք պատրա՞ստ եք վարչապետի այդ սխալն ուղղել, ասել, որ եկամտահարկ չէ, այլ՝ եկամտային հարկ։

- Չեմ նկատել, եթե նկատեմ՝ այո։