Երբ աներորդին փեսայի «հակապատկերն» է

Երբ աներորդին փեսայի «հակապատկերն» է

Ի տարբերություն իր փեսա Նիկոլ Փաշինյանի՝ Շենգավիթ և Մալաթի Սեբաստիա վարչական շրջանները ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում «Իմ քայլը» դաշինքից առաջադրված ռեյտինգային թեկնածու Հրաչյա Հակոբյանը, կարծես թե, անաղմուկ քարոզարշավի կողմնակից է։ Եթե Փաշինյանը կտուրների վրա էր բարձրանում ու բարձրախոսով ներկայացնում իր անելիքները, ապա Հակոբյանը գետնանցումներն է նախընտրում ու բավարարվում է բուկլետներ բաժանելով։ Մեր այս դիտարկմանը նա պատասխանեց․

«Մենք ունենք բարձրախոս, բայց քանի որ գետնանցումի տակ էինք, որոշեցինք շատ չաղմկել, հիմա երբ որ դուրս գանք գլխավոր փողոց, կվանկարկենք։ Երեկ չէ առաջին օրը վանկարկումներով անցել է քարոզարշավը, այսօր նույնպես կանցնի»։

- Եղան քաղաքացիներ, ովքեր ձեր բուկլետները չվերցրին։ Ի՞նչ եք կարծում՝ Ձեր ուժի՞ն չեն վստահում, թե՞ Ձեզ չեն ճանաչում։

- Կարող է պատահել, որ ուղղակի տարբերանշանները չգիտեն, և չեն տեսնում, որ սա մերն է, որովհետև լինում է, որ չեն ուզում վերցնել, ինչպես Դուք նշեցիք, հետո երբ որ վերցնում ու նայում են, ասում են՝ հա՜, Դո՞ւք եք, ու վերցնում են։ Այսինքն՝ այդքան միանշանակ չէ, որ լոգոն մարդկանց մոտ այդ պահին միանգամից ասոցացվում է «Իմ քայլը» դաշինքի հետ։ Ձեր նշած պատճառները նույնպես կարող են լինել, այսինքն՝ ինձ չճանաչեն կամ կլինեն մարդիկ, ինչու ոչ, միգուցե մեր ուժին չեն վստահում, ընտրել են, որ իրենք այլ ուժի պետք է քվերակեն։

- Դուք 6 ամսից ավել է՝ ԱԺ պատգամավոր եք, ինչո՞վ է Ձեզ համար նշանավորվել այդ 6 ամիսը, ի՞նչ գործեր եք կատարել, և ի՞նչն եք կիսատ թողել, որ ընտրվելու պարագայում պատրաստվում եք ավարտին հասցնել։

- 6 ամիսների ընթացքում եղել են անհատական դեպքեր, որ քաղաքացիներ են դիմել ինչ-ինչ հարցերով։ Բայց, որպես այդպիսին, ամենանշանավոր դեպքը, ամենացայտուն դեպքը գովազդի մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծն էր, որ ներկայացրի ԱԺ, և վերընտրվելու դեպքում, միանշանակ, առաջին գործը, որ կանեմ, այդ նույն օրենքը փոքր փոփոխություններով շտկումներով․․․Որովհետև մենք արդեն իսկ նախատեսում ենք, որ այդ օրենքը 1-ինից 2-րդ ընթերցման միջակայքում պետք է փոփոխությունների ենթարկվի։ Միգուցե արդեն կանենք այդ փոփոխությունները, և այդ օրենքը 1-ին նիստի ժամանակ ես կներկայացնեմ Ազգային Ժողովին։

- Դուք Շենգավիթ վարչական շրջանում ռեյտինգային թեկնածու եք, ծանո՞թ եք այս վարչական շրջանի խնդիրներին, կնշե՞ք մի քանիսը։

- Վարչական շրջանը առանձին վերցրած, որպես այդպիսին, խնդիրներին ծանոթ չեմ, որովհետև Շենգավիթ վարչական շրջանը նույնպես մնացած բոլոր վարչական շրջանների նման ունի տարբեր խնդիրներ։ Այնպես որ չեմ կարող ասել՝ գազի՞ խնդիր կա, ասֆալտի՞ խնդիր կա։ Հիմնականում այն նույն խնդիրներն են, որոնք կան մյուս բոլոր վարչական շրջաններում։

- Պարոն Հակոբյան, ի՞նչ եք կարծում՝ այս ընտրատարածքից «Իմ քայլը դաշինքի» օգտին քվեարկողները քվեարկում են Նիկոլ Փաշինյանի՞ օգտին, թե՞ Ձեր, քանի որ Դուք նրա աներորդին եք։

- Այս տարածքում կլինեն մարդիկ, ովքեր կքվեարկեն իմ օգտին, դա միանշանակ կարող եմ ասել, այդ մարդիկ աշխատանքը տեսել են և գնահատել են, և չեմ կարծում, որ իմ փոխարեն լիներ Նիկոլ Փաշինյանի մեկ այլ բարեկամ կամ ես՝ ինքս, այս 7 ամիսների ընթացքում թերի աշխատած լինեի, նույնությամբ կվերաբերեին ինձ։ Բայց նաև չեմ կարող ժխտել, որ կարող են լինել քաղաքացիներ, ովքեր կընտրեն, որովհետև, օրինակ՝ չգիտեմ․․․։ Ես չեմ բացառում, բայց վստահեցնում եմ, որ այդ ձայները այնքան էլ շատ չեն լինի։

ՀԳ․ Մալաթիա Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջաներում ՔՊ ցուցակով առաջադրված մյուս թեկնածուն վերջերս լրատվադաշտը լքած ու «Քաղպայմանագրի» անդամ դարձած նախկին լրագրող Սիսակ Գաբրիելյանն է։ Նա էլ համարվում է Հրաչյա Հակոբյանի համար մեկ մրցակիցը։