Հայաստան վերադառնալն իմ առաջնահերթությունների մեջ չէ․ ՄԻԵԴ դատավոր

Հայաստան վերադառնալն իմ առաջնահերթությունների մեջ չէ․ ՄԻԵԴ դատավոր

Այսօր Խոշտանգումների կանխարգելման ոլորտում Մարդու իրավունքների պաշտպանի տասնամյա գործունեությունը նվիրված միջազգային համաժողովին մասնակցում էր նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ դատավոր, Մարդու իրավունքների երկրորդ պաշտպան Արմեն Հարությունյանը։
Լրագրողների հետ նրա հարց ու պատասխանը ներկայացնում ենք ստորեւ։

-Պարոն Հարությունյան, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում տեսնո՞ւմ եք առաջընթաց։

-Չեմ կարող ասել։ Ես մոտ տասը տարի է, ինչ գնացել եմ, պրոֆեսիոնալ տեսակետից խորը չեմ ուսումնասիրում, որ կարողանամ ասել։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի տեսանկյունից կարող եմ ասել, թե գործերն ինչ վիճակում են։ Ես կարծում եմ, որ կա առաջընթաց։ Այն, որ ՄԻՊ-ը կարողանում է այս դժվարին պայմաններում աշխատել եւ բավականին բարձր հեղինակություն ունի միջազգային կառույցներում, ՀՀ ՄԻՊ-ի գործունեությունն ամբողջ Եվրոպայի խորհրդում դիտվում է օրինակելի, եւ դա վերաբերում է ոչ միայն Արեւելյան Եվրոպայի, այլեւ Արեւմտյան Եվրոպայի երկրներին, դա ցույց է տալիս, որ արդեն կա առաջընթաց։ ՄԻՊ-ը չի կարող գործել, եթե մնացած ինստիտուտները չեն աշխատում։

-Դուք ակտիվ դերակատարում եք ունեցել Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ, նաեւ զեկույց եք հրապարակել, որը մեծ աղմուկ բարձրացրեց եւ հիմք դարձավ Ձեր հրաժարականի համար։ Հիմա վերաբացվել է Մարտի 1-ի գործը, կուզենայի ամփոփ գնահատական տաք՝ արդյո՞ք կլինի ամբողջական բացահայտում այդ գործով։

-Դուք ինձ իրավաբանական հարց չեք տալիս, ես չգիտեմ՝ կլինի՞, թե՞ ոչ։ Մարտի 1-ի գործով ես ՄԻԵԴ կազմի անդամ չեմ, դրա համար չեմ կարող խոսել, որովհետեւ նեերքին կանոնադրությամբ եթե դու քո նախորդ գործունեությամբ առնչություն ես ունեցել այդ գործին, դու կազմի մեջ չես, քանի որ չես կարող անկաշկանդ գործունեություն ծավալել։ Ես Հյուսիսային պողոտայի սեփականազրկված քաղաքացիների բողոքներով էլ չկամ ՄԻԵԴ կազմում, որովհետեւ այն ժամանակ դիմել էի Սահմանադրական դատարան։ Ես Մարտի 1-ի գործով կազմել էի արտահերթ զեկույց։ Ընթացող գործընթացի վերաբերյալ չի կարելի դատավորին հարց տալ, որովհետեւ այն կարող է մի օր գալ ՄԻԵԴ։ Յուրաքանչյուր կարծիք կարող է համարվել, որ դու անկաշկանդ չես այդ հարցում։

-Իսկ Ձեր դիտողությունները հաշվի՞ են առնում իշխանությունները։

Չեմ կարող ասել, ես չեմ այդ հարցի հասցեատերը։ Ես գիտեմ, որ ՄԻԵԴ-ի վճռի հիմքում նաեւ դա էր դրված՝ այդ արտահերթ զեկույցը։

-Իսկ զեկույցից հետո Մարտի 1-ի գործով բացահայտման առումով առաջընթաց տեսնո՞ւմ եք։

-Չեմ կարող ասել, ընթացքը ցույց կտա։ Այդ հարցին Դուք ինձնից լավ կարող եք պատասխանել։

-Դուք հենց Մարտի 1-ին հարված եք ստացել ոստիկանության կողմից։

-Չեմ ուզում ես այդ հարցի մասին խոսել։ Եթե դու Մարդու իրավունքների պաշտպան ես՝ դա մի կարգավիճակ է, եթե Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր ես՝ դա այլ կարգավիճակ է։ Ընթացող գործերի մասին կամ այն գործերի մասին, որոնք ՄԻԵԴ-ում են կամ դատավորը կազմի մեջ չէ, իմաստ չունի դատավորին հարց տալ։

-Մարտի 1-ի գործով մի շարք անձանց վերաբերյալ ՄԻԵԴ-ը կայացրեց վճիռներ։ Մի շարք հայցեր էլ դեռ ՄԻԵԴ-ում են, ի՞նչ լույս կսփռեն այդ վճիռները Մարտի 1-ի գործի բացահայտման վրա։

-Չեմ կարող ասել, դա լուրջ իրավաբանական վերլուծություն է պահանջում՝ հասկանալու, թե ներկայիս գործընթացները ինչքանով են կապված դրանց հետ։ Ես չեմ կարող բացատրել, որովհետեւ պրոֆեսիոնալ չեմ զբաղվել դրանցով։ Կրկնում եմ ՝ ՄԻԵԴ-ի կազմի մեջ չեմ եւ չեմ կարող կարծիք հայտնել։

-Դուք տարիներ առաջ ասել էիք, որ չեք վերադառնա Հայաստան։

-Ես այդպիսի բան չեմ ասել։ Չեմ հիշում՝ կարող է ասել եմ, կարող է՝ չեմ ասել։

-Հիմա, երբ Ձեր լիազորությունների ժամկետն ավարտվի ՄԻԵԴ-ում, կվերադառնա՞ք, թե՞ ոչ։

-Չեմ կարող ասել։ Կարող է՝ վերադառնամ, կարող է՝ ոչ։ Այն ժամանակ մի քիչ ավելի ջահել էի։ Ես այդ մասին չեմ մտածել, դա իմ առաջնահերթությունների մեջ չէ՝ վերադառնալ-չվերադառնալը։

-Դուք ասացիք, որ կան փոփոխություններ, որո՞նք են այդ փոփոխությունները։

-Այն, որ Մարդու իրավունքների պաշտպանը կարողանում է այսքան անկաշկանդ գործել, դա ցույց է տալիս, որ կա փոփոխություն։

-Երբ ասում եք՝ անկաշկանդ, դա չի՞ նշանակում, որ Դուք ժամանակին կաշկանդված եք գործել։ Ժամանակին Ռոբերտ Քոչարյանը Ձեզ անվանեց իր ամենաանհաջող կադրը։

-Պետք չէ իրար հակադրել։ Ես անկաշկանդ եմ եղել, բայց Արման Թաթոյանը կարողացել է իրենն ավելացնել, այս ինստիտուտը բավականին բարձր մակարդակի հասցնել։

-Դուք համաձա՞յն եք Ռոբերտ Քոչարյանի այդ գնահատականին։

-Ինձ այդպիսի հարցեր մի՛ տվեք։ Եկեք փոխադարձ հարգանք ունենանք։ Ինձ քաղաքական հարցեր եք տալիս, որոնք հետագայում ՄԻԵԴ-ում կարող են իմ դեմ գործել։ Դա Ձեզ ձե՞ռ է տալիս։ Ես այդ հարցերին չեմ կարող պատասխանել։

-ՀՀ երկրորդ նախագահին Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել սահմանադրական կարգի տապալման համար։

-Ինձ այդպիսի հարցեր մի՛ տվեք, որովհետեւ ես ո՛չ ուսումնասիրել եմ, ո՛չ էլ կարող եմ պատասխանել։ Ես այդ հարցով ո՛չ փաստաբանն եմ, ո՛չ մեղադրողը։