Փոխարենը մի ծաղիկ գնե՛ք, թող ձեր երեխան նվիրի տատիկին, ուսուցչին

Փոխարենը մի ծաղիկ գնե՛ք, թող ձեր երեխան նվիրի տատիկին, ուսուցչին

Եթե ձեր երեխան

*Տեղյակ է ձեր հարևանների ներընտանեկան հարաբերությունների մանրամասների մասին, գիտի, թե հարևան ամուսիններն ինչ թեմայի շուրջ են վիճում, հաշտվում և այլն, որովհետև շատ հաճախ ներկա է գտնվում ձեր կենցաղային բամբասանքներին, ուրեմն ձեր դաստիարակության մեջ մի բան սխալ է։

*Տեղյակ է ձեր՝ իր դասընկերների ծնողների միջև առկա կոնֆլիկտներից, փոխադարձ վիրավորանքներից և մյուս բոլոր մանրամասներից, ինչի արդյունքում վատթարանում են նաև իր և դասընկերների հետ փոխհարաբերությունները(եթե մաման Աշոտի մամայի հետ չի խոսում, ես էլ Աշոտի հետ չեմ խոսի), ուրեմն ձեր դաստիարակության ոճի մեջ մի բան սխալ է։

* Տեղյակ է ձեր՝ որոշ ուսուցիչների հանդեպ ունեցած հակակրանքից, դպրոցում տեղի ունեցող խմորումներից, ինչի արդյունքում երեխան պարզապես սկսում է անհարգալից վերաբերմունք ցուցաբերել որոշ ուսուցիչների և իրենց կողմից դասավանդող առարկաների հանդեպ (դե որովհետև մաման չի սիրում տվյալ ուսուցչին և վիրավորական խոսքեր է հնչեցնում նրա հասցեին), ուրեմն ձեր դաստիարակության մեջ մի բան սխալ է։

* Տեղյակ է ձեր՝ հարս-սկեսուր հարաբերությունների բացասական կողմերի մասին, անընդհատ տատիկի հասցեին բացասական խոսքեր է լսում, արդյունքում տրամադրվում նրա դեմ, ուրեմն կրկին մի ման սխալ է։

Պետք է ամեն կերպ ձգտել թույլ չտալ, որ երեխան մասնակից դառնա ձեր՝ այլ անձանց հետ ունեցած կենցաղային «հրմշտոցներին», թույլ չտալ, որ երեխայի՝ դասընկերների, ուսուցիչների, տատիկ-պապիկի, հարևանների հանդեպ ունեցած դրական վերաբերմունքը վերանա, ձեր վերջիններիս հանդեպ ունեցած անարգանքի, ատելության կամ թշնամական դիրքորոշումների արդյունքում։

Վերջին շրջանում սկսել եմ օր օրի ավելի շատ հանդիպել կենցաղային անիմաստ խնդիրների վերաբերյալ ինֆորմացիայով ապրող երեխաների, որոնց ուղղակի չեն թողնում վայելել մանկությունը, որոնք սովորել են բամբասել, վիրավորել, պիտակավորել․․․ որովհետև դա են տեսնում տանը, ընտանիքում։

Փոխարենը մի ծաղիկ գնե՛ք, թող նվիրի տատիկին, ուսուցչին․․․թող սովորի սիրել ու հարգել մարդկանց․․․

Հոգեբան ԱՆի Խուդոյանի ֆեյսբուքյան էջից