Ո՛չ բժիշկ կա, ո՛չ հիվանդը բուժվելու ցանկություն ունի

Ո՛չ բժիշկ կա, ո՛չ հիվանդը բուժվելու ցանկություն ունի

Ներքին Հանդում հերթական զոհերի մասին ծանր լուրին զուգահեռ, ինչ-որ քաղաքագետի խոսքն էր շրջանառվում առ այն, որ ՔՊ-ում իրար ուտում են, ու հիմա նրանք մտածում են երկրից թռնելու մասին:

Հիշո՞ւմ եք, մի տասը տարի առաջ այս կարգի լուրեր տարածողներն ասում էին, թե Իլհամ Ալիեւը քաղցկեղ ունի, վիճակն անհույս է, ու նա որոշել է Ադրբեջանի հաջորդ նախագահ դարձնել իր կնոջը։ Ինչ-որ ժամանակ հետո, իրար հերթ չտալով, համոզված, որպես ականատես ու կարեւորագույն վկա, հայտարարում էին, թե Էրդողանի օրերը հաշված են, նրա մի ոտքն արդեն գերեզմանում է, մնում է մյուս ոտքն էլ դնի, ու երկնքից կարմիր խնձորներ են ընկնելու մեզ վրա։
Տարիներ անցան, բայց ո՛չ Իլհամը կնոջը նախագահ դարձրեց, ո՛չ ոտքերը տնկեց, ընդհակառակը, մեր հայատյաց գոյացության հետ երկու անգամ պատերազմ պայմանավորվեց, ողջ պատմության ընթացքում առաջին անգամ Արցախը հայաթափեց ու նույն հայատյաց հրեշի օգնությամբ հիմա փորձում է ողջ Հայաստանի Հանրապետությունն իրենով անել։ Ավելին, օրերս կրկին վերընտրվեց որպես Ադրբեջանի գերագույն խան։

Կրկին վերադառնանք ՔՊ-ում «իրարանցման» եւ երկրից ճողոպրելու մասին լուրին։ Երեւի հիշում եք, որ սա նման կարգի առաջին լուրը չէ։ Տարիներ շարունակ ժամանակ առ ժամանակ գրում էին Նիկոլի սպասվելիք հրաժարականի մասին, անգամ ամիսն էին նշում, որ արդեն պրծ` նրանից ազատվում ենք։ ՔՊ-ում առնետավազքի մասին էին հայտարարում, իրենց ասածները հիմնավորելու համար հաճախ վկայակոչում էին բախտագուշակներին, վանդաներին ու նոստրադամուսներին, աստղերի ու մոլորակների դասավորությունն էին կապում հայաստանյան քաղաքական շարժերի հետ...

Ու դարձյալ ամիսներ, տարիներ էին անցնում, եւ ամեն ինչ մնում էր իր տեղում, ինչպես հայտնի ստեղծագործության «կոտրած տաշտակը»։

Հետաքրքիրն այն է, որ նման լուրերը գերազանցապես տարածում են այն օրերին, երբ կարծես թե ժողովուրդը փորձում է արթնանալ լեթարգիական քնից, փորձում է ինչ-որ բան ձեռնարկել։ Վարդենիսում ժողովրդի աճող դժգոհությունը, Ներքին Հանդում կատարված ողբերգությունը, որ հնարավոր է մարդկանց արթնացնի քնից, դրանց զուգահեռ հեքիաթներով, օրորոցայիններով կրկին քնեցնում են մարդկանց` հանգիստ նստեք տեղներդ, ժողովուրդ ջան, ի՜նչ փողոցներ փակել, ի՜նչ ցույց ու բողոք, ձեզ մի վտանգեք, հանգիստ քնեք, ՔՊ-ում իրենք իրենց հաշիվները մաքրելու են, ամեն ինչ լավ է լինելու, հանգիստ քնեք, չափահաս մանկիկներ ջան...

Ու խնդիրն այն չէ, որ սրանցից ոչ մեկը երբեք այդպես էլ չխոստովանեց, որ սխալվել է, ու ներողություն չխնդրեց` գիտակցաբար թե անգիտակցաբար ժողովրդին խաբելու համար։ Այլ ցավն այն է, որ նման կարգի լուրեր տարածելը վաղուց մեզանում ավանդույթ է դարձել։ Հազարավոր մարդիկ, ողջ երկիրը, ողջ բնակչությունը՝ հանգիստ նստած իր աթոռին կամ ընկղմված-ճխլված իր բազկաթոռի մեջ, սուրճի բաժակը մի ձեռքին, մյուսով ծխախոտից ծուխ է թռցնում վեր, հեքիաթներ մոգոնում ու սպասում, որ շուտով ալիեւ-էրդողանները ոտքները տնկելու են, ՔՊ-ականներն իրենք իրենց ուտելու են, Նիկոլը որոշված ամսվա որոշված օրը քնից զարթնելու է, թուղթ ու գրիչն առնի եւ առանց անգամ ձեռք ու երես լվանալու, իր հրաժարականի մասին թուղթ ստորագրի։

Ու այսպես, իրենք բացարձակապես ոչինչ չանելով, լավագույն դեպքում խորհրդարանում նստած, տխմար հարցեր տալով, ոմանց ոտքերը տնկելուն կամ հրաժարական տալուն սպասելով, աչքները հառած փրկիչների գալստյանը կամ Աստծո դաժան դատաստանին, օրեր, ամիսներ, տարիներ են գլորում, ավելի խորն ընկղմվում ցեխի մեջ, բայց դարձյալ չեն ուզում մատը մատին խփել, մի բան էլ իրենք անել, որպեսզի դուրս գան սեփական անխելքության եւ անճարակության պատճառով ստեղծված դժոխքից։

Ինչպես ասում են` ծանր կլինիկական դեպք է, ու երիցս ցավալի է, որ ո՛չ բժիշկ կա, ո՛չ հիվանդը բուժվելու ցանկություն ունի։

Վարդգես Օվյան