Մարդու սրբություններին չի կարելի կպնել

Մարդու սրբություններին չի կարելի կպնել

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի եւ «Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի միջեւ նախօրեին տեղի ունեցած աղմկահարույց միջադեպի առիթով երեկ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվել, ապա ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղից գործ,ը ամենայն հավանականությամբ, կուղարկվի ՀՔԾ։ Որոշ տեղեկություններով՝ իշխանությունը կպահպանի իրավական գործընթացի բոլոր ընթացակարգերը, Ալեն Սիմոնյանին բռնություն գործադրելու հոդվածով մեղադրանք կառաջադրվի, գլխավոր դատախազը գուցեեւ մտնի ԱԺ՝ նրան պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու դիմումով։ Իշխանությունն այս առիթն էլ, ըստ էության, կօգտագործի սեփական փիառի համար՝ ցույց տալով, թե, ի տարբերություն հին Հայաստանի, նոր Հայաստանում պաշտոնյաների հանցանքները ծածկադմփոց չեն անում, չեն կոծկում, եւ այժմ անձեռնմխելի պաշտոնյաներ չկան։ Բնականաբար, հարուցված գործն ինչ-որ պատճառներով կա՛մ կկարճվի, կա՛մ ինչ-որ խորհրդանշական ավարտ կունենա։ Ուշագրավ է, սակայն, որ թավշյա հեղափոխությամբ իշխանության եկած եւ բռնության դեմ պայքարող իշխանավորները երեկվանից փորձում են արդարացնել իրենց գործընկերոջ գործողությունները եւ հայտարարում, որ նույն իրավիճակում իրենք էլ նույնկերպ կվարվեին։ «Իմ քայլի» պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի խոսքով՝ ինքը ցանկացած պարագայում դատապարտում է հարցերը բռնությամբ լուծելու ճանապարհը, սակայն այս իրավիճակում դժվար է գնահատել փոխխոսնակի քայլը․ «Մի կողմից ասվում է՝ իսկ ի՞նչ պետք է աներ ցանկացած արժանապատվություն ունեցող մարդ, մյուս կողմից՝ դատապարտում բռնությունը։ Այս դեպքում անձամբ ես էլ չեմ կարող ասել՝ իսկ ի՞նչ կանեի, եթե ես լինեի, իսկ ի՞նչ կաներ մեկ այլ անձ»։

Դիտարկմանը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ պարբերաբար ֆեյսբուքյան իր «լայվերի» ընթացքում խոցում է շատերի արժանապատվությունը, դատավորներին «վնգստացող» անվանում, նախկինների հասցեին վիրավորական արտահայտություններ թույլ տալիս, «սամասուդի» ակնարկներ անում եւ այլն, այդ վիրավորանքների հասցեատերե՞րն էլ պետք է բռնության դիմեն, իշխանական պատգամավորն ասաց․ «Երբեւէ չեմ արդարացնում թե՛ պետական, թե՛ բարձրաստիճան պաշտոնյաների․․․ երբեւէ չեմ խրախուսել ու չեմ փորձել նման արժեհամակարգն ինձ համար ուղենիշ դարձնել ու ոչ էլ անձերով եմ պայմանավորում, սա երեւույթ է, որն ուղղակի պետք է արմատախիլ անել վերեւից ներքեւ։ Քանզի այսօր իմ էմոցիոնալ պոռթկումը վաղվա սերնդի վարքագծի  կրկնողությունն է»։ ՔՊ հնաբնակներից պատգամավոր Տիգրան Ուլիխանյանն էլ վստահեցնում է, որ ինքը չգիտի, թե նման իրավիճակներում ինչպես կկարողանա իրեն դրսեւորել։ 
Պատգամավորը թեեւ հիշեցնում է, որ բռնությունը ոչ միայն օրենքով է մերժելի, այլեւ իրենց կուսակցության «մայր փաստաթղթով», սակայն բռնությունը, նրա խոսքով, պետք է տարբերակել ինքնապաշտպանությունից․ «Մերժելով բռնությունը՝ այդուհանդերձ, չեմ երաշխավորում, որ ես նման պարագայում այլ կերպ կվարվեմ, կկարողանամ ինքնատիրապետել։ Այո, չեմ կարող այդպիսի խոստում տալ, որ կտիրապետեմ ինձ, ես կարող եմ խոստանալ, որ ամեն ինչ կանեմ նման իրավիճակից խուսափելու համար, բայց այդ դեպքում էլ չգիտեմ՝ ինձ մոտ կստացվի՞, թե՞ ոչ։ Ի վերջո, բոլորս էլ մարդ ենք, ունենք արժանապատվության զգացում, եւ չեմ կարող պնդել, որ ինձ այդպիսի հայհոյանք հասցնող մարդու առողջությանը ոչինչ չի սպառնում»։

- Պարոն Ուլիխանյան, երբ պետության վարչապետն իրեն թույլ է տալիս վիրավորել քաղաքական օպոնենտներին, ինչո՞ւ չեք ուզում ընդունել, որ հակառակն էլ կարող է լինել, այլ հարց է, որ տարբեր կարող են լինել արժեհամակարգերը, կրթական ցենզերը, հետեւաբար՝ վիրավորանքների ու հայհոյանքների բնույթը։

- Ուզում եք ասել, որ մենք պիտի համակերպվենք դրա հետ։ Ես համաձայն չեմ, որ սա կապ ունի վարչապետի հայտարարությունների հետ, եթե չասեմ հակառակը, որ դրանք չեն կարող նպաստել նման գործողությունների։ Որոշ մարդիկ բռնությունը մերժելու մեր սկզբունքային դիրքորոշումը կարող են ընդունել թուլության նշան եւ օրինապաշտությունը շփոթեն անպաշտպանության հետ ու հայտնվեն ծանր, այդ թվում՝ առողջական խնդիրների առաջ։ Հույս ունեմ, որ սա վերջին միջադեպն է լինելու։ Նման հայհոյանքներով շփումն ուղղակի պիտի դադարի, այլապես դժվար է պատկերացնել, թե ինչպես պետք է ինքնատիրապետումը չկորցնել։
Քննադատության կարիք ունի ցանկացած իշխանություն, բայց մենք պատրաստ չենք անձնական բնույթի վիրավորանքների։ Ես պատրաստ եմ իմ հասցեին լսել քննադատություն, այդ թվում՝ այնպիսի հայտարարություններ, որոնք նաեւ վիրավորանք են պարունակում։ Բայց վիրավորանքն էլ չափ ու սահման ունի։ Ընտանիքի անդամներին ուղղված․․․ մարդու սրբություններին կպնելը, ախր, դուք տեսե՞լ եք՝ մեզանից որեւէ մեկը ուրիշի հասցեին նման արտահայտություն անի, մենք մեզ չենք կարող նման բան թույլ տալ, այդ թվում նաեւ՝ որպես պաշտոնյաներ։ Սակայն պաշտոններ զբաղեցնելով՝ մենք չենք դադարում մարդ լինել, որն ունի որոշակի խառնվածք։

- Այսինքն, կարող են վիրավորել իրար, բայց սրբություններին չպիտի կպնել։

- Ցանկալի չէ վիրավորել, բայց ծնողի, կնոջ, երեխայի արժանապատվությանը կպնել չի կարելի։ Կարեւոր է նաեւ, թե ով է ասողը, եթե լսարան չունի, միգուցե բանի տեղ էլ չդնես, կամ գուցե դա քեզ չհասնի էլ, բայց այդ ամենը հրապարակվել է ու կարծես թե չի էլ դադարում, տարբեր լայվեր տեսա ու կրկնում եմ՝ չի բացառվում, որ այդպիսի արտահայտություններ անող մարդկանց առողջությանը վտանգ է սպառնում։ Մի մոռացեք՝ մենք ապրում են Հայաստանում, հայ ենք․ սա է ամբողջ հարցը։

- Հիմա հարցը փողոցային, տղայական մակարդակո՞ւմ պետք է դիտարկել, թե՞ քաղաքական։

- Բայց այստեղ քաղաքական ի՞նչ կա, մարդուն բարեւել է, նա էլ հայհոյել է։

- Դիմացինը պաշտոնյա է․․․

- Այո, հայհոյել են պաշտոնատար անձի, այո, դիմացինը պետք է որոշակի զսպվածություն ունենա, բայց այդ մարդիկ չեն դադարում մարդ լինել։

- Ի՞նչ եք կարծում՝ իրավական հետեւանքներ կլինե՞ն կամ քաղաքական, ոմանք Սիմոնյանից պահանջում են վայր դնել մանդատը։

- Ես չգիտեմ՝ հարվածելը քրեորեն պատժելի արա՞րք է, թե՞ ոչ, հատկապես, որ դիմացի կողմը մի քանի հոգով են եղել, ու, ինչպես հասկացվում է՝ իրենք էլ են հարվածել։ Եթե այս դեպքում իրավական հետեւանքը պարտադիր է, այն անպայման կլինի՝ հաշվի չի առնվի, թե ով է անցնում այդ քրեական գործով։ Ինչ վերաբերում է մանդատը վայր դնելու անհրաժեշտությանը, իմ կարծիքով, չկա նման անհրաժեշտություն։ Դա ինդիվիդուալ որոշում է, միգուցե ես չտեսնեմ, պարոն Սիմոնյանը տեսնի, բայց ես՝ ինքս, պարոն Սիմոնյանին այս դրվագով որեւէ նախատինքի խոսք չեմ կարող ասել։