Ոչ մի դաստիարակված մարդ իրեն այդպիսի հայտարարություն թույլ չէր տա

Ոչ մի դաստիարակված մարդ իրեն այդպիսի հայտարարություն թույլ չէր տա

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը իրեն հռչակել է, իր բառերով ասած, «փչացած դատավորների» դեմ պայքարի առաջամարտիկ և խաչակիր ասպետ, մինչդեռ Անդրեասյանն ընդամենը նախարար է, գործադիր իշխանության ներկայացուցիչ, որին Սահմանադրությունն է արգելում միջամտել դատական իշխանության գործունեությանը։ Հանրային Հեռուստաընկերության եթերում Անդրեասյանը հետևյալն է հայտարարել․

«Մենք հիմա փորձելու ենք, և ես անձամբ փորձելու եմ, որ ճիշտ զտում տեղի ունենա, մենք, էն, որ աում ա, իրերն իրենց անուններով կոչենք, հատ առ հատ բացահայտենք էդ 20 տոկոսին, էդ 40 դատավորներին, և հատ առ հատ իրենց դուրս մղենք համակարգից, որպեսզի էդ նստած, էնտեղ հոտառությունով առաջնորդվող, ամեն ընտրությունից հետո քաղաքական քամիներով էսկողմ- էնկողմ արվող դատավորները իրենց տեղը գտնեն դատական համակարգից դուրս, ոմանք, հուսանք, նաև քրեակատարողական հիմնարկներում»։ Անդրեասյանի խոսքով՝ ցավոք սրտի, Հայաստանում օրենք կա, թե չէ՝ ինքը կես ժամում կաներ այդ գործը․

«Եթե իմ ձեռքը լիներ, ընդամենը կես ժամում վեթինգն արել, վերջացրել էի, բայց, ցավոք սրտի, կա օրենք այս երկրում»։

Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար, սահմանադրագետ Էդգար Ղազարյանին հարցրինք, թե ի՞նչ կարծիք ունի նախարարի այս հայտարարության վերաբերյալ, արդյոք նա իրավունք ունի՞ միջամտելու դատական իշխանության գործունեությանը․

«Իհարկե, դատական իշխանության գործունեությանը միջամտելու իրավունք չունի, բացի այդ հանրային ծառայողի նորմեր գոյություն ունեն, որ առհասարակ ցանկացած հանրային ծառայող, երբ հրապարակային խոսքով  է հանդես գալիս, նա պարտավոր է պատշաճ զսպվածություն ցուցաբերել իր արտահայտություններում, որովհետև եթե նախարարը որևէ դատավորի նկատմամաբ վերաբերմունք ունի, ապա դա պետք է լինի շատ կոնկրետ, պետք է լինի շատ հիմնավոր, նույնիսկ անձին վերաբերվող լինելու դեպքում պետք է լինի շատ հիմնավոր և առարկայական, և արտահայտված լինի որևէ գործընթացով։ Իսկ այդ հայտարարությունները ոչ մի դաստիարակված մարդ իրեն չի կարող թույլ տալ, որ նախարարի պաշտոնում նման հայտարարություններ անի։ Եթե իր այդ ելույթը փչացած մարդկանց մասին ա, ապա, կարծում եմ, այդ մարդկանց ամենամեծ զանգվածը ամեն հինգշաբթի օրը հավաքվում է կառավարության նիստերի դահլիճում, և ինքը կարող է տեսնել, թե որն է ամենափչացած ու վարկաբեկված շերտը, և եթե կարող է դրանում ինչ-որ բան փոխել, թող փոխի»,- պատասխանեց Ղազարյանը։

Դիտարկմանը, որ նախարարը խոստանում է ավելի «արդյունավետ» միջոնրդություններ ներկայացնել ԲԴԽ՝ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ, և հարցին, թե չի՞ ստացվում, որ արդարադատության նախարարը սևեռվել է կոնկրետ մարդկանց վրա, Ղազարյանը պատասխանեց․

«Ակնհայտ է մի բան, որ նախարարի պաշտոնը, «Հանրային ծառայության մասին» օրենքով, սահմանված է իբրև քաղաքական պաշտոն, հետևաբար նախարարի ցանկացած գործունեություն և որոշում քաղաքական գործունեություն է։ Հետևաբար եթե նախարարը թիրախավորում է կոնկրետ դատավորների, ապա արդեն ակնհայտ է, որ այդ թիրախավորումը ունի քաղաքական բնույթ։ Նշանակում է, որ այդ դատավորը, ըստ էության, ցուցաբերել է քաղաքական զսպվածություն և չի ենթարկվել իշխանությունների քաղաքական պահանջներին, ով չի ենթարկվի, կենթարկեն քաղաքական ներգործության, այսինքն՝ քաղաքական պաշտոն զբաղեցնողը, օգտագործելով իր լիազորությունները, դատավորի նկատմամաբ գործողույուններ կիրականացնի։

Ընդհանրապես արդարադատության նախարարության կողմից ԲԴԽ դիմելու գործիքակազմը նախատեսված չէ այն դեպքի համար, երբ դատավորի առաջ դնում են քաղաքական պահանջներ, որոնց կատարելը կամ չկատարելը կարող է վերաբերմունք ձևավորել, դա լրիվ ուրիշ գաղափարախոսություն ունեցող ինստիտուտ է, բայց քանի որ այս մարդիկ վարկաբեկում են բոլոր ինստիտուտները և դրանք ծառայեցնում են իրենց օրվա ճղճիմ քաղաքական շահերին, ապա մենք որպես դրա հետևանք տեսնում ենք այն, ինչ հիմա ինքն անում է։ Լինել արդարադատության նախարար և դատական համակարգի մասին նման լեքսիկոնով և բառամթերքով, իմ կարծիքով նման բան իրեն ոչ մի դաստիարակված մարդ չպիտի թույլ տա, առավել ևս հանրային ծառայողը, առավել ևս իր հանրային դիրքից»,- պատասխանեց Ղազարյանը։