«Հրապարակ». ԱԺ-ն ստուգելու է «Լիդիանի» ներդրումների չափը. ստուգվելու է նաեւ Ծառուկյանի ոսկու հանքը

«Հրապարակ». ԱԺ-ն ստուգելու է «Լիդիանի» ներդրումների չափը. ստուգվելու է նաեւ Ծառուկյանի ոսկու հանքը

Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի՝ գործադիրին ներկայացված եւ նրանց կողմից ընդունված ֆինանսական եւ այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը եւ արժանահավատությունն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը եկող շաբաթ նիստ է հրավիրել։ Դա հանձնաժողովի 3-րդ նիստն է։ Պատրաստվելու է փաստաթուղթ՝ Ամուլսարի շահագործումը ստանձնած «Լիդիան Արմենիա» ընկերության ֆինանսական ծախսերին վերաբերող։

Ընկերությունը, ինչպես հայտնի է, հայտարարել է 400 միլիոն դոլարի ներդրում կատարելու մասին, ԱԺ-ում կասկածներ են առաջացել այդ մասով, եւ պատկան գերատեսչություններին հարցումներ են ուղարկել, որոնց պատասխաններից պարզ կդառնա՝ ընկերությունն արե՞լ է այդքան ներդրում, թե՞ թիվն ուռճացվել է։ «Քանի դեռ չենք ստացել գերատեսչություններին ուղղված մեր հարցումների պատասխանները, ես ոչինչ ասել չեմ կարող»,- ասաց հանձնաժողովի նախագահ Սերգեյ Բագրատյանը։

Ի դեպ, հանձնաժողովի ուսումնասիրության տիրույթում է 27 հանք, առաջին տեղում Ամուլսարն է, ապա՝ Թեղուտը, Զանգեզուրի պղնձամոլիբդենայինը։ Ծառուկյանին պատկանող ոսկու հանքը 4-րդն է։ Հերթականությունը որոշվել է հանձնաժողովի անդամների քննարկման արդյունքում՝ ասաց Բագրատյանը։