ՀՀ հպարտ քաղաքացու համար 3-րդ օրն է որևէ նախագիծ չի քննարկվել

ՀՀ հպարտ քաղաքացու համար 3-րդ օրն է որևէ նախագիծ չի քննարկվել

     ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի նախկին նախագահ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ  Հովհաննես Սահակյանը, երրորդ օրը հետևելով ԱԺ քառօրյային արձանագրում է՝ «մի հատ ժողովրդի, հասարակ քաղաքացու համար օրենքի նախագիծ չկա։ Բացի կառավարության կառուցվածքի մասին օրենքից, որը ենթադրում է մի շարք կրճատումներ»։ Հովհաննես Սահակյանն ամփոփոփեց՝ երրորդ օրն է, ուրիշ բան չենք տեսնում։

 Հովհաննես Սահակյանը կրկնեց իր նախկինում արված այն հայտարարությունը, որ այս ԱԺ-ն որպես օրենսդիր մարմին խիստ պասիվ է։«Այն ժամանակ նշել էի, որ 1-ին, 2-րդ քառօրյաներ են, նոր ձևավորված Ազգային ժողով է և բնականոն հունի մեջ կմտնի։ Բայց որքան բնականոն հունի մեջ է մտնում, այնքան աշխատանքը խորհրդարանում ավելի շատ տեղափոխվում է անձնական վիրավորանքների, հաշիվներ մաքրելու ու մեկը մյուսի առաջնորդին չվիրավորելու հորդորներ հնչեցնելու դաշտ։ 3-րդ օրն է՝ օրենսդրական որևէ նախագիծ չի քննարկվել ու ընդունվել, որ հասարակ ժողովուրդը, ՀՀ հպարտ քաղաքացին զգա, որ իր համար որևէ օրենք ընդունվեց»,-հավելեց Հովհաննես Սահակյանը։
 Նա աբսուրդ է համարում այն, որ գյուղատնտեսությունը տնտեսության ամենակարևոր ճյուղերից մեկը համարվող երկրում, որն ունի մինչև 10 միլիոն սփյուռք, ըստ կառավարության ներկայացրած փաթեթի՝ չի ունենալու Սփյուռքի ու Գյուղատնտեսության նախարարություններ։
«Թե ինչ կերպ ենք զարգացնելու այդ ոլորտները, անկեղծ ասած, իմ համար մի քիչ անհասկանալի է և տարօրինակ։ Ես իրավաբան եմ, ես սիրում եմ, որ օրենքում գրված լինի և օրենքով շարժվենք։ Եթե օրվա իշխանությունները  հայտարարում են, որ օրենքի երկիր է, իրավական պետություն և օրենքի տառն է գերակա, հետևաբար, այն, ինչ գրված չէ,համարենք ընդամենը քաղաքական հայտարարություն»։
 Կառավարության գործունեության և կառուցվածքի մասին փաթեթի քննարկումներին հետևելով՝ Հովհաննես Սահակյանը նաև արձանագրում է, որ սուպերվարչապետությունը, որպես այդպիսին, չի վերանում։ Բայց չէ, որ այդ սուպերվարչապետությունը, որը հայտնի է նաև որպես Սերժ Սարգսյանի կոստյում և որի կոճակներն էր երեկ ցույց տալիս ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ընդունվել, անցկացվել, քարոզվել է հենց Հովհաննես Սահակյանի ներկայացրած քաղաքական ուժի՝ ՀՀԿ-ի կողմից։
 Հովհաննես Սահակյանն, ի պատասխան, արձանագրում է․«Դուք շատ ճիշտ եք։ Բայց եթե մի քիչ ջանք թափեք, հետ գնաք, ԱԺ աշխատանքների սղագրությունները վեր հանեք, կտեսնեք, թե ինչպես էր այդ սահմանադրական փոփոխությունների նախագիծը ժամանակին քննադատում այն ժամանակվա ընդդիմությունն ու այսօրվա իշխանությունը։ Որ սուպերվարչապետությունը խորհրդարանական կառավարման պարագայում կործանելու է երկիրը, որ խորհրդարանը պետք է ունենա ավելի մեծ լիազորություններ ու վերահսկողական լիազորություններ։ Բայց մենք տեսնում ենք, որ այսօր շարունակվում է այդ Սահմանադրությունն ու կառավարությունը, այդ կառավարության կառուցվածքն ու այդ գործելաոճը։ Այսինքն՝ մնաց սուպերվարչապետությունը»։