Ուզում են աջակցել  ֆերմերներին

Ուզում են աջակցել  ֆերմերներին

«Գյուղական տնտեսական զարգացում-նոր տնտեսական հնարավորություններ» ծրագրի ղեկավար Սուսաննա Խաչատրյանը ծրագրի մեկնարկին, պատասխանելով լրագրողների հարցերին, նշեց, որ դրա շահառուները գործող ֆերմերներն են, որոնք ունեն տնտեսություն, եւ ծրագիրը կարող է աջակցել նրանց՝ բարձրացնելու արդյունավետությունը։ 

«Մենք ունենք մշակված մոդուլներ, որոնցով մտնելու ենք համայնքներ, սկզբում ուսումնասիրելու ենք, թե որ համայնքներն ընտրենք։ Հիմա մենք համայնքների ընտրության փուլում ենք, այն կավարտվի երեք ամսից։ Եվ այդ ընթացքում մենք հանդիպումներ ենք ունենալու մարզեպտարանների, համայնքապետարանների հետ, վեր հանելու ենք այն բոլոր խնդիրները, որոնք կան համայնքներում, հանդիպելու ենք նաեւ առաջատար ֆերմերների հետ, նրանց հետո, որոնք լոկոմոտիվ են իրենց համայնքներում եւ կարող են աջակցել այն ֆերմերներին, որոնց դեռ չի հաջողվել սեփական ապրանքով դուրս գալ շուկա»,- ասաց Սուսաննա Խաչատրյանը։

Ըստ նրա՝ մեղվապահության մեջ կան շատ բացեր, եւ արտասահմանյան շուկա դուրս գալու համար կան երրորդ երկրի պահանջները։ Այդ պահանջները բավարարելու համար պետք է համապատասխանել սննդի անվտանգության պահանջները, լինեն հատուկ սարքավորումներ։ Եվ մեր աջակցությունը, ըստ նրա,  փոքր ֆերմերներին հենց այդ ձեւով է լինելու։ 

Սուսաննա Խաչատրյանը նշեց, որ այդ ծրագիրն օգնելու է, որ ստանդարտներին համապատասխան տնտեսությունները կարողանան կազմակերպել իրենց արտադրությունները։ Նա հավելեց, որ մեղվապահական սարքավորումները շատ թանկ չեն, եւ ծրագրում 70 տոկոս ներդրումը լինելու է ֆերմերի կողմից։ 

«Սկսնակ ֆերմերներն իրենց միջոցներով հազիվ թե առաջ գնան, իսկ այն ֆերմերները, որոնք քայլեր արել են, հնարավորություն կունենան առաջ գնալ այդ աջակցության միջոցով»,- ասաց նա։ 
Ծրագիրը հնգամյա է, կլինի մեկ միլիոն հինգ հարյուր հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհային ծրագիր, որի մեջ կներառվեն նաեւ խորհրդատվությունները։

Իսկ ֆերմերների ընտրությունը, ըստ նրա, կատարվելու է գործիքակազմի ուսումնասիրության միջոցով։