Նախկինների վերջին լավությունն ԱԺ աշխատակիցներին

Նախկինների վերջին լավությունն ԱԺ աշխատակիցներին

Ազգային ժողովի թվով 60 մաքրուհիներ երեկ խորհրդարանում բողոքի ակցիա էին կազմակերպել, նրանք հայտարարեցին գործադուլ անելու մասին։ Մաքրուհիները վրդովված են իրենց աշխատավարձերը կրճատելու` 40 հազար դրամ դարձնելու փաստից։ Բանն այն է, որ ԱԺ նախկին աշխատակազմը տարեվերջին՝ դեկտեմբերին, պայմանագիր է կնքել «Քլիներս» ՍՊԸ-ի հետ, եւ ըստ պայմանագրի՝ կատարող ընկերության վրա դրվել է պարտավորություն, որ վերջինս պետք է ԱԺ մաքրուհիներին (60 հոգի) ընդունի աշխատանքի նույն պայմաններով եւ վճարի առնվազն 105 հազար ՀՀ դրամ աշխատավարձ: Նշված 105 հազար դրամ աշխատավարձը շուրջ 25 հազարով ավելի է, քան մինչ այժմ  ստանում են մաքրուհիները: 

Նշենք, որ մաքրության ծառայությունների մատուցման համար մրցույթը տեղի է ունեցել դեկտեմբերի 11-ին, մեկնարկային գումարը եղել է 79 մլն դրամ, նշված ընկերությունը շահել է 68 միլիոնով։ Մաքրուհիների ներկայիս պայմանագրերի ժամկետը ԱԺ-ի հետ լրանում է մարտի 31-ին, որի մասին նրանք դեռեւս փետրվարի 19-ին պատշաճ ծանուցվել են, ինչպես նաեւ տեղեկացվել են մասնավոր ընկերության, այսինքն՝ «Քլիներս» ՍՊԸ-ի հետ աշխատանքային պայմանագիր կնքելու մասին։ Սակայն  ընկերությունն ԱԺ ղեկավարության հետ ունեցած նոր համաձայնությամբ որոշել է, որ մաքրուհիները ոչ թե 105 հազար դրամ պետք է ստանան, այլ՝ 40 հազար։ «Հաշվի առնելով, որ մաքրուհիների մեծ մասն աշխատում է օրական 2-3 ժամ` նշյալ ընկերությունը նրանց ԱԺ կգործուղի կես դրույք աշխատավարձով։ Վերոնշյալ կազմակերպությունը` ԱԺ աշխատակազմի հետ համաձայնեցված, առաջարկում է օրվա մնացած ժամերին մաքրուհիներին ապահովել աշխատանքով այլ ընկերություններում, որի հետեւանքով նրանց ամսական աշխատավարձը կարող է կազմել ավելին, քան այժմ է։ «Քլիներս» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագիրն Ազգային ժողովի աշխատակազմը համարում է ավելի օպտիմալ տարբերակ թե՛ պետբյուջեի ծախսերի կրճատման, թե՛ կառավարչական ռեսուրսի խնայման առումով»,- երեկ պարզաբանեցին ԱԺ-ից: 

ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանն ԱԺ պարզաբանման առիթով մեզ ասաց․ «Ես ունեմ համոզմունք, որ ԱԺ աշխատակազմը պետք է պաշտպանի իր աշխատողների շահերը, պայմանագիրը դրա համար տալիս է ամբողջ գործիքակազմը։ Պայմանագրում հստակ ամրագրված է պայմանը, որ եթե մաքրուհուն առաջարկ է անում, որից ինքը հրաժարվում է, ապա կազմակերպությունը պարտավոր է մեր առաջադրած պայմաններով ընդունել աշխատանքի՝ 105 հազար դրամով, հակառակ դեպքում աշխատակազմն իրավունք ունի ասելու, որ չես պահում կանոնը 60 հոգու համար, որ ինչպես պայմանագրում է նշվում՝ հենց 60 հոգին պիտի իրականացնի ԱԺ մաքրությունը»։ Խոսելով ԱԺ աշխատակազմի պարզաբանման այն շեշտադրման մասին, որ իրենց առաջարկած տարբերակն «օպտիմալ տարբերակ է թե՛ բյուջեի ծախսերի կրճատման, թե՛ կառավարչական ռեսուրսի խնայման առումով», Բաբայանը նշեց․ «ԱԺ աշխատակազմն արդեն ընտրել է այդ օպտիմալ տարբերակը, դրա հիման վրա կազմվել է պայմանագիր, եւ արդյունքում ստացել ենք խնայողություն։ Հիմա ԱԺ աշխատակազմը չի կարող ոչինչ անել, քան 68 մլն դրամը վճարել»։ Բաբայանի խոսքով՝ խնայողության մասին խոսք լինել չի կարող։

Որոշ տեղեկություններով՝ ԱԺ նախկին ղեկավարությունը կանխատեսել է, որ նոր իշխանությունները հնարավոր է օպտիմալացման արդյունքում գործազուրկ դարձնեն ԱԺ մաքրուհիներին,  որոշել են վերջին լավությունն անել՝ հստակ պայմաններ ֆիքսելով։ Ավելին, մեր տեղեկություններով, նրանք իրավունքի պաշտպանության «մաստեր կլասներ» են անցկացրել մաքրուհիների հետ եւ նախապատրաստել անցանկալի զարգացումներին։ Ի դեպ, պայմանագիրն ուժի մեջ է մինչեւ 2019 թվականի դեկտեմբերի 31-ը: