Վահեն ստացավ 99 ձայն․ ինչի՞ մասին է դա վկայում

Վահեն ստացավ 99 ձայն․ ինչի՞ մասին է դա վկայում

ԱԺ-ում 99 կողմ, 22 դեմ հարաբերակցությամբ փաստաբան Վահե Գրիգորյանի ընտրությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ոմանց համար կարող է անակնկալ համարվել, ոմանց համար՝ ոչ։ 
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը, ի պատասխան մեր հարցին, թե անակնկա՞լ էին իր համար ընտրության արդյունքները, նշեց․ «Ոչ, անսպասելի չէր նման ելքը, որովհետեւ Վահե Գրիգորյանն իր մասնագիտական հմտություններով, փորձառությամբ, նախկինում իր ծավալած գործունեությամբ ապացուցել է, որ ինքն արժանի է հավակնելու ցանկացած պաշտոնի, այդ թվում նաեւ՝ ՍԴ դատավոր լինելու։ Եվ նա, որպես պրոֆեսիոնալ, պետք է պետական կառավարման համակարգում իր արժանի տեղն ունենա։ Ես կարծում եմ, որ այդ 99 ձայները վկայում են, որ Վահե Գրիգորյանն ԱԺ խմբակցությունների հետ հանդիպումների եւ ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ կարողացավ համոզել, որ 99 պատգամավոր կողմ քվեարկեն իրեն։ Իսկ որ «Իմ քայլը» խորհրդարանում մեծամասնություն է կազմում, դա ո՛չ «Իմ քայլ»-ի մեղավորությունն է, ո՛չ էլ ձեռքբերումը։ Եվ, բնականաբար, բոլոր ինքնավար մարմինների ընտրության հարցում վճռորոշ է լինելու խորհրդարանի մեծամասնության կարծիքը։ Մենք 88 հոգի ենք, Վահե Գրիգորյանը ստացավ 99 ձայն, դա ինչ-որ բանի մասին վկայում է։ Նորմալ ընթացակարգ է, ԱԺ-ին տրված իրավունք»։

Բարձրագույն դատական խորհրդից հինգ հոգի հրաժարական է ներկայացրել, սա չի՞ գուժում դատական համակարգում առաջացած ճգնաժամի մասին։ Հերիքնազ Տիգրանյանը հիշեցնում է․ «Դատական համակարգում ճգնաժամ առաջացել է վաղուց, ԲԴԽ-ում տիրող վիճակն էլ դրա վառ ապացույցն է, նոր բան չկա։ Ես արտառոց ոչինչ չեմ տեսնում այդ հրաժարականներում, ուղղակի համակարգը գնում է առողջացման ճանապարհով»։