Ինչպես հայտնվեց Աբո Պողիկյանը Սիվիլնեթում

Ինչպես հայտնվեց Աբո Պողիկյանը Սիվիլնեթում

ՀՅԴ երկարամյա անդամ, 2018 թվականին դաշնակցությունից հեռացված Աբո Պողիկյանը նշանակվել է Վարդան Օսկանյանի հիմնած «Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն և «Սիվիլնեթ» լրատվական հարթակի ղեկավար: Բավականին տարօրինակ անցում է, մանավանդ եթե հաշվի առնենք, որ արևմտյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեն փորձում էր վերականգնել նրա անդամությունը և նման առաջարկ էր արել վերջին ընդհանուր ժողովին, սակայն հարցը չէր մտել օրակարգ: Իսկ հեռացման պատճառը իր խմբագրած «Ասպարեզ» թերթում տպագրված մի քանի հոդվածներ էին, որոնք կուսակցության գծին դեմ էին եղել: Նրան կուսակցությունից հեռացրել էր Բյուրոն, իսկ Լոս Անջելեսի կոմիտեն ճիշտ հակառակը՝ պայքարում էր դրա դեմ:

Ուշագրավ է, որ արդեն տևական ժամանակ է ՀՅԴ արևմտյան Ամերիկայի և հայաստանյան կառույցի դիրքորոշումները շատ հարցերում տարբերվում են: Եթե անցյալում ամերիկյան ընկերները հակաիշխանական էին, ապա այսօր խիստ իշխանական են դարձել և Աբո Պողիկյանի Սիվիլիթասում հայտնվելն էլ պետք է բացատրել դրանով: Ինչպես նաև Սիվիլիթասի արդեն նախկին տնօրեն Սալբի Ղազարյանի հետ մտերմությամբ, ում երաշխավորությամբ էլ, ըստ ամենայնի, նա նշանակվել է:

Այս նշանակումը ուշագրավ է նաև նրանով, որ Սիվիլիթասն առանձնապես աչքի չի ընկել պրոդաշնակցական պահվածքով և հետաքրքիր է, թե առաջիկայում ինչ քաղաքականություն կորդեգրի նոր խմբագիրը: Առհասարակ, չնայած արտաքուստ լավ ընտրություն է կատարվել՝ Աբո Պողիկյանը «Երկիր» օրաթերթի հիմնադիրն է, իսկ «Ասպարեզը» սփյուռքի ամենահաջողված հայալեզու թերթերից մեկն է, սակայն հայկական իրականությունը շատ է տարբերվում և հայաստանյան մամուլն ու սփյուռքի մամուլը միանգամայն տարբեր իրողություններ են և փաստ չէ, որ Սիվիլնեթն այս նշանակումից շահելու է: Ամեն դեպքում շնորհավորում ենք մեր գործընկերոջը և հաջողություններ մաղթում: