Քոչարյանի գործով դատավորի անսպասելի որոշումը․ նա հեռացավ որոշում կայացնելու

Քոչարյանի գործով դատավորի անսպասելի որոշումը․ նա հեռացավ որոշում կայացնելու

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով մեղադրանքի կողմի ներկայացրած բողոքների քննությանը Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը նշեց, որ ինքն այս փուլում ցանկանում է միջնորդությամբ հանդես գալ, այնուհետեւ հանդես կգա ելույթով։
Մեղադրող կողմը առարկեց՝ նշելով, որ դատարանը պետք է պահպանի սահմանված ձեւաչափը, տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը եւ իրավահաջորդները միացան դատախազության դիրորոշմանը։ Տուժողները եւս միացան նրանց։

Նախագահող դատավոր Արմեն Դանիելյանը անսպասելի որոշում կայացրեց։ Նա նշեց․ «Նկատի ունենալով, որ պաշտպանական կողմի վարքագիծն ուղղված է, իմ դիտարկմամբ, դատական նիստի բնականոն ընթացքը խաթարելուն, դատական նիստն անհարկի ձգձգելուն, ըստ էության իրենց վերապահված իրավունքների իրացումից հրաժարվելուն, ելնելով արդարադատության  արդյունավետ շահերից, դատական ստուգումը հայտարարում եմ ավարտված, դատարանը հեռանում է խորհրդակցական սենյակ՝ դատական ակտեր կայացնելու։ Այն կհրապարակվի հունիսի 25-ին, ժամը 16:00-ին»։

Որոշումը հրապարակելուց հետո Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանն ասաց, որ ուզում են ելույթ ունենալ, դատավորը կրկնեց՝ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ։

Նշենք, որ նախատեսվում էր այսօր բողոքների վերաբերյալ լսել բոլոր պաշտպանների առարկությունները, սակայն այսօր ելույթով հանդես եկան միայն Սեյրան Օհանյանի եւ Յուրի Խաչատուրովի պաշտպանները։ Երեկ էլ մեղադրանքի կողմը ներկայացրել էր Վերաքննիչ բողոքները։

Հիշեցնենք՝ մեղադրող կողմը բողոքարկել էր Առաջին ատյանի դատարանի որոշումն, ըստ որի՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատել էր Արցախի ներկայիս եւ նախկին նախագահների անձնական երաշխավորությամբ, ապա գործի քննությունը կասեցրել էր՝ այն ուղարկելով Սահմանադրական դատարան։