Ո՞վ է այդ երջանիկը
Կարող ենք հարցում անել` պարզելու համար, թե ով է այս օրերին Հայաստանում իրեն զգում ապահով, անվտանգ, երջանիկ: Ով է համարում, որ այժմ ավելի բարեկեցիկ է ապրում, քան նախկինում, ավելի շատ ազատություն ունի, քան անցյալում: Մի շտապեք ասել` ոչ ոք: Կա մարդկանց մի խումբ` իշխանավորների, նրանց մերձավորների եւ համակիրների, որոնց կյանքի որակը 5 տարի առաջ ավելի ցածր էր, քան այսօր: Նրանց եկամուտներն ու բարեկեցությունը, անշուշտ, աճել են, բայց երջանկության, ապահովության եւ ազատության զգացումը, վստահաբար, նվազել է:
Եթե կա մարդ, որն այսօրվա Հայաստանում իրեն անվտանգ է զգում, տեսնելով Արցախից Հայաստան տեղափոխված իր հայրենակիցներին` երջանիկ է, նաեւ բավարարված է իր եւ բոլոր ՀՀ քաղաքացիների ազատության մակարդակով, ուրեմն այդ մարդու մոտ մի բան այն չէ: Գուցե մանկության տարիներին նրան բակում շատ են ծեծել, եւ նա ատում է բոլոր տղամարդկանց ու նրանց մա՞հն է ցանկանում: Գուցե մանկությունն անցել է չքավորության մեջ, եւ հարեւանի` հեծանիվ ունեցող երեխան նրա մտքից չի գնում, եւ նա երազում է, որ բոլորն ապրեն աղքատության մե՞ջ:
Հնարավոր է, որ արցախցի մի պաշտոնյա 2000-ին նրան վիրավորել է, ինչ-որ հարցում մերժել, եւ նա Արցախի կործանումը համարում է արդար պատի՞ժ բոլոր արցախցիների նկատմամբ: Դժվար է ասել: Բայց նորմալ մարդիկ հաստատ իրենց չեն կարող լիարժեք լավ զգալ այսօրվա Հայաստանում, որքան էլ բարձր ամբիոններից Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմակիցները դա ներշնչեն նրանց: Վստահ եմ` անգամ իշխանության մեջ գտնվող մարդկանց մեծ մասն իրենց լավ չեն զգում. ապագայի հանդեպ վախեր ունեն, իրենց բարեկեցությունը կորցնելու անհանգստություն: Մտավախություն, որ ինչպես անսպասելիորեն հայտնվել են ալիքի վրա, այնպես էլ ալիքի տակ կանցնեն մի օր:
Կարծիքներ