Ռեստորանի տիրոջ որդիներն են եղել

  Ռեստորանի տիրոջ որդիներն են եղել

Արդեն տեղեկացրել ենք, որ հունվարի 1-ի գիշերը Ղազախստանի Կարագանդա քաղաքում՝ «Հին Հռոմ» ռեստորանում տեղի է ունեցել մասսայական ծեծկռտուք։ Դեպքի վայրում հայտնաբերվել է 1995 թ.-ին ծնված Ժանսեյթ Ռախիմջան Բախիտջանուլիի դիակը։ Ստացված տվյալների արդյունքում պարզվել է, որ այդ գիշեր 9 հոգանոց ղազախների ընկերախումբը վիճաբանության է բռնվել հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ, որոնց էլ պատկանում է «Հին Հռոմ» ռեստորանը: Բախումը վերածվել է ծեծկռտուկի, որին խառնվել են ռեստորանի գրեթե բոլոր հյուրերը: Ղազախները տեսնելով հայերի առավելությունը, կանչել են իրենց ընկերներին, ովքեր ժամանել են ռեստորան 3 ավտոմեքենաներով: Վկաների խոսքերով, կռվին մասնակցել է շուրջ 30-35 մարդ, որոնցից շատերի ձեռքին եղել է ձողեր ու մետաղյա բռնակներ: Կռվի արդյունքում հայկական սփյուռքի ներկայացուցիչներից ոչ մեկը լուրջ վնասվածքներ չի ստացել, բայց ղազախների մեջ կա 1 զոհ եւ 2 դանակահարված։ Ղազախստանի հայ համայնքի քարտուղար Սահակ Սալումյանը  hraparak.am-ի հետ զրույում ասաց, որ կատարվածը պարզապես խուլիգանություն է, վիճակը լարված է Կարագանդայում, սակայն համագործակցում են տեղի իրավապահների հետ․ 
«Կարագանդայում է կատարվել, մեր երիտասարդներն են արել, շատ սխալ քայլեր  են արել։ Հիմա աշխատում ենք , այդ ամենը ներքին գործերի նախարարության, դատախազության միջոցով փորձում ենք լուծել, որ սխալ բաներ չասեն, թե ազգային հարցով է եղել, խուլիգանություն է եղել,  հասարակ խուլիգանություն։ Ես Կարագանդայի իրավապահների հետ եմ շփվել, ներկայումս շատ լարվածություն չկա, Աստանայում ամեն բան նորմալ է, հիմնական խնդիրը Կարագանդայում է, իրավապահները փորձում են ամեն ինչ անել, աշխատում են, որ ամեն բան հարթվի և խնդիրներ չլինեն» ։
Սալումյանը նաև փոխանցեց, որ ծեծկռտուքին մասնակից են եղել ռեստորանի տիրոջ որդիները․
«Հարբած են եղել, խոսակություն է սկսվել, սկսել են իրար անպատվել, դե մեր ջահելներին էլ Դուք գիտեք , տաքարյուն են։ Մեկ- երկուս, իրար խփել են, շատ սխալ բան են արել։ Նոր տարվա արարողություն է կատարվել, շուրջ երկու հարյուր հոգի հայեր են եղել՝ երեխաների ու կանաց հետ։ Փոխանակ այդ ամենը կանխարգելեին, ավելի շատ են բան արել։ Ռեստորանը հայի է եղել, ծեծկռտուքի մասնակիցներն էլ ռեստորանի տիրոջ որդիներեն են եղել» ։