Քոչարյանի խոստովանությունը

Քոչարյանի խոստովանությունը

Մամուլում հատվածներ են հրապարակվում Ռոբերտ Քոչարյանի ինքնակենսագրական գրքից: Մի բաժին նվիված է 1998-ի իշխանափոխությանը: Ու թեեւ հուշագրողը փորձել է իրավիճակը ներկայացնել այնպես, որ առաջին նախագահի հրաժարականը քաղաքական օրինաչափություն էր եւ դա հիմնավորել ինչ-ինչ փաստարկներով, նրա մոտ ստացվել է ճիշտ հակառակը՝ որ Տեր-Պետրոսյանն իշխանությունից հեռացել է Ռոբերտ Քոչարյան-Վազգեն Սարգսյան-Սերժ Սարգսյան եռյակի պահանջով: Եւ որ նախագահի պաշտոնում ի սկզբանե էլ քննարկվել է մեկ՝ Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը: Ահա թե ինչ է գրում նա. «Մեզ պետք էր մարդ, որ կկարողանար հաղթել ընտրություններում: Ընդ որում, ղարաբաղյան վեճի առումով պիտի կիսի մեր դիրքորոշումը... Բայց հայտնի հանրային գործիչների մեծամասնությունն այն ժամանակ Տեր-Պետրոսյանի կողմից էին...»: https://hraparak.am/post/619364312 Սա նման է խոստովանության՝ հանրային գործիչների մեծամասնությունը Տեր-Պետրոսյանի կողմնակիցներն էին, հետեւաբար չկար առաջին նախագահի հրաժարականի հանրային պահանջ: Ամեն ինչ որոշել, ծրագրել եւ նախագահի առջեւ խնդիրը ձեւակերպել է եռյակը՝ կամ մեզ ես հեռացնում, կամ հեռանում ես ինքդ: Այսինքն, տեղի է ունեցել դասական պալատական հեղաշրջում, երբ ուժային երկու նախարարները՝ Վազգեն Սարգսյանը եւ Սերժ Սարգսյանը, դավաճանել են գերագույն գլխավոր հրամանատարին եւ անցել դեպի բարձրագույն իշխանություն ձգտող վարչապետի՝ Ռոբերտ Քոչարյանի կողմը՝ նախագահին դնելով ծանրագույն երկընտրանքի առջեւ՝ գնա՞լ քաղաքացիական պատերազմի, թե՞ հեռանալ իշխանությունից: Տեր-Պետրոսյանն ընտրել է երկրորդ՝ անցնցում, անարյուն հրաժարականի տարբերակը՝ երկրի եւ ժողովրդի շահը բարձր դասելով կուսակցականից եւ անձնականից:

Դեպքերից քսան տարի անց Ռոբերտ Քոչարյանը կարող էր գնահատանքի եւ, ինչու չէ, նույնիսկ երախտագիտության մի քանի խոսք ասել առաջին նախագահի հասցեին, որովհետեւ եթե նա այլ որոշում ընդուներ, ապա ինչպե՞ս կդասավորվեր իր հետագա ճակատագիրը՝ ոչ ոք չէր կարող գուշակել: Բայց Քոչարյանն իր ամպլուայի մեջ է նա հուշագրության ժանրում՝ ցույց տալ, որ ինքը ճակատագրական պահին չի խուսափել պատասխանատվությունից եւ հնարավորինս նեգատիվով ներկայացնել Տեր-Պետրոսյանին, որ նոթատետր էր պահում եւ այնտեղ գրառում օրվա իրադարձությունները: Այդուհանդերձ, ուշադիր ընթերցողը կնկատի եւս մի կարեւոր հանգամանք՝ որ եռյակը ճնշում է գործադրել խորհրդարանի նախագահ Արարաքցյանի, մի քանի այլ առանցքային պաշտոնյաների վրա՝ համոզելու, որ մնան եւ այդպիսով լեգիտիմացնեն փաստացի պետական հեղաշրջումը: Ոչինչ չի ստացվել՝ Տեր-Պետրոսյանի հետ հեռացել է նաեւ նրա տեսակետը պաշտպանող՝ պետական-հանրային գործիչների մեծամասնությունը: Եւ եռյակը ստիպված է եղել գնալ Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը 1989թ. դեկտեմբերի 1-ի որոշմամբ «հիմնավորելու» ճանապարով՝ ծանրագույն վնաս հասցնելով Հայաստանի պետականությանը, նրա միջազգային վարկանիշին: Ռոբերտ Քոչարյանն ակամա խոստովանում է նաեւ, որ նախագահության բոլոր տարիներին իրեն հետապնդել է ոչ լեգիտիմության ուրվականը: Բայց այդպես էլ չի հիմնավորում, թե հանուն ինչի՞ է արվել 1998-ի փետրվարյան հեղաշրջումը: